Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախույզներից մինչեւ քրեական աշխարհ ու գնդակահարված ոստիկաններ

Հուլիս 07,2022 13:00

Աշոտ Աղաբաբյանը իր ռեկորդակիր վեպերի ու նոր` «Գաղութ» գրքի մասին

Լրագրող, հրապարակագիր, գրող Աշոտ Աղաբաբյանի բոլոր գրքերը ամենափնտրվածն են, դրանք մշտապես տպագրվում են մեծ տպաքանակներով ու շատ արագ էլ սպառվում: Ընթերցողը տառացիորեն կլանում է այն ամենը, ինչ հրատարակվում է Աշոտ Աղաբաբյանի ստորագրությանբ: Վերջին մեկ տարում «Բուկինիստ» հրատարակչության հետ համագործակցությամբ տպագրվել է հեղինակի 7 վեպ` ընդհանուր 17000 տպաքանակով: Այդ 7-ից 2-ը` «Գաղտնիքների տիրակալը» եւ «Վերջին անգամ ենք ապրում» լրիվ նոր գրքեր են: Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» վեպը ժամանակի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին է: Աշոտ Աղաբաբյանի միջոցով հայ ընթերցողն առաջին անգամ տեղեկանում է մեր պատմության էջերի նոր բացահայտումներին, հայ ծանրամարտիկի փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Հայաստանի ՆԳԺԿ պետ Խաչիկ Մուղդուսու հետ կապված իրադարձություններով:

Ինչ վերաբերում է «Գաղտնիքների տիրակալին», հեղինակի այս վեպում էլ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ անվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի` լեգենդար հետախույզ Իվան Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել 90 տարի: Ի դեպ, 3000 տպաքանակով տպագրված «Գաղտնիքների տիրակալը» 6 ամսում սպառվել էր, եւ «Բուկինիստը» կրկին վերահրատարակել էր:

Աշոտ Աղաբաբյանի մյուս վեպերը նույնպես վերահրատարակվել են 3000 օրինակով` «Մենակը», «Ռեզիդենտը»` եւ հայերեն, եւ ռուսերեն, «Թակարդը»: «Թակարդը» ռեկորդակիր է` 2018-ից մինչեւ 2021թթ., 3 տարում 8000 օրինակով սպառվել է, եւ կրկին 3000 օրինակով տպագրվել: Հեղինակը փակագծեր բացեց, ասելով, որ հնարավոր է «Թակարդ-2»-ը եւս գրվի:

«Առավոտի» հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը տեղեկացրեց, որ շուտով լույս կտեսնի իր նոր գիրքը` «Գաղութը», որը ոչ թե վեպ է, այլ ավելի շատ տարեգրություն է, ներառում է 1990-ականներից մինչեւ 2005թ. շրջանը: Գրքում 35 պատմություններ են: «1991-92 թթ. եւ 2005-ին ես եղել եմ բանտերում: Գրքի մի մեծ գլուխ նվիրված է հայաստանյան գաղութներում տիրող իրավիճակներին, գողական աշխարհին, որոնց հետ հանդիպել եմ` մարդկային բազում ճակատագրերի հետ կապված: Իմ գրելուց հետո Վանո Սիրադեղյանն արդեն հեռուստացույցեր եւ հեռախոսներ մտցրեց գաղութներ: Նաեւ 2005թ. եմ գնացել գաղութներ, երբ իրավիճակը լրիվ այլ էր:

Գրքի մյուս գլուխը բավականին ծանր շրջանի մասին է, երբ սովետական զորքերը գնդակահարեցին 14 նոյեմբերյանցի ոստիկանների: Դա 1991թ. մայիսի 6-ին էր, մեծ պատմություն է, որի ականատեսն ու վկան եմ եղել, նաեւ 40 ոստիկանների գերեվարեցին Ղազախում: Անդրադարձ կա նաեւ աղետի գոտուն, 90-ականների իրավիճակին, կոնկրետ դեպքերին, թե ինչպես են որբերի հաշվին որոշ մարդիկ հարստանում:

Կա նաեւ «Մոսկվան արցունքներին չի հավատում» գլուխ, որտեղ մոսկովյան իրավիճակներ են, տարբեր մարդկանց հետ հանդիպումներ, եզակի պատմություններ»,-ասաց հեղինակը:

«Գրքում տեղ է գտել նաեւ «Անկարայում» 2007թ. մեծ իրարանցում առաջացրած իմ մի պատմվածքը: Խոսքը հայ հետախույզի` Թուրքիայի մեջլիսի անդամ լինելու պատմության մասին է: Ինձ «Արմենպրեսից» տեղեկացրին, որ լուր են դրել, որը երեք թուրքական թերթեր` «Հյուրիեթը», «Զամանը» եւ եւս մեկն ամբողջությամբ արտատպել էին ու ստիպել, որ Մեջլիսի նախագահը ասուլիս տա ու հերքի իմ ասածները: Նա էլ հերքել էր իմ պատմվածքի տվյալները, թե այդպիսի բան 80-ականներին չէր կարող լինել: Ես էլ գրեցի` քանի որ դուք ինձ կարդում եք, հայտնեմ, որ 80-ականների մասին ոչինչ չեմ ասել, սա 1946-52թթ. մասին է»,- նշեց մեր զրուցակիցը` հավելելով, որ այլ պատմություններ էլ են ընդգրկված գրքում:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Աշոտ Աղաբաբյանի գրքերի թարգմանություններին: Նա հայտնեց, որ Իրանում թարգմանվել են իր վեպերը, երբեմն առանց իր թույլտվության. «Պարսկերեն տպագրվել, ապա վերահրատարակվել է իմ «Ռեզիդենտը» վեպը, «Մենակը» տպագրվել է իմ թույլտվությամբ, թարգմանիչը հայ է՝ Անդրանիկ Խեչումյանը: Երկու գրքերն էլ քանիցս թարգմանել ու վերահրատարակել են: Երբ տարիներ առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին Երեւանում էր Ասղար Ֆարհադին, ես նրան նվիրեցի իմ «Մենակը»` պարսկերեն, ինքն ասաց, որ «Ռեզիդենտը» եւս ունի: Նաեւ ասաց, որ դա իր թեման չէ, բայց ուրախ է, որ 12 մասանոց ֆիլմ են նկարում, որը ես դադարեցրել եմ, քանի որ պայման էր խախտվել:

Պարսիկները 2 ամիս բանակցեցին նամակով, որ թույլ տամ թարգմանել «Գաղտնիքների տիրակալը»: Անդրանիկ Խեչումյանն արդեն թարգմանել է իմ այդ 600 էջանոց վեպը, որի 400 էջում դեպքերը կատարվում են Թեհրանում: Այն Իվան Աղայանցի մասին է, ԽՍՀՄ-ի ամենակարող հետախույզի: Մինչեւ 2014թ. իր մասին խոսել չէր կարելի: Քանի որ գրքի 400 էջերում գործողությունները տեղի են ունենում Թեհրանում, պարսիկներին դա շատ է հետաքրքրել: Կարծեմ ցանկանում են տպագրել 10 հազար օրինակով: «Գաղտնիքների տիրակալը», որ Իվան Աղայանցի եւ Վարդանյան ամուսինների թեհրանյան շրջանի մասին է, իմ վեպերի մեջ ամենաշատ ինֆորմացիա պարունակողն է, որովհետեւ ես հարուստ ինֆորմացիա ստացել եմ նաեւ իմ «Թակարդ» վեպի իրական հերոսի աջակցությամբ: Շատ բաներ կան, որոնց մասին առաջին անգամ է գրվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
06.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031