Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վիրուսներն ու հակամարմինները

Նոյեմբեր 06,2021 10:00

Վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ մեր հասարակության խնդիրներն ավելի լուրջ են, ավելի խորքային, քան պարզապես այս կամ այն իշխանության հեռանալը կամ մնալը:

Այն հանգամանքը, որ թագավարակից մահացածների թվով մենք (բնակչության չափը հաշվի առնելով) առաջիններից մեկն ենք աշխարհում, իսկ պատվաստվածների թվով վերջինն ենք, չի կարող բացատրվել միայն իշխանության կամ ընդդիմության գործողություններով: Դա հասարակության խորը եւ շատ դժվար բուժելի հիվանդության դրսեւորում է: Ինչպես եւ ցանկացած այլ հիվանդության դեպքում պետք է հասկանալ, թե որտեղ եւ ինչպես են կարող «հակամարմիններ» ձեւավորվել:

Առաջներում, կարծում եմ, «հակամարմինները» երեւում էին: Ես դրանք տեսնում էի «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան» եւ այլ հասարակական շարժումների մեջ: Ես տեսնում էի կրթված, նորմալ աշխատանք ունեցող մարդկանց (հիմնականում՝ երիտասարդների), որոնք իրենց առաջ դրել էին ոչ թե ինչ-որ մեկին պատժելու, ինչ-որ մեկից վրեժ լուծելու, այլ իրապես նոր Հայաստան կառուցելու խնդիրը: Բնական է, որ այդ երիտասարդների մեծ մասը մասնակցում էր նաեւ 2018 թվականի հեղափոխությունը: Որտե՞ղ են հիմա այդ մարդիկ: 98 տոկոսը հեռացել է հասարակական ասպարեզից, 2 տոկոսը դարձել է պատգամավոր կամ չինովնիկ, եւ այսօր ՀՀԿ-ական չինովնիկներից եւ պատգամավորներից ոչնչով չի տարբերվում:

Հակամարմինները, հետեւաբար, հասարակական օրգանիզմից վերացան եւ օրգանիզմը շարունակում է խժռել վիրուսը, որը գոյություն ունի 30 տարի: Իշխանությունները ոչ միայն չուժեղացրին իմունիտետը, այլեւ նպաստեցին վիրուսի տարածմանը: Ինչպես հայտնի է, ամենահիմար բանը, որը կարելի է անել կորոնավիրուսի ժամանակ, հակաբիոտիկներ ընդունելն է՝ դրանով հիվանդներն ուղղակի կերակրում են վիրուսին:

Ճիշտ նույն ձեւով 2018 թվականից հետո հասարակական հիվանդությունը խորացնելու միջոց դարձավ ատելության քարոզը: Ես սկզբնական շրջանում զգուշացնում էի իմ իշխանական բարեկամներին, որ դա լավ չի վերջանա, բայց նրանք ասում էին, որ ես ինձ պահում եմ Լեոպոլդ կատվի նման: Ինչ-որ տեղ հասկանում եմ նրանց. հասարակության որակյալ մասը, որը սատարում էր նրանց՝ «հակամարմինները», այլեւս չկան, իսկ անորակ հասցեատիրոջը հենց այդ քարոզն է պետք: Հանուն արդարության ասեմ, որ եթե այդ քարոզը, վարչապետի խելահեղ «լայվերը» չլինեին, միեւնույն է, հիվանդությունն ինքն իրեն չէր բուժվի: Պետք էին առողջացմանն ուղղված հատուկ ջանքեր, որոնք չձեռնարկվեցին՝ չնայած դրա շանսը կար:

Իսկ որո՞նք են վիրուսի տարածման նշանները: Դրանք ամեն օր աչքներիս առաջ են: Պատերին «շեֆի» նկարները նորից կախելը, նախկին ՀՀԿ-ական «տասովշիկներին» ՔՊ-ի համար աշխատեցնելը, նախկին ՀՀԿ-ական գյուղապետերին ՔՊ համամասնական ցուցակում ներառելը, մրցույթով յուրայիններին «չալաղաջ» պետական պատվերներ տալը, ԶԼՄ-ների դեմ մեկը մյուսի հետեւից օրենքներ ընդունելը: Սրանք վիրուսի դրսեւորումներն են: Իսկ նոր հակամարմիններ առայժմ չեն երեւում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Armen says:

    Որպեսզի օրգանիզմում հակամարմիններ ստեղծվեն, անհրաժեշտ է վիրուսի առաջացման պատճառները ուսումնասիրել: Իմ համոզմամբ վիրուսի առաջացումը և տարածումը շատ երկար ճանապարհ է անցել՝ երբ մի երկրի ղեկավարները մի սերնդի ժամանակահատվածում մտածել են առաջին հերթին ինչքան և ինչպես հարստություն կուտակել, ինչպես «առնել» և «փչացնել» քաղաքական ու մշակույթի գործիչներին, այդ գործում անսահմանափակ արտոնություններ տալով նեմեցների, լիսկաների, թոխմախների, շմայսների,….. նմաններին և հետո մտածել, թե որտեղից վիրուսը մեր ժողովրդի մո՞տ: Մի բան աներկբա է՝ հակամարմինների ստեղծումը և օրգանիզմի առողջացումը շատ երկար և աշխատատար գորընթաց է պահանջելու:

    • Հ.Շ. says:

      Հարիւր հազար, վեց հարիւր ութանասուն ութը հազար անգամ նոյն բանը կրկնեցէք, մէկ ա, դուք ձեզ միայն կրնաք թերեւս համոզել, այսինքն՝ խաբել, այդ արդէն հնամաշ, անհեթեթ հանկերգով:

      Նեմեցների-մեմեցների ժանականերուն չէ, որ կորսնցուցինք Արցախը: Ոչ ալ, ձեր այդ յեղափոխութեան յաջորդ ամիսը…

      Իսկ Արցախը կենսական մխիթարանք մըն էր, էական սփոփանք մը, շմայսներ-մմայսները գոյութեան ի դէմ:

      Առանց Արցախի, ոչ մի բան էլ չի դարմանուիր: Այլ կը մնայ միայն մնայուն, տեւաբար թաց ու թարախոտող վէրք մը, եւ ժամանակի հետ նաեւ աճող ՝ ո՛խ, հայերի միջեւ:

      Թուրքերին հետ իսկ եթէ կարողանաք իսկապէս հաշտուիլ, բիւրաւոր հայերի հետ՝ չէք կարա:

  2. Լավատես says:

    Մարդ իր մեջ պետք է լիքը սեր ունենա, որ կիսվի իր այդ սիրով հեռավորի թե մերձավորի հետ, մարդ պետք է լիքը փող ունենա, որ այդ փողից բաժին հանի հարուստի թե աղքատի համար, մարդ պետք է ուժեղ լինի, որ կարողանա աջակցել ուժեղին թե պաշտպանել թույլին: Բայց ի՞նչ օգուտ հարուստից կամ ուժեղից, եթե նրանց մեջ սեր չկա` ինչքան էլ հարուստ կամ ուժեղ լինի, կամ շատ սիրուց, եթե լողալ չգիտես ու չես փրկի խեղդվողին, ինչքան էլ շատ սիրես: Այս բոլոր լավ հատկությունները պետք է դաստիարակվեն միաժամանական եւ համաչափ, որը հնարավոր է միայն ընտանիքում, բայց ոչ թե սովորական մեկ երկու երեխայով, այլ հենց քաղաքի պայմաններում տասը եւ ավել, երբ ավելի մեծ երեխաները պաշտպանում եւ դաստիարակում են իրենցից փոքրերին կամ դետսադ մանկապարտեզ տանում բերում, իսկ ծնողները ավելի գլոբալ ընտանեկան հարցեր են լուծում, այդ թվում պապիկ տատիկներին էլ մեծ տարիքում տանում բերում են դեդսադ՝ պապիկ տատիկների համար պարտեզ, նման բան միգուցե չկա աշխարհում, թող առաջինը մեզ մոտ լինի: Հզոր պետությունը՝ դա հզոր բազմաընտանիք համայնքներն են, հզոր համայնքները՝ դա հզոր բազմազավակ ընտանիքներն են: Մեր խելոքները պետք է համակարգային լուծումներ տան սկսած ամենակարիքավորից՝ միայնակ ընտանիքի անդամներին ու բազմազավակ ընտանիքներին, իսկ հետո այդ լուծումները փոխանցեն մեր պատգամավորներին, իսկ նրանք էլ՝ Կառավարությանը: Եկեք սկզբից կառուցենք ազգ, իսկ պետությունն ազգի պահանջով կկառուցվի:

  3. Հ.Շ. says:

    27 տարիներ, այո, մանրեները տեւաբար տկարացուցին, մաշեցուցին օրգանիզմը:
    Սակայն զայն զգետնող վիրուսը, յայտնուեցաւ 2018ի գարնան:

    Պատուաստին համար ուրեմն, արդէն ուշ է:

    Իսկ հիմնական դարմանը, տակաւին չկայ: Սակայն կան, գոնէ ախտանշանները մեղմացնող դեղեր:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Վիրուսն իր առաջին ներթափանցման փորձն արեց 1998-ին, բայց հայտնի ուժերը հակամարմինները կանխեցին դա. դե գիտեք՝ պինցետով-բանով բռնեցին ու դեն նետեցին, տնական օղիով էլ դեզինֆեկցիա արեցին-պրծան: Վիրուսը ժամանակավորապես սսկվեց, բայց չվերացավ եւ օգտվելով իր տարածման համար բարենպաստ պայմաններից՝ նորից ի հայտ եկավ 2008-ին: Հետեւանքները իհարկե ծանր էին, բայց ոչ աղետալի. ճղճղան վիրուսի հոգին չկարողացավ փառավորվել, մի որսորդ հակամարմին խառնեց վիրուսի ազգակործան պլանները:

    Սակայն նոր ստեղծված պայմաններում վիրուսը սկսեց ավելի զորեղանալ՝ այժմ նրա գենետիկական մատերիալը հարստացավ մարտիմեկով, դատա-իրավական քաշքշուկներով, հայտնվեցին վիրուսի սնուցման նորանոր աղբուրներ ու շղթաներ, կատարվեցին տարօրինակ կետային մուտացիաներ, եւ վերջապես եկավ 2018-ը՝ թավշյա, ոչ-բռնի, ժողովրդական վիրուսի տարին: Վիրուսը՝ քայլարած, թարմացած, թրծված, կատարելագործված, էվոլյուցիոն առավելություններով զինված, իսկ հակամարմին պարզվեց, որ ընդհանրապես չկա: Ով պետք է հակամարմին լիներ, հասցրել էր մինչ այդ արդեն այնքան հիմարություններ անել, այնքան անզգույշ ու անփույթ էր վարվել իր այդ հաճախորդ վիրուսի հետ, որ ի վերջո ստիպված էր դեռ մի բան էլ հայտարարել, թե իբր վիրուսը ճիշտ է, իսկ հակամարմինը՝ սխալ, ու վախկոտաբար լքել ինֆեկցիոն մարտի դաշտը…

    Լեւոնանիկոլիզմի վիրուսը շարունակում է իր ավերածություննները Հայաստանում, եւ եթե այս համավարակի տարածումը բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով չկանգնեցվի, ապա հայերը շուտով կարժանանան ասորիների ու ղպտիների ճակատագրին…

  5. Armen says:

    Հայրենիքում չապրելով որոշակի հարցերի վերաբերյալ թյուր կարծիք ունենալը հասկանալի է:
    Քառորդ դար անարդարության և սեփական իրավունքները պաշտպանելու անզորության մթնոլորտում ապրող ժողովրդի դիմադրողականությունը արտաքին մարտահրավերներին ուժեղ լինել չի կարող: Խոսքը դրա մասին է:

    • Հ.Շ. says:

      Այս Հայաստանի, իմ հայրենիքը չէ: Սակայն որպէս հայ ծագումով անձ, յատուկ կապեր կ’ուզէի հաստատել նրա հետ, օգնել ու զօրակցիլ նրան: Մինչեւ որ այլեւս, Արցախի կորուստէն ետք, ես ալ չդիմացայ իրականութեան: Ու հիմա էլ դեռ հետեւում եմ հիւանդի վիճակին, հոգեվարքին, պարզապէս իներցիայով:

      Հեռուէն որ զննես, լման անտառը կը տեսնես, մինչ մէջէն, հազիւ մի քանի ծառեր: Շատեր նոյնիսկ կը տեսնեն կոճղ մը միայն, եւ հազիւ իրենց քիթին ծայրը:

      Վայր մըն է, ուր հէնց այդ ժողովուրդի բնոյթին, խառնուածքին պատճառով, կայ միայն՝ «Ջունգլիի Օրէնք»ը:

      Հետեւաբար, այդ «սեփական իրավունքները պաշտպանելու անզոր» արարածը, եթէ ինք կարենար հակառակը անել, դերերը յեղաշրջել, ինք է որ զինք ուտողին՝ կ’ուտէր:

      Եւ այդպէս ալ անելու խմբային փորձ մըն էր արդէն, 2018ի գարունը: Սակայն որպէս դրա հետեւանք, լման ջունգլին է որ վառեցաւ, այրեցաւ: Սպիտակ Ֆոսֆորի տեղատարափի տակ: Բայց դեհ, գոնէ սեւ ֆոսֆոր չէր…

  6. Mher says:

    Կառավարությունն ու նրա համախոհները գիտե՞ն, թե որքան գումար են վատնում հարկատուները՝ տպելով վարչապետի նկարները։ Որևէ մեկը գիտի՞, թե ինչ արժե այս նկարը։ Նորմալ կառավարությունը, որը կրում է բարոյական բարձր մակարդակ և հարգում է ժողովրդավարական սկզբունքները, չի կախում վարչապետի նկարը յուրաքանչյուր գրասենյակում: Սա դավաճանություն է 2018 թվականի թավշյա հեղափոխության արժեքների դեմ։ Իմունային համակարգը հիմա արդեն հարձակվում է ինքն իրեն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930