Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Պարզ է, որ այս իշխանությունները դրսի տարբեր ուժերի հետ կարծես լռելյայն համաձայն են, որ ինչքան կարող են, խեղդեն, ծնկի բերեն Հայաստանը»

Ապրիլ 22,2022 17:01

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Փաստարկ» մամուլի ակումբում իր դիտարկումները ներկայացրեց ապրիլի 24-ին ընդառաջ, խոսեց իրողությունների եւ սպասումների մասին:

«Ո՞վ է ասում, թե հիմա ճիշտ պահն է Թուրքիայի հետ բանակցությունները սկսելու համար: Պարզ է, որ այս իշխանությունները տարբեր հարթակներում կանգնած դրսի տարբեր ուժերի հետ, որոնք հիմա տեսնում ենք, կարծես թե, լռելյայն համաձայն են, որ ինչքան կարող են, խեղդեն, ծնկի բերեն Հայաստանը: Եվ քանի առիթը կա, ինչքան կարելի է, պոկել Հայաստանից, վերջացնենք այս պատմությունը, մի գլխացավանք պակասեցնեն ընդհանրապես Հարավային Կովկասից կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից: Մենք սա լսում ենք եւ հյուսիսից, եւ արեւմուտքից: Պարզ է, որ նրանք դա ուզում են անել իրենց շահերից մեկնելով, իսկ դա ամեն դեպքում մեր շահերից չի բխում:

Դրա համար Թուրքիայի հետ հարաբերությունները կանոնավորելու պահը չէ, մանավանդ, որ կեղծ հիմնավորումներով է առաջ քաշվում: Մենք հիշում ենք, թե Նիկոլը ինչպես հանկարծ աշնանը սկսեց դրական ազդակներ տեսնել, զգալ, լսել Թուրքիայից, երբ նման դրական ազդակներ չկային: Ու մյուսն էլ ձայնակցեց, թե ինքն էլ Երեւանից է դրական ազդակներ լսում: Այդ ո՞ր դրական ազդակների մասին է խոսքը, որ Փաշինյանը լսել է, իսկ մենք մինչու այսօր չենք հասկանում: Ամեն ինչը համադրում են. Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները, ցեղասպանության ժխտումը շարունակում են, փորձում են Հայաստանն ընդհանրապես մեկուսացնել:

Պետք է հասկանալ, թե Թուրքիայի նպատակն ինչ է Հայաստանի հետ կապված: Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ դեռ Ալեքսանդրապոլի պայմանագրից մինչեւ այսօր կեցվածքը չի փոխվել: Ինքը չի պատկերացնում իր կողքին մի հայկական պետություն, որը իրենից կախված չէ: Ուրեմն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը դառնա իրենից կախված պետություն: Հիմա՞ հնարավորություն ունի դա անելու՝ հիմա կանի: Այո, կասեն՝ սկսեցինք դիվանագիտական, տնտեսական հարաբերություն: Եվ ինչպես, օրինակ, Վրաստանին դարձրին ամբողջապես իրենցից ու Ադրբեջանից կախված, նույն կերպ Հայաստանին էլ կդարձնեն»,-ասաց Կիրո Մանոյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930