Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քմծիծաղով էի մոտենում այդ ամեն ինչին… մի ուսանողին՝ 1000 դրամ». ուսխորհրդի նախագահը մանրամասներ է պատմում

Մայիս 11,2022 13:33

Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը պնդում է, որ համացանցում տարածված հայտնի ձայնագրությունը,  որտեղ ինքը պատրաստակամություն էր հայտնում գումարի դիմաց ուսանողներին հանել ընդդեմ իշխանության, կիսատ է ու եթե ամբողջական հրապարակվեր, պարզ կդառնար, որ ինքը նման մտադրություն չի ունեցել:

«Մեր խոսակցությունը կայքում ամբողջական տեղադրված չէր, զարմանում եմ, էլի, եթե անում են, թող մինչեւ վերջ անեն, եթե չեն անում, թող չանեն: Այս ամեն ինչի հետ կապված խորը վիրավորանք ունեմ, որովհետեւ ինչ ուզել են, էն են հանել խոսակցությունից: Եթե ձայնագրությունն ամբողջական լիներ, կերեւար, որ մերժում եմ այդ ամեն ինչը, ինձ գումար չեն տվել, ես գումար չեմ վերցրել »,-Aravot.am-ին ասաց Թոռնիկ Ալիյանը:

Ձայնագրությունն ավարտվում է այս խոսակցությամբ, երբ Թոռնիկ Ալիյանը գումար առաջարկողին հարցնում է, թե վերջը ինչ են ասել, ինչքա՞ն գումար կարող են տալ, երբ լսում է, որ 2 միլիոն դրամ՝ 2000 ուսանողի դիմաց, այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ, պատասխանում է՝ եթե հենց հիմա հանեմ, հենց հիմա տալի՞ս է: Ըստ Թոռնիկ Ալիյանի. «Հստակ երեւում է, որ ես խուսափում եմ, պատկերացրեք 2 միլիոն՝ 2000 ուսանողի համար, էդ ի՞նչ բան է, ուսանո՞ղ են վաճառում, կամ մարդկային արժեքնե՞ր են վաճառում: Ես քմծիծաղով էի մոտենում այդ ամեն ինչին, մի ուսանողին՝ 1000 դրամ , դա ուղղակի աբսուրդ է, ես լուրջ չեմ վերաբերել դրան: Եթե գումարի դիմաց ուսանողներ հանեի, դա իմ կողմից կլիներ ստորություն, համ էլ Ագրարային համալսարանի ուսանողները չեն վաճառվի գումարով, մեր ուսանողները ճիշտ դաստիարակություն են ստացել: Ուղղակի ինձ հետաքրքիր էր, ես ուզում էի իմանալ նրանց ասածի վերջը ի՞նչ է, ես չգիտեի դրա վերջն ինչ է»:

Ո՞վ էր գումար առաջարկողը՝ մեր այս հարցին Ալիյանը պատասխանեց՝ իրեն անծանոթ մեկը զանգահարել էր ու հրավիրել հանդիպման կրթական ծրագրեր քննարկելու, բայց հանդիպմանը գումարի դիմաց ուսանողներին դասերը բոյկոտելու առաջարկ է արել:

Ձայնագրությունը, ըստ նրա, հրապարակվել է մայիսի 9-ին, սակայն հանդիպումը եղել է դրանից մեկ շաբաթ առաջ. «Ի՞նչ եք կարծում, եթե ես ուզենայի ուսանողություն դուրս հանել, միանգամից չէ՞ի անի, կանեի: Ես քաղաքականացված չեմ, ոչ մի կուսակցության հետ կապ չունեմ, շատ անգամ է եղել, երբ առաջարկ ենք ստացել այս կամ այն ուժին միանալու, բայց ես մերժել եմ, որովհետեւ չեմ ընդունում, որ բուհերը պետք է միանան նման գործընթացներին: Ի վերջո, երկիրը բուհերն են պահում, երիտասարդությունն իր աշխատանքով պետք է իր երկրին աջակցի: Բուհերը չպետք խառնվեն քաղաքականությանը, ես չեմ թույլ տվել, որ ուսանողությունը մասնակցի ցույցերին դասի ժամին, դրանից հետո իրենք են իրենց գլխի տերը, չափահաս մարդիկ են, ինչ ուզում են թող անեն»:

Երեկ Թոռնիկ Ալիյանը այս դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հրավիրվել է քննչական կոմիտե ու հարցաքննվել:

Aravot.am-ի տեղեկություններով՝ Էմմա Սարգսյանը՝ գումար առաջարկողը, Ամերիկյան համալսարանի դասախոսներից է, Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում հրավիրված դասախոս է եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031