Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով եմ՝ մի քանի տարի հետո հայաստանյան ռեստորաններում էլ հնարավոր կլինի վայելել կանադական բարձրորակ լոբստեր եւ ոստրե». կանադահայ գործարար

Հուլիս 30,2022 20:34

Կանադական մթերքների մասին հայաստանցիները, թերեւս, շատ քիչ բան գիտեն: Խոհանոցով հետաքրքրվողներն առավելագույնը հիշեն թխկու օշարակը, որը վաղուց կա երեւանյան սուպերմարկետներում եւ ինչ-որ առումով Կանադայի խորհրդանիշերից մեկն է, հատկապես եթե նկատի ունենանք, որ հենց թխկու տերեւն է նկարված Կանադայի դրոշի վրա:

Այնինչ, պարզվում է՝ Կանադան վաղուց արդեն աշխարհում առանցքային դեր ունի ոչ միայն ընդեղենի՝ ոսպի, ոլոռի, սիսեռի, լոբու տեսակների արտադրության եւ արտահանման առումով, այլեւ համարվում է բարձրորակ եւ նրբահամ խոզի մսի խոշոր արտադրողներից մեկը, ինչպես նաեւ՝ ծովամթերքի, մասնավորապես՝ լոբստերի, ոստրեի, ծովակատարի եւ ծովախեցգետնի, տառեխի, վայրի սաղմոնի գլխավոր արտահանողներից մեկը: Ընդ որում՝ կանադական ծովամթերքն իր որակային հատկանիշներով բարձրակարգերից մեկն է աշխարհում:

Պատճառն, իհարկե, Կանադայի բնությունն է: Թեեւ իր տարածքով Կանադան աշխարհում երկրորդն է, սակայն բնակչությունը՝ տարածքի համեմատ, բավականին նոսր է: Հարյուրավոր կիլոմետրերով ձգվում են կուսական անտառներ, երկու կողմից Կանադայի մաքրամաքուր ափերը ողողում են օվկիանոսները…

Այս ամենի մասին այսօր տեղեկացանք ՌԴ-ում Կանադայի դեսպանատան նախաձեռնությամբ եւ կանադական truLocal.Inc. եւ MoonFishLTD ընկերությունների համագործակցությամբ կազմակերպված՝ հայաստանյան ներկրողների եւ ռեստորատորների համար նախատեսված համտես-միջոցառմանը՝ նվիրված կանադական սննդարտադրության որակին եւ հատկանիշներին, որը կայացավ «Մայրիկ» ռեստորանում: «Մայրիկի» խոհարարները հետաքրքիր մենյու էին կազմել, որի հիմքում այդ ռեստորանի ճաշացանկին համապատասխան ուտեստներ էին, սակայն, պատրաստված կանադական մթերքներով:

Կանադական ոսպով եւ սիսեռով քյուֆթաները, կանադական քեյլով աղցանը, կանադական խոզի փափկամիսը՝ կանադական սիսեռից պատրաստված հումուսով, կանադական ծովախեցգետնով պատրաստված պայելյան, կանադական կաթի փոշով պատրաստված կաթնային պուդինգը եւ կանադական թխկու օշարակով պատրաստված սարի բուրման անտարբեր չթողեցին ներկաներից ոչ մեկին:

Կանադայի սննդարտադրության, մասնավորապես՝ խոզի մսի եւ ծովամթերքի մասին բազմաբովանդակ տեղեկությունները տրամադրեց միջոցառման կազմակերպիչներից՝ կանադական truLocal.Inc-ի ներկայացուցիչ Կամո Մայիլյանը, որն արդեն տասը տարի է, ինչ ապրում եւ աշխատում է Կանադայում: Նա վստահություն հայտնեց, որ շատ շուտով՝ առնվազն մեկ տարուց, Հայաստան կներկրվի կանադական կարագ եւ կաթի փոշի, իսկ որոշ ժամանակ անց՝ նաեւ կանադական բարձրակարգ ծովամթերք:

Կանադական ոսպով եւ սիսեռով քյուֆթաները, կանադական քեյլով աղցանը, կանադական խոզի փափկամիսը՝ կանադական սիսեռից պատրաստված հումուսով, կանադական ծովախեցգետնով պատրաստված պայելյան, կանադական կաթի փոշով պատրաստված կաթնային պուդինգը եւ կանադական թխկու օշարակով պատրաստված սարի բուրման անտարբեր չթողեցին ներկաներից ոչ մեկին:

Հաշվի առնելով, որ Կանադան արդեն իսկ հայտարարել է Հայաստանում դեսպանություն բացելու մտադրության մասին, կարելի է ենթադրել, որ շուտով հայաստանյան շուկայում հնարավոր կլինի գտնել այս բոլոր մթերքները, գումարած՝ կանադական բարձրորակ կարագը, եւ շատ հայտնի սառցե գինիները՝ icewine-ները, որոնք հիմնականում պատրաստվում են Նիագարայի ջրվեժի հարեւանությամբ տեղակայված այգիների խաղողից:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031