Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ բոլորին տեղյակ պահել, որ ես ոչ թե մեկ, այլ 4 ժառանգորդ ունեմ». Փաշինյանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանին ժառանգորդ պատրաստելու մասին

Փետրվար 09,2022 19:55

«Երբ դուք նշանակվում էիք արտգործնախարար, Նիկոլ Փաշինյանը ձեզ ներկայացնելիս ասում էր, որ դուք պետք է պատասխանատվություն կիսեք: Բայց տպավորությունն այնպիսին է, որ դուք ոչ միայն պատասխանատվություն եք կիսում: Այսօր, օրինակ, Նիկոլ Փաշինյանի փոխարեն Նիկոլ Վովայեվիչի մասին հիշատակում արած Լուկաշենկոյին պատասխանեցիք: Պատասխանեցիք այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կգնա՞ Թուրքիա, թե՞ չի գնա: Կարեւոր, առանցքային նշանակության հարցերին դուք պատասխանեցիք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Միրզոյանին. «Փաստորեն, ներկուլիսային խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ է պատրաստում՝ որպես իր «ժառանգորդ», իրականությունից այդքան էլ հեռու չեն: Հիմա որպես Փաշինյանի ժառանգորդ, կարո՞ղ եք պատասխանել ոչ միայն Լուկաշենկոյին, երեկվանից սկսել եք իր «պորտը տեղը դնել», նաեւ պատասխանել Ալիեւի հոխորտանքներին: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Ալիեւը ամենավերջին նվաստացուցիչ որակումներն է տվել մեր երկրին, անձամբ Նիկոլ Փաշինյանին»:

Խամոյանի հարցը չավարտած՝ նիստը վարող Հակոբ Արշակյանը հորդորեց անջատել նրա խոսափողը: Ամբիոնին մոտեցավ ոչ թե Արարատ Միրզոյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը ու պատասխանեց. «Ուզում եմ բոլորին տեղյակ պահել, որ ես ոչ թե մեկ, այլ 4 ժառանգորդ ունեմ՝ Մարիամ Նիկոլի Փաշինյան, Աշոտ Նիկոլի Փաշինյան, Շուշան Նիկոլի Փաշինյան եւ Արփի Նիկոլի Փաշինյան»:

Խամոյանն արձագանքեց, որ բառարան չի բացելու՝ ժառանգորդ բառի այլ իմաստները ցույց տալու, բայց լինում է նաեւ իշխանության ժառանգորդ. «Հիմա դուք նաեւ փաստորեն հնարավորություն չեք ընձեռում ձեր ԱԳ նախարարին, ով ձեր հետ կիսում է պատասխանատվություն, անգամ նրան հնարավորություն չեք տալիս պատասխանելու իր մասին հնչեցրած հարցին»:

Հակոբ Արշակյանը հորդորեց ընդդիմադիր պատգամավորին Արարատ Միրզոյանին հարցն ուղղել գրավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28