Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ փոշմանել, որ դիմել եմ ՔՊ-ին՝ կուսակցական դառնալու համար»․ Ամասիայի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ

Նոյեմբեր 29,2026 20:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամասիայի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, որն այսօրվա ՏԻՄ ընտրություններում հանդես է գալիս որպես ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, դիմում էր ներկայացրել իշխող կուսակցությանը՝ անդամակցելու։ Նա տեղեկացրեց, որ դեռ իր կուսակցական դառնալը չի հաստատվել, սակայն չի էլ փոշմանել, որ դիմել է ՔՊ-ին՝ կուսակցական դառնալու համար։

«Հանուն մեր համայնքի զարգացման՝  ես չեմ փոշմանել, որ դիմել եմ ՔՊ-ին, որովհետև դա ինձ ավելի շատ հնարավորություն կտա մեծ ծրագրերն իրականցնելու։ Եվ դա դառնում է փաստ, այսօրվա դրությամբ կառավարությունը մրցույթ է հայտարարել  17 կիլոմետր Ամասիա-Բերդաշեն ճանապարհի, Շաղիկ-Բավրա ճանապարհի 29 կիլոմետր հատվածների ասֆալտապատման համար։

Իսկ դա մեր համայնքի զարգացման համար էականորեն կարևոր նշանակություն ունի, դա հնարավորություն  կա մեր համայնքում զբոսաշրջության զարգացմանը, բնակիչներին էլ հնարավորություն կտա իրենց ունեցած էկոլոգիապես մաքուր սննդամթերքը վաճառել և ունենալ լրացուցիչ եկամուտ»։

Մեր հարցին, թե իր ընտրազանգվածին տեղյակ պահե՞լ  էր իր ՔՊ-ական դառնալու մտադրության մասին, Ջեմմա Հարությունյանը պատասխանեց․ «Այո, ես իմ համախոհների հետ կիսվել եմ։Որ էդպես չլիներ, ես չէի ունենա 45 ավագանու թեկնածուներ, որտեղ և՛ կան երիտասարդներ և՛ ինձ նման մեծահասակներ և՛ տարբեր մասնագիտության մարդիկ՝ և՛ մանկավարժներ և՛ հաշվապահներ և՛ այլ մասնագետներ»։

Թեկնածուն ասաց, որ  առանձնապես տարբերություն  չի զգում ժամանակին ընդդիմադիր, այժմ է իշխանական թեկնածու լինելու մեջ։

«Ես տարբերությունը զգացել եմ իմ աշխատանքի ընթացքում ՝տարբեր մարզպետների ժամանակ։ Եղել են մարզպետներ, որոնց հետ աշխատել եմ շատ նորմալ, տարբերություն չեն դրել, որ ես իրենց խմբակցությունից չեմ, բայց եղել են նաև մարզպետներ, որոնք իմ աշխատանքը բավական խոչընդոտել են, չեմ ուզում ընդարձակվել»։

Ջեմմա Հարությունյանը համոզված է, որ այսօր հաղթելու են՝ ձայների բարձր տոկոսով։

«Նման համոզմունք ունեմ, որովհետև ես  շփվել եմ մեր բնակիչների հետ, ոչ մի գյուղում, նույնիսկ ընդդիմադիրներից խիստ քննադատություն չեմ ստացել», -ասաց Ջեմմա Հարությունյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել