Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք Խորհրդային Հայաստանում չգիտեր նրա անցյալը, որը լի էր հետաքրքիր դեպքերով, անցյալ, որն առնչվում էր հայ վրիժառության դեմքերին

Ապրիլ 04,2022 13:00

Ապրիլի 7-ին Արա Սարգսյանի 120-ամյակն է

Մարդու գործն անուն եւ մկրտություն է ստանում, դառնում վկայագիր: Հետադարձ հայացքով, քանդակագործ Արա Սարգսյանի կյանքն ու գործը ոչ միայն հետաքրքիր, այլեւ հերոսական էր: Նույնքան հերոսական էր նրա լռությունը… Շատերը լինելով նրա ժամանակակիցը՝ չգիտեին, թե ո՞վ է ապրում իրենց կողքին, ճանաչում էին որպես ստեղծագործող հր-աշալի քանդակագործի եւ մեծ սրտի տեր մարդու, բարի, իմաստուն եւ նրբազգաց ուսուցչի, որպես բացառիկ արդարամիտ անհատականություն:

Կյանքում շատ փորձությունների միջով անցած Ա. Սարգսյանն իր սաներից շատերի համար հոգեւոր հայր դարձավ, խորհրդատու, ընկեր ու բարեկամ, ազնիվ եւ իսկական Մարդու հիանալի օրինակ, որի համար անկարեւոր ոչինչ չկար: Վարպետն իր կյանքը, տաղանդը նվիրեց հարազատ ժողովրդին, իր խռովահույզ աշխարհի փոթորիկներն ու լռությունն արտացոլեց քանդակում:


Նրա յուրաքանչյուր քանդակ խոստովանություն է, մարդու եւ մարդկայինի ներդաշնակ համադրում, հույս, հավատ, տառապանք, անեզրագիծ սեր՝ կյանքի, հայրենիքի, արվեստի նկատմամբ: 1920-ականների սկզբին Երեւանը Խորհրդային Հայաստանի մշակույթի կենտրոնն էր, որտեղ հավաքվեց հայ մտավորականության մի ստվար հատված: Հեռուներից Երեւան բնակության են գալիս գրականության, արվեստի ու հայագիտության լավագույն ներկայացուցիչները՝ Ա. Թամանյան, Մ. Սարյան, Հ. Աճառյան, Ալ. Սպենդիարյան, Ռ. Մելիքյան, Վ. Թոթովենց, Շիրվանզադե, Հ. Կոջոյան, նրանց կողքին՝ 1925թ. Հայաստան է ժամանում 23-ամյա Արա Միհրանի Սարգսյանը, որը նոր էր ավարտել Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցը: Տակավին երիտասարդ, բայց կյանքի հետաքրքիր ճանապարհ էր անցել՝ Պոլիս, Վիեննա, Հռոմ, Փարիզ, սակայն երազում էր վերադառնալ Հայրենիք, միախառնվել իր ժողովրդի արվեստին, ապրել նրա կողքին: Ի՞նչ էր մտածում, ի՞նչ երազանքներով եկավ… Թերեւս կարելի է եզրակացնել, որ հայրենիքի, փրկված այս հողակտորի նկատմամբ սերն ավելի զորեղ էր ամեն վախից ու սարսափից:

Կարճ ժամանակում եւ քանդակագործ, եւ ստեղծագործող-մարդ, քաղաքացի Արա Սարգսյանն իր հաստատուն տեղն է գրավում, դառնալով նորագույն շրջանի հայ քանդակագործության հիմնադիրը: Լուռ, աշխատասեր, խոհուն, արտաքնապես աչքի զարնող եւ անսպառ հմայքով, ծնունդով պոլսեցի երիտասարդը շատ կարճ ժամանակում իր տաղանդի եւ մարդկային հատկանիշների շնորհիվ աչքի է ընկնում այն տարիների երեւանյան հասարակության մեջ: Այստեղ չուներ ոչինչ եւ ոչ ոքի, նույնիսկ պատկերացում նոր կյանքի մասին. ուներ միայն վիթխարի, գրեթե անհավանական տաղանդ, շատ բան նույնիսկ չբացահայտված: Տաղանդ, որը տվեց նաեւ հնարավորություն: Տանելով տիտանական աշխատանք, ստեղծագործելով քանդակի բոլոր ժանրերում, ունենալով անձնուրաց աշխատասիրություն՝ իր քանդակներով, ազնիվ ճաշակով ու բարձր արվեստով, հայրենի երկիրը գեղեցկացրեց: Անշուշտ, հայրենիքում ունեցավ նաեւ որոնումներ, հրաշալի ստեղծագործություններ, որոնք համադրում են ազգային եւ եվրոպական արվեստների ձեռքբերումները, ավանդականն ու նորը, գործեր, որոնց բնորոշ են մոնումենտալ վեհությունն ու կամերային քնարականությունը, որոնք ուժ եւ հմայք են հաղորդում դիտողին:

Ա. Սարգսյանի խոսքը մեծ կշիռ եւ հեղինակություն է ունեցել. մասնագիտական բնագավառում՝ ոչ մի կարեւոր հարց առանց նրա չի վճռվել: Նրա ջանքերով 1932թ. հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, որի առաջին ղեկավարն էր, 1945թ.՝ Երեւանի Գեղարվեստական ինստիտուտը (որպես հիմնադիր ռեկտոր ղեկավարում է մինչեւ 1960թ.), բուհի քանդակագործության ամբիոնի վարիչն էր: ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ էր (1950թ.), 1962թ. ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1949թ.), հետո՝ իսկական անդամ (1958թ.): Ա. Սարգսյանի շնորհիվ ստեղծվում է հայ քանդակագործների մի ամբողջ դպրոց, նախ կերպարվեստի ուսումնարանում, ապա՝ Գեղարվեստի ինստիտուտում: Նա մեծ արվեստի ուղեգիր է տալիս քանդակագործների մի ստվար ջոկատի: Ժամանակակիցների բնորոշմամբ, արտաքին եւ ներքին կերպարում թովչանք ունեցող Ա. Սարգսյանն իր նուրբ վավեցողությամբ կարող էր հրապուրել զրուցակիցներին, մարդկային կարիքներին սրտացավ եւ սրտանց մոտեցմամբ՝ օգնել, դառնալով շատերի անկեղծ բարեկամը, կարող էր լսել եւ զգալ մարդուն, լինել հետաքրքիր զրուցընկեր՝ երբեք չցուցադրելով իր առավելությունները:

Մարդ, որը հիշաչար չի եղել: Միշտ սիրել է հիշեցնել՝ «Լավ մարդը նա է, որ ներել գիտե»: Այդ է եղել նրա բարոյական հավատամքը:

Սկզբունքի մարդ լինելով, թե իբրեւ արվեստագետ-քաղաքացի, թե որպես անհատականություն, իր համոզմունքները, տեսակետները պաշտպանել է անհողդողդ, առանց վարանմունքի ու շեղման՝ մինչեւ վերջ գնալով: Սակայն բնականից մեղմ ու լայն բնավորությունը, արվեստագետի բարի ու զգայուն հոգին նրան հետ են պահել ծայրահեղությունից: Միշտ իրեն հատուկ շեշտով բարձրաձայն ու շիտակ, սակայն նրբանկատորեն ասել է հավանածի ու չհավանածի մասին, հարկ եղած ժամանակ անհաշտ վեճի մեջ մտնելով, որպեսզի իր հաստատ համոզումը պաշտպանություն գտնի, ճանաչվի մարդկանց, հասարակության կողմից: Տարիների ընթացքում ստեղծեց հայ անվանիների, մշակույթի ու գիտության ակնառու դեմքերի բազմաթիվ կերտվածքներ (Հ. Թումանյան, Ա. Սպենդիարյան, Մաշտոց եւ Սահակ Պարթեւ, Հ. Աճառյան, Շիրվանզադե, Ա. Գուլակյան, Թ. Թորամանյան, Ա. Մյասնիկյան, Ն. Ստեփանյան, Ա. Միրզոյան, Մ. Մազմանյան): Այդ աշխատանքները ուժի, գեղեցիկի, վեհության ու մարդասիրության մի սքանչելի ներբող են: Դրանցով քանդակագործը դիտողին պարգեւում է իր սերը՝ իր մեծ սրտի չափով, իր վարպետությունը՝ իր տաղանդավոր վարպետ ձեռքի շնորհքով, ինչպիսին, օրինակ, նրա հիասքանչ «Այգեկութ» գործն է (1960թ.): Ա. Սարգսյանը ձեռք է բերում նաեւ թատերական հայտնի նկարչի, գեղարվեստական ձեւավորման արվեստի վարպետի համբավ: Պրոֆեսիոնալ «մտածողությունը տարածության մեջ», սուր դիտողականությունը, պատկերվող կերպարի էության մեջ ներթափանցելու, հիմնականը գտնելու եւ բացահայտելու նրա կարողությունը օգնում են քանդակագործին ստեղծելու ձեւավորումներ, որն իր տեղն է զբաղեցնում հայ թատերական նկարչության պատմության մեջ: Ձեւավորել է 12 թատերական ներկայացում:

Նրա անունն իր ուրույն տեղն ունի նաեւ Հայ Դատի պատմության մեջ: Ազնվագույն հայ երիտասարդ, որն իր հոգու արիությամբ ընդառաջ գնաց նվիրական գործի, հաճախ վտանգելով իր կյանքը եւ ազատությունը: Ոչ ոք Խորհրդային Հայաստանում չգիտեր նրա անցյալը, որը լի էր հետաքրքիր դեպքերով, անցյալ, որն առնչվում էր հայ վրիժառության դեմքերին: Թվում էր ամեն ինչ խաղաղ է: Նա մասն է կազմել «Նեմեսիս» գաղտնի կազմակերպության, որոնց անդամների առջեւ խնդիր էր դրվել պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին: Հայ վրիժառուներին միմյանց կապող շղթայի մի օղակն էր նա: Գործողության մասնակիցների կապը արտաքին աշխարհի հետ իրականացվել է Հռոմում, Վիեննայում եւ Բեռլինում քանդակագործություն ուսումնասիրող Արա Սարգսյանի միջոցով: Եվրոպական եւ արեւելյան մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ ուսանողին հաջողվում է դուրս գալ երիտթուրք դահիճների հետքի վրա: Ա. Սարգսյանի փոստային հասցեով են փոխանցվել ղեկավար բոլոր ցուցումներն ու ֆինանսական միջոցները: Եվրոպական ոստիկանությանը չի հաջողվում գտնել վրիժառու հայորդիների հետքը, քանզի իրենց մտքով չի անցնում ստուգել արվեստով տարված 19-ամյա տաղանդավոր պատանու փոստարկղը: Վրիժառու Արշավիր Շիրակյանն իր «Կտակն էր նահատակներուն» գրքում (1969թ.) հիշում է. «Մանկութեանս ընկերներէն էր, մաքուր, պարկեշտ, ազնուական նկարագրով արուեստագէտ մը, որ Հռոմի դէպքին տեղեակ էր արդէն, այժմ Վիեննա փոխադրուած, իր ուսումը հոն աւարտելու համար:

Միայն անոր յայտնած էի Պերլին երթալու մտադրութիւնս…»: Հասկանալի պատճառով նա նշում է միայն անվան սկզբնատառերը՝ «Ա. Ս.»: Հանգամանքների բերումով Ա. Սարգսյանը երբե՛ք չխոսեց իր կյանքի այդ տարիների մասին: Ո՞վ գիտե՝ ինչ է մտածել, ինչի՞ մասին է լռել: Գիտեր պատմությունը, անցյալը եւ ժամանակը, որը մի օր իր փոշոտ վարագույրը հետ էր տանելու՝ բացելով իսկությունը, թույլ չտալով, որ նրա կյանքի այդ դրվագը անվերադարձ կորսվի տարածության ու հիշողության ծավալուն շերտերում: Նրա լռությունն արդեն իսկ կամքի դրսեւորում էր, նույնպես եւ կեցվածքը, որը մեծ ջանք, խոհեմություն ու հավասարակշռություն պետք է որ պահանջեր:

Խորհրդային երկրում միշտ լինել զգոն եւ աչալուրջ: Իր ոգու հաղթությունը, իր թաքուն հպարտանքը կրեց լուռ եւ տասնյակ տարիներ:

Հիմա բնավ տարօրինակ չի թվում արվեստագետ Ռուբեն Զարյանի դիպուկ բնութագրումը. «…Հայացքում միշտ մի հոգս կար»:
Ա. Սարգսյանը նաեւ բանաստեղծություններ է գրել:

Հեռավոր 1946թ. ապրիլի 25-ին իր օրագրում գրում է.

Կյանքն է այսպես սահո՛ւմ, անցնում,
Անսեր, անհույզ, մենակ, տխուր,
Հին հուշերն են թեւեր առնում,
Իսկ ապագան մնում է լուռ…

Շատ է սիրել Դիլիջանը: Մի օր արգելոցում զբոսնելիս՝ ուշադրությունը գրավում է երկճյուղ մի ծառ: Հիշում է իր «Այծամարդ» (1923թ.) գործը: Ծառի միջնամասը կայծակից ճեղքվել ու սնամեջ անցք էր գոյացրել: Եվ ծնվում է մտահղացումը՝ շունչ ու կերպարանք տալ անտառի ոգուն… Ստեղծվում է «Անտառի արքա» գործը: Քանդակում է մի գլուխ, դեմքի հետաքրքիր ու բարի արտահայտչականությամբ, թվում էր, որ ինքն իրեն է քանդակել: Գործն ամրացնելու եւ տեղափոխելու համար, մեծ ջանք էր պետք: Մեքենան չէր բարձրանա դեպի ծառը: Սիրով օգնում են նվիրյալ դիլիջանցիները, հատկապես հայր եւ որդի Միհրդատ եւ Համլետ Ասատրյանները (գեղանկարիչ), քանդակագործ Վարազդատ Ամյանը: Ուսուցիչ Մ. Ասատրյանի գծագրով, պատրաստվում է մի տախտակամած, վրան տեղադրվում է քանդակը. այն մարդկային ուժի հրմամբ, բարձրացնում են թեք զառիվերը: Երկու երիտասարդ արվեստագետներն օգնում են տեղադրման, հղկման աշխատանքներին: Արձանը միաձուլվում է ծառին եւ դիլիջանյան բնությանը, դառնալով քաղաքի խորհրդանիշներից մեկը, որը հիշեցնում է նաեւ Արա Սարգսյանին: Նրա տաղանդը զորեղ դրսեւորվեց «Մայր Հայաստան» հոյակերտ վերջին գործում (պետք է տեղադրվեր Երեւանի Հաղթանակ զբոսայգում, մինչ այդ հանված Ստալինի քանդակի տեղում): Քանդակագործն այն ավարտում է, ձուլում գիպսից, բայց նյութին փոխադրել չի հասցնում: Աշխատանքն ավարտում է սանը՝ Ե. Վարդանյանը: 1970թ. Ա. Սարգսյանի մահից մեկ տարի անց, ՀՍՍՀ Մինիստրների Սովետը որոշում է «Մայր Հայաստան»-ը կանգնեցնել Գյումրիում: Բացումը տեղի է ունենում 1975թ. մայիսի 9-ին:

Օրինակելի մարդու ամբողջական կերպար էր Ա. Սարգսյանը: Իր ուղին ընտրած, ամեն փորձություն արիությամբ տանող պատրաստակամ մարդ, խիստ խորաթափանց մտքով, ում առնական արտաքինի մեջ ապրել է սկզբունքային ու բարի մի սիրտ: Նա արքայաբար, որպես իմաստուն ավագ, իր տեղն ունի հայ արվեստի պատմության մեջ:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930