Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ նվիրված հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանն ու մշակութային կապերին

Հոկտեմբեր 29,2026 13:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կայացավ «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը: Այն նվիրված էր հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանն ու մշակութային կապերին:

Երեկոյի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Համերգային ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը և Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը, Ջուզեպպե Վերդիի նախերգանքը «Սիցիլիական ժամերգություն» օպերայից, Կլոդ Դեբյուսիի «Ծովը»։ Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է աշխարհահռչակ դաշնակահար Ալիս Սառա Օտտը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մեր օրերի ամենաառաջադեմ դասական երաժիշտներից Ալիս Սառա Օտտն առաջին անգամ էր Հայաստանում։ Ներկայացնելով իր տպավորությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունից՝ դաշնակահարը նշում է, որ վերջիններս չափազանց ազատ են երաժշտություն ստեղծելիս։ «Բոլորն այնքան ճկուն են ու հետաքրքրված երաժշտություն արարելով, որ մեծ էներգիա են հաղորդում ու ներշնչում մենակատարին։ Որպես մենակատար՝ փորձում եմ կլանել նաև նվագախմբի էներգիան։ Ամեն ինչ շատ ավելի հաճելի է դառնում, երբ բոլորը նայում են միմյանց և ակնհայտորեն վայելում երաժշտությունը»,- ասում է Ալիս Սառա Օտտը։

Ալիս Սառա Օտտը կատարել է Բեթհովենի կոնցերտներից շատերը։ 4-րդ կոնցերտը նա նվագում էր առաջին անգամ, և ինչպես ինքն է նշում, իր համար այն դաշնամուրային ռեպերտուարի գագաթնակետ համարվող գործերից է։ Նա Բեթհովենին համարում է հնչյունների ճարտարապետ։ Ըստ Ալիս Սառա Օտտի՝ Բեթհովենը հնչյուններով սենյակներ ու տարածություններ է ստեղծում, և դա երկխոսություն է տարածության ու մարդկանց միջև։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերն է GTB Capital-ը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել