Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա էլ հարցի պատասխանը, թե ով է պատերազմի հեղինակը»․ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

Ապրիլ 14,2022 13:51

«Սերժ Սարգսյանի արձագանքը տվեց ֆունդամենտալ հարցերի պատասխանները։ Երեկ ես իրադարձությունների շղթան ասացի, եւ պատահական չէ, որ այդ մի քանի ժամանոց քննարկումից անդրադարձել է միայն մեկ դրվագի՝ ասելով, որ ինքն Արցախի հարցի փուլային կարգավորման շուրջ երբեք չի բանակցել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահի գրասենյակը, անդրադառնալով նրա երեկվա հայտարարություններից մեկին՝ մեկնաբանություն է տարածել, թե Նիկոլ Փաշինյանը ստել է՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը բանակցել է փուլային տարբերակի օգտին։

Փաշինյանը Սարգսյանի գրասենյակի պարզաբանումից մեջբերեց հետեւյալ հատվածը՝ «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»։

Փաշինյանի խոսքով․ «Ըստ էության, այստեղ բանավեճն ավարտվում է, բայց ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը, որովհետեւ այդ դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998թ․-ի իշխանափոխությունը ոչ թե Արցախը փրկելու, ոչ թե Արցախի կարգավիճակի համար էր, այլ իշխանությունը զավթելու։ Միայն այս դրվագի պարզաբանումն ընդգծում է, որ քսան տարվա պատմությունն ունեցել է այլ համատեքստ։ Պատահական չի, որ 2020թ․ պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվական՝ ասում է, որ այն ժամանակ ուզում էր վարչապետ մնալ Արցախի հարցի համար։ Նրանք ամեն ինչի լեգիտիմությունն Արցախի հարցով են ասում։ Ո՞նց էր լուծելու, եթե 2018թ․-ին ասել է, որ բանակցությունները կանգնած են ու լավատեսություն չեն ներշնչում, իսկ Ադրբեջանի մոտեցումներն անիրատեսական եւ անընդունելի են մեր համար։ Գնալու էր ընդունե՞ր դրանք»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանը նույն ժամանակ նաեւ ասել է՝ այլեւս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը․ «Սա էլ հարցի պատասխանը, թե ով է պատերազմի, պատերազմական իրադրության հեղինակը։ Մե՞ր իշխանությունն է, թե ոչ։ Ես ասում եմ, որ պատերազմը հնարավոր էր կանխել՝ Սերժ Սարգսյանի ասած անիրատեսական պահանջները կատարելու արդյունքում»։

Փաշինյանը նորից պնդեց, թե Շուշիի հարցը 1996թ․-ից եղել է բանակցային սեղանին․ «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին։ Չէր հանձնի՝ պատերազմ էր սկսվելու։ Եվ ոչ միայն Շուշին»։

Հիշեցնենք՝ այս պնդումը Փաշինյանը մի անգամ էլ էր արել, եւ այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը նկատել էր, որ Շուշիի հարց չի եղել բանակցային սեղանին։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին պարզաբանել էր, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930