Aravot.am-ը Ամասիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Բարոյական արժեքներ» նորաստեղծ կուսակցության համայնքապետի թեկնածու Սամվել Ղարիբյանից հետաքրքրվեց, թե ունի՞ շանսեր այսօրվա ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելու։
«Ես հույս ունեի, որ Ամասիայում արդար ընտրություններ պետք է լինեին, բայց Ամասիայում արդար ընտրություններ միանշանակ չեն լինելու․ խախտումներ չեն եղել, ճնշումներ են եղել պետական, ու դա ոչ թե վերևների հրահանգով, այլ մարզային ու համայնքային իշխանությունների։
Հաղթելու շանսերը շատ մեծ էին, բայց օգտագործվել են այլ միջոցներ, մենք ուղիղ ընտրողներից այդ ամենը իմացել ենք, ընտրողներն են մեզ ասում, որ նման բան է կատարվում, շատ կեղտոտ մոտեցում է։ Մնացածը արդյունքները ցույց կտան»։
Կարդացեք նաև
Սամվել Ղարիբյանը եղել է Ամասիայի ՔՊ կառույցի ղեկավարը, նա կուսակցությունից հեռացել է վերջերս, այն պահին, երբ երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանը ՔՊ դառնալու դիմում է ներկայացրել ու դարձել է ՔՊ-ի նախընտրած թեկնածուն ՏԻՄ ընտրություններում։
ՔՊ-ականները քարոզարշավի ժամանակ նշում էին, որ Սամվել Ղարիբյանը շարունակում է հանդես գալ ՔՊ-ի՝ վարչապետի ու մարզպետի անունից։
Մենք թեկնածուին հարցրեցինք՝ ճի՞շտ են արդյոք այս քննադատությունները։
«Ես ՔՊ-ի անունից երբևիցե հանդես չեմ եկել, ես ունեմ շատ լավ անուն․ անունս Սամվել, ազգանունս էլ ՝Ղարիբյան, ամբողջը ճանաչում են ինձ, ամբողջ Ջավախքն էլ, Երևանն էլ, Շիրակն է, Աշոցքն էլ, Ամասիան էլ, ինչի մասին է խոսքը, կտեսնենք, ամեն ինչ կերևա՝ ինչ կկատարվի։
Ես ՔՊ-ի անունը երբևիցե չեմ տվել, ես ուղիղ ունեմ անուն-ազգանուն, որը հպարտորեն տարածում եմ», -ասաց մեր զրուցակիցը։
Մեր այն հարցին էլ, թե կա՞ն ՔՊ-ականներ, որոնք ձեզ են սատարում, պատասխանեց․ «Ես չգիտեմ որ ՔՊ-ականներն են էստեղ, Ամասիայում եղել է մեկ ՔՊ, դա եղել է Սամվել Ղարիբյանը, ես դա չեմ թաքցնում, իմ շուրջն է եղել ՔՊ-ն, ես եմ ստեղծել ՔՊ-ն Ամասիայում, Ամասիայում ՔՊ գոյութուն չի ունեցել։
Կոնկրետ իմ անձով պայմանավորված է այդ ամենը եղել, հիմա էսօր, ցավոք սրտի, փլուզվել է, մենք խնդիր չունենք մտածելու, մտածողները թող մտածեն, մենք ապրող, արարող, ստեղծող մարդիկ ենք։ Երբևիցե չենք դիտարկել իշխանությունը որպես անձնական շահ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































