Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան. Գտնել ձևը խաթարելու փոխադարձ պարտավորությունների կատարումն այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ չեն սկսել խոսել քաղաքակիրթ տարանցիկ ճանապարհի մասին

Օգոստոս 31,2022 15:47

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ապրիլին երկու ծավալուն հարցազրույց է տվել` մեկը աշխարհակարգի, մյուսը Հարավային Կովկասի մասին, երկուսն էլ ռուսերենով` հետևաբար ոչ միայն ադրբեջանական լսարանի համար։

Եվ ահա այդ հարցազրույցում խոսելով ապաշրջափակման մասին Մամեդյարովը ասում է, որ «միջանցքի թեման Հայաստանի գործն է, չեն ուզում` թող չուզեն, մենք մեր հարցը լուծել ենք, Իրանով ճանապարհ ենք տարել, բայց թող հետո չփոշմանեն, որովհետև ռեգիոնալ խաղացողներին արդյունքներ են պետք»։ Մյուս հարցազրույցում շատ ավելի կոնկրետ տեքստով է ասում «Եթե նրանք չուզենան, նրանց կստիպեն միջազգային ուժերը, այդ թվում առաջին հերթին (այստեղ աֆերիստ ժպիտով) հարևանները` Ռուսաստանն ու Թուրքիան, որովհետև նման գեոպոլիտիկ մասշտաբի պրոյեկտը հնարավոր չէ խոչընդոտել»։

Մամեդյարովը առանձնապես ոչ մի նոր բան չի ասում։ Նա ասում է, որ իրենք իրենց հարցը լուծել են ու միջանցքի թեման առաջին հերթին իրենց թեման չի։ Ինչո՞վ է սա կարևոր։ Նրանով, որ մեր «փորձագիտական» դաշտը հասկանա, որ խոսելով դրա մասին Ադրբեջանի հետ մենք իրականում Ադրբեջանի հետ չի, որ խոսում ենք։ Ու տխմար լուծումները, որ առաջարկվում են` Ադրբեջանին մի ուրիշ բան զիջելով էս թեման փակելու համար, չեն աշխատելու, որովհետև Ադրբեջանը ինքն իրենով մոտիվացված չի էդ հարցի վրա ահռելի ռեսուրս դնելու, այլ պարզապես նրա վզին դրած է այդ հարցի դրոշակակիրը լինել, իրենք էլ անում են ու անկախ նրանից, թե դու ինչ կզիջես` իրենք չեն այդ հարցի տերը, որ ասեն «լավ, էլ պետք չի»։ Ավելին, Ադրբեջանը շատ հարմար շահարկեց այս պրոյեկտի շուրջ հակասությունները, Իրանի հետ լուծեց իր հարցերն ու ապահովագրեց իրեն պրոցեսի ցանկացած ելքից, հիմա էլ ձեռքի հետ իր վրա դրված գործն է անում՝ «պահանջում է», մինչև հարցի գինը այնքան բարձրանա, որ ստիպված լինեն Ադրբեջանին վճարել սեփական երեխաների միսը դրած էդ հարցը լուծելու համար, առանց վճարի նրանք ոչինչ չեն ձեռնարկելու։

Մամեդյարովը նաև քմծիծաղով նկատում է, որ «Հայերը ասում են, որ հարյուրավոր միլիոններ են պատրաստվում ծախսել երկաթուղու գծի վրա, բայց հաշվի առնելով, որ այնտեղ Հարավկովկասյան երկաթուղիներն են, ինձ չի թվում, որ այդ փողը իրենք են ծախսելու»։

Իտալական մաֆիան հաճախ էր գալիս կարտելային համաձայնությունների` ջենթլմենական պայմանավորվածություն էին ձեռք բերում տարածքները ու ոլորտները կիսելու շուրջ, ու ամեն մեկը իր բաժին կտրում՝ մոնոպոլիստ էր դառնում։ Էսպիսի համաձայնությունները կայանում էին ընդգծված ուժեղ երկու հակառակորդների ու նրանց աջակցող ավելի փոքր ընտանիքների առկայության պայմաններում։ Կարտելային խաղաղության դարաշրջանը թույլ էր տալիս, որ փոքր ընտանիքներից ինչ-որ մեկը ջանասիրության ու ինովացիայի միջոցով էնքան աճի, որ սկսի վտանգ ներկայացնել ամենախոշոր երկուսի համար` ընդ որում թե՛ դաշնակից խոշորի, թե՛ թշնամի խոշորի։ Բայց, քանի որ կարտելային համաձայնությունը թույլ չէր տալիս հարցը զենքով կամ դեմփինգով լուծել` խոշոր երկուսը գաղտնի համաձայնության էին գալիս, բաշխում պատասխանատվությունները, գտնում էին էդ նոր աճող ընտանիքի տարածքում հավակնոտ, բայց ճնշված ինչ-որ մեկին, ապրանք, զենք ու դուխ տալիս, մտցնում մրցակցության մեջ։

Եթե աճող ընտանիքը հիմար էր լինում` մի քանի փոխհրաձգություններից հետո չէր հասկանում, որ նորեկը չի պրոբլեմը։ Հիմարաբար դիմում էր կարտելի խորհրդին ու հատկապես դաշնակից խոշորին, որ կոշտ միջամտեն, օգնեն հարցը լուծել։ Նրանք էլ «օգնում էին» այնպես, որ մի քանի ամիս հետո աճող ընտանիքը սնանկանում ու ցեղասպանվում էր։

Եթե հիմար չէր լինում` երկու-երեք փոխհրաձգությունից հետո հասկանում էր, որ նորեկը ոչ միայն միայնակ չի, այլ գործում է համընդհանուր կոնսենսուսի շրջանակներում, որովհետև հակառակ դեպքում կարտելի մյուս անդամները ավելի շուտ բունտ կանեին անկարգության դեմ, քան նույնիսկ պրոբլեմի տերը կհասցներ դիմել նրանց։ Էդ դեպքում խելոք ընտանիքի ռազմավարությունն էր դառնում ոչ թե դիմադրել կամ հաղթել դրածոյին, այլ այնպես անել, որ խոշոր երկուսը չկարողանան կատարել իրենց միմյանց առաջ ստանձնած պարտավորությունները։ Օրինակ` կտրում էին մատակարարման շղթան, պայթեցնում էին խոշորներից մեկի զինապահեստը, բռնել էին տալիս խոշորներից մեկի լոգիստիկ պատասխանատուներին։ Ու երբ դաշինքը բանկրոտ էր գնում խոշորներից մեկի անկարողության բերումով` աճող ընտանիքը գնում էր մյուս խոշորի հետ պայմանավորվում ու վերականգնում խաղաղությունը` գրավելով նոր տնտեսական հզորություններ ու գերիշխանություն։ Այ էդ ժամանակ նոր զբաղվում էր դրածոյով. կամ ցեղասպանում կամ գործի էր ընդունում։

Էս իտալական շեղումը նրա համար էր, որ ցույց տամ միջազգային հարաբերությունների էն էությունը, որը թաքուն է մնում քաղաքավարի բառապաշարի, թանկարժեք դռների ու երբեք անձամբ մարդ չսպանած նուրբ թաթիկներով դիվանագետների թիկունքում։

Հետ գալով Հարավային Կովկաս, մեր առաջ ծառացած խնդիրը բավականաչափ հստակ է` գտնել ձևը խաթարելու փոխադարձ պարտավորությունների կատարումը այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ չեն սկսել խոսել քաղաքակիրթ տարանցիկ ճանապարհի մասին։ Իսկ մնացած բառադի խոսակցությունները` Ադրբեջանին ջախջախելու կամ Ադրբեջանին մի բան զիջելով թեման փակելու մասին, երևի կամաց-կամաց արժի բանի տեղ չդնել։

Հ.Գ. Ի դեպ Մամեդյարովը պատմում էր նաև, որ ինքը բանակցություններում ասում էր «Մենք հիմար չենք, չէ՞, որ ուղիղ հարձակվենք Հայաստանի վրա ու անունը դնենք պատերազմ, մենք ձև կգտնենք դա անելու այնպես, որ կոչվի «ճգնաժամ» ու այդ ճգնաժամը լինի կառավարելի` որոշակի տարածքի վրա սահմանափակված», իսկ հետո ավելացնում է «և, երբ ես մի անգամ ասացի` դուք բոլորդ հասկանում եք, չէ՞, որ այսպես երկար շարունակվել չի կարող, մի օր մենք կմտնենք ճգնաժամի մեջ, համանախագահներից մեկը բացականչեց՝ դե սարքեք էդ անտեր ճգնաժամը, որ մենք, վերջապես, շարժվենք այս մեռյալ կետից»։

«Կառավարվող ճգնաժամ» ահա այն տիպիկ անվանումը, որը կարելի է տալ կապիտուլյացիոն ակտի օրը տեղ հասնող ՀՕՊ համակարգերի, Հայաստանի տարածքին չխփելու բերումով չաշխատող ՀԱՊԿ-ի, չստորագրվող փաստաթղթերի բանակցություններում անջատվող ՀՕՊ համակարգերի ու, առհասարակ, 2020 թվականի պատերազմի մասին։ Կառավարվող ճգնաժամ, որտեղ կառավարվում է սկիզբը, կառավարվում է ընթացքը, կառավարվում է ավարտը, կառավարվում են միտինգներն ու ընտրությունները, որ հանկարծ ոչինչ չսպառնա «միջազգային ուժերին»։ Կարելի է նույնիսկ՝ «հեռակառավարվող ճգնաժամ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031