Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը բանակցությունների ընթացքում, վստահաբար, Հայաստանին փակուղու առաջ է կանգնեցնելու․ «Ազգ»

Հունվար 22,2022 10:05

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպեցին առաջին անգամ՝ նպատակ ունենալով շուտով պաշտոնական բանակցություններ սկսել երկու պետությունների միջեւ: Հանդիպումը ողջունեցին աշխարհի տարբեր կողմերում: Նույնիսկ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ օրեցօր սաստկացող լարվածության ներկա ժամանակահատվածում, երկու հակառակորդ պետությունների արձագանքները միահունչ էին:

Մ. Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ այլ կառույցներ ողջունեցին նախաձեռնությունը, հատկապես երբ Հայաստանն ու Թուրքիան միանման հայտարարություններով հանդես եկան այն մասին, թե հանդիպումը կայացել է դրական մթնոլորտում, երկու կողմերի կառուցողական մոտեցումների պայմաններում:

Անշուշտ, այս հրապարակային հայտարարությունները շատ բան չեն նշանակում, որովհետեւ առայժմ ոչ ճանապարհային քարտեզ կա, ոչ էլ օրակարգ՝ սկսելու իրական բանակցությունները:

Մերձեցման այս բանակցությունները նախաձեռնել էին Մոսկվան ու Վաշինգտոնը` տարբեր պատճառներով: Հայաստանը զգուշավորությամբ է շարժվում, որպեսզի ոչ մի առիթ չտա Մոսկվային մտահոգվելու, սակայն շատերի կարծիքով երես առ երես բանակցությունները առավել արդյունավետ կլինեին, քան երրորդ կողմերի միջնորդավորվածները, որովհետեւ վերջիններս կարող են իրենց շահերը թելադրել բանակցողներին:

Կացությունն իր մեջ պարունակում է որոշ հեգնական դրվագներ: Ռուսաստանի պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Մոսկվայի համար կարեւոր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կանոնավորումը, երբ Ռուսաստանն ինքն է խթանել Թուրքիայի դեմ Հայաստանի վախերը: Տարիներ շարունակ Հայաստանի անվերապահ համագործակցությունը Ռուսաստանի հետ հենց այդ վախով է պայմանավորված եղել, եւ Ռուսաստանն օգտագործել է այդ վախը որպես քաղաքական գործոն Հայաստանի հետ իր հարաբերություններում: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը դրա վառ ապացույցն է, որտեղ հակառակ իր թույլ տնտեսությանը Հայաստանը հանձն է առել հյուրընկալել այն եւ հոգ տանել դրա կարիքներին:

Հաջորդ հարցը բանակցությունների սկզբնավորման ժամանակահատվածն է: Ի՞նչ ազդեցություն է ունենալու Ուկրաինայի հարցով Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների լարվածությունը բանակցությունների վրա:

Բանակցությունները խրախուսելու Մոսկվայի եւ Վաշինգտոնի մղիչ ուժը այն է, որ երկու կողմերն էլ այժմ թույլ են եւ կարող են տեղի տալ միջազգային ճնշումների ազդեցության տակ: Իհարկե, այդ թուլությունը հարաբերական է: Հայաստանը ծնկի է իջել պատերազմում իր պարտությունից հետո, եւ Թուրքիան զոհ է դարձել իր իսկ ծավալապաշտական փառասիրությունների, որոնք երկիրը տնտեսական անկման եզրին են գլորել:

Հայտնի է, որ նախագահ Ջո Բայդենն է անձամբ խորհուրդ տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` վերացնելու Հայաստանի շրջափակումը եւ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ վերջինիս հետ:

Առաջ շարժվելու համար Հայաստանը պարտավոր է ուսումնասիրել բանակցություններ վարելու Անկարայի մարտավարություններն ու դրանցից բխող հնարավոր որոգայթները:

Նախագահ Բայդենի թելադրանքը կատարելու համար Էրդողանը զարմացրեց աշխարհին՝ հայտարարելով, որ Հայաստանի հետ բանակցելու է առանց նախապայմանների, բայց բանակցությունների ընթացքում վստահաբար նա Հայաստանին փակուղու առաջ է կանգնեցնելու եւ Վաշինգտոնին է ներկայանալու մաքուր ձեռքերով:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը , Հայաստանի գիտությունների ակադեմիայից, տեղեկացնում է, որ սա չորրորդ փորձն է բանակցելու 2009-ի Ցյուրիխյան արձանագրություններից, «ֆուտբոլային դիվանագիտությունից» եւ թուրք-հայկական մերձեցման հանձնախմբի (TARC) երկրորդ փորձից հետո:

Դրանցից երկուսի խրախուսողը Մ. Նահանգներն էր: Սաֆրաստյանը հավատացած է, որ բանակցությունների ներկա գործընթացը հաջողության ավելի լավ հնարավորություն ունի, քանի որ դրանով շահագրգռված են ե՛ւ Մ. Նահանգները, ե՛ւ Ռուսաստանը: Բայց նա զգուշացնում է՝ շեշտելով, որ այս նոր գործընթացը կարող է հաջողությամբ ավարտվել, եթե Թուրքիան Մ. Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ճնշումների ներքո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նրա զգուշավոր լավատեսությունը ներկայիս հիմնված է այն փաստի վրա, որ ԵԱՀԿ-ի երեք համանախագահները, որոնք հանձն են առել կարգավորելու Ղարաբաղի հարցը, ներկա դրությամբ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նախորդ անգամներում դրությունը այլ էր:

ԱՄՆ-ի նախագահ Բայդենը Թուրքիայից ընդամենը խնդրել էր վերացնել շրջափակումը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Եթե Թուրքիան կատարի այդ խնդրանքը, նրան չպետք է վարձատրել «լավ վարքագծի» համար: Չէ՞ որ Անկարան սկզբից եւեթ խախտել էր միջազգային իրավունքի կանոնները` փակելով իր սահմանները դեպի ծով ելք չունեցող մի պետության հետ: Նրան, ընդհակառակը, պետք է պատասխանատվության կանչել որպես միջազգային հանցագործ իր արարքի համար:

Իրադրությունը այս տեսանկյունից դիտարկելու փոխարեն, Անկարան այժմ բանակցությունների սեղանին է նստում կարգավորելու հնադարյան խնդիրներ, իսկ Երեւանը տեղի է տալիս դիվանագիտական այս խորամանկությանը:

Ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե ինչքան են տեւելու այս բանակցությունները եւ ինչ արդյունք են ունենալու, բայց Հայաստանը պետք է պատրաստ լինի տնտեսական այն զարգացումներին, որոնք կատարվելու են սահմանների բացումից հետո: Հայաստանը համապատասխանաբար պետք է սակագներ սահմանի եւ կարգավորիչ համակարգեր տեղադրի, որպեսզի կարողանա պաշտպանել իր նվաղուն տնտեսությունը:

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության բաղկացուցիչ տարրերից մեկը եղել է տնտեսական ներգրավվածությունը: Դրա վառ ապացույցն է Թուրքիայի ներկայությունը Աֆրիկայում: Անցյալ աշնանը Էրդողանը Աֆրիկայում էր, որտեղից նա վերադարձավ նավթով հարուստ Անգոլայի հետ կնքած տնտեսական ծանրակշիռ պայմանագրերով: Մյուս կողմից, Ռուսաստանն է Թուրքիային եւ Կենտրոնական Ասիայի թյուրքախոս պետություններին պարտական իր տնտեսության բարեկեցության համար:

Հայաստանը չպետք է իր հույսերը կապի տնտեսական կապերի ամրապնդման հետ:

Թուրքիան կարող է Հայաստանին առաջարկել մի բան, որն ինքնին աննշան է, բայց շատ կարեւոր ու շոշափելի Հայաստանի համար` խաղաղություն եւ անվտանգություն Հայաստանի սահմաններում: Թուրքիան եւ Ադրբեջանը խեղդում են Հայաստանին ռազմական եւ տնտեսական առումներով, որպեսզի պակասեցնեն բնակչության քանակը: Էրդողանն ու Ալիեւը իրենց հանրային ելույթներում բազմիցս նշել են, որ Հայաստանի բնակչությունը արագորեն պակասում է, ինչը երկիրը թուլացնում է եւ հեշտ թիրախ դարձնում Թուրքիայի կողմից նվաճման:

Եվ իրոք, Հայաստանում այսօր նույնիսկ ապահով աշխատանքի տեր մարդիկ են լքում հայրենիքը, պատճառաբանելով, որ անվտանգությունն ու երեխաների ապագան խաթարված են:

Առանց նախապայմանների բանակցելու Թուրքիայի առաջ քաշած թեզը շատ քչերին կարող է խաբել, քանի որ նրա այնքան էլ ոչ թաքուն օրակարգում բազմաթիվ նախապայմաններ կան, որոնցից հավիտենականները հրաժարումն է Ցեղասպանության ճանաչումը պահանջելուց, վավերացումը Կարսի 1921 թվի պայմանագրի, որը սահմանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ներկա սահմանները եւ խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ:

Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն քանիցս նշել է, որ բանակցությունների ամեն մի փուլում Թուրքիան խորհրդակցելու է Ադրբեջանի հետ: Էրդողանն ինքն է Հայաստանին հորդորել խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ:

Եթե Անկարան բանակցությունների ամբողջ ընթացքում գործակցելու է Բաքվի հետ, ապա հայկական կողմն էլ պետք է նշի, որ խորհրդակցելու է սփյուռքահայության հետ: Հայաստանը, ճիշտ է, միակ իրավական միավորն է, որ կարող է հետապնդել Ցեղասպանության եւ դրանից բխող փոխհատուցման հարցը, սակայն նա չի կարող անտեսել եւ չհամագործակցել սփյուռքահայերի հետ, քանի որ նրանք են այդ Ցեղասպանությունից վերապրածների հետնորդները:

 

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ.ից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian-Mirror Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31