Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ոչ միայն ԵԱՏՄ դիտորդ կդառնա, այլեւ ԵԱՏՄ անդամ»

Դեկտեմբեր 20,2021 13:00

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ դա այն գինն էր, որ ՌԴ-ն ստացավ Ադրբեջանից 44-օրյա պատերազմի ընթացքում իր չեզոքության համար:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում սկսել է քննարկվել Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն այս առիթով հայտարարել է՝ այդ հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում: Արմեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ եթե Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ շնորհվի, դա ի՞նչ հետեւանքներ կունենա, նա պատասխանեց. «Դա այն գինն էր, որ ՌԴ-ն ստացավ Ադրբեջանից 44-օրյա պատերազմի ընթացքում իր չեզոքության համար: Այս խաղը դեռեւս 2015-ին է սկսվել, երբ Ադրբեջանի այն ժամանակվա ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին հարցնում էին՝ արդյոք Ադրբեջանը կմտնի՞ ԵԱՏՄ, թե՝ ոչ, նա ասում էր՝ մենք կմտնենք, եթե Ղարաբաղի հարցը լուծվի: Այսինքն՝ ՌԴ-ին ակնարկ էր անում, որ օգնեք մեզ ետ բերել Ղարաբաղը եւ մենք կմտնենք ԵԱՏՄ: Այժմ այս բոլոր խոչընդոտները վերացել են, մնացել են վերջին շտրիխները, իսկ դա Ադրբեջանի կողմից պահանջվող սահմանագծումն ու սահմանազատումն է եւ մի շարք այլ հարցեր, որոնցից հետո Ադրբեջանը կմտնի ԵԱՏՄ»:
Ըստ Արմեն Վարդանյանի՝ այդ գործարքն արդեն իսկ բոլոր հնարավոր վատ հետեւանքներ ունեցել է մեզ համար: Հետաքրքրվեցինք՝ փաստորեն այս ֆոնին սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները կարագանա՞ն, նա պատասխանեց. «Շտապողականություն կլինի: Արհեստականորեն այդ գործընթացը առաջ է տարվում: Ռուսաստանը կփորձի արագ ճնշումների ենթարկել Հայաստանին այդ գործընթացը իրականացնելու համար»:

Մեր դիտարկմանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո ավելի շատ կոմունիկացիաների բացման մասին է խոսվում, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Մի քանի ուղղությամբ է գնում այդ խաղը: Միայն սահմանագծումն ու եւ սահմանազատումը չէ: Եթե սահման պիտի բացվի, Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ, նաեւ պետք է կոմունիկացիաները բացվեն, որ տնտեսական օգուտներն ավելի մեծ լինեն: Դրա համար մի քանի ուղղությամբ է գործընթացը առաջ տարվում: Իսկ ՀՀ-ն պետք է փորձի հնարավորինս մեծ տնտեսական օգուտներ քաղել իր համար»:
Խոսելով ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին՝ Արմեն Վարդանյանը եւս մեկ անգամ շեշտեց՝ Հայաստանը պետք է բանակցություններ վարի Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի ու մանրամասնեց. «Հայաստանը թույլ չպետք է տա, որ Թուրքիան Հայաստանի առաջ մեծ նախապայմաններ դնի: Պետք է փորձենք բանակցել այդ երկրի հետ: Մենք ունենք վատ հարեւան, որը ունի ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը, մեծ տնտեսություն, ագրեսիվ է: Պետք է փորձենք նրա հետ բանակցել: Այստեղ էլ կարեւոր է խելացի դիվանագիտության գործոնը: Ճկունություն պիտի ցուցաբերենք, որպեսզի հասնենք նրան, որ Թուրքիային որեւէ զիջում չլինի: Պետք է փորձենք հարաբերությունները կարգավորել, մեր շահը առաջ մղել, բայց դա չպետք է լինի միակողմանի զիջումների հաշվին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031