Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մարմինս փշաքաղվում է, ասում եմ` Հասմիկ, այս երգը մարդու չտաս, իմն է». Սիպիլը` նոր երգի մասին

Սեպտեմբեր 09,2022 15:43 Share

Կայացավ պոլսահայ երգչուհի Սիպիլի նոր`«Երգն իմ թևերն է» երգի տեսահոլովակի պրեմիերան: Երգը գրվել է հատուկ Սիպիլի համար, եւ ինչպես երգչուհին նշեց, փոխանցում է իր գաղափարներն ու նպատակը՝ հայ երգի սփռմամբ հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան աշխարհին ներկայացնելը։ Սիպիլն ասաց, որ վերջին շրջանի իր երգերն ավել շատ պատմել են հային պատուհասած աղետների մասին, իսկ նոր երգը, դարձյալ պատմելով մեր մասին, ավելի ուրախ տրամադրություն է արթնացնում: Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Ռազմիկ Գրիգորյանը: Համացանցում տեսահոլովակը կունենա անգլերեն եւ թուրքերեն բովանդակային սեղմագրեր: Երգը թրքալեզու հանրությանը հասանելի դարձնելու միտքը եւս Սիպիլինն է:


Հասմիկ Հախվերդյանը նշեց, որ սա Սիպիլի հետ արդեն չորրորդ համագործակցությունն է, թեեւ պլաններ շատ ունեն, բայց այնպես է ստացվել, որ տարին մեկ անգամ Սիպիլը մեկ նոր երգ, մեկ նոր տեսահոլովակ է նվիրում հայրենիքը սիրող հայերին: Նա անդրադարձավ նաեւ իրենց նախորդ համատեղ աշխատանքին` «Ավրորայի աղոթքը» երգին, որը նրա ձեւակերպմամբ մասշտաբային աշխատանք էր: «Սիպիլի մեծ երազանքն է եղել աշխարհին իր շուրթերով հայոց լեզուն, հայոց պատմությունը ներկայացնելը, կարծում եմ տեսահոլովակը դիտելով կհասկանաք, որ երգը Սիպիլի մասին է եւ հենց իր համար է գրված: Այն գրել եմ իր երազանքներին հետեւելով»,-նշեց երգի հեղինակը:


Սիպիլի ձեւակերպմամբ, շատ ընկալելի են ինքն ու Հասմիկ Հախվերդյանը, եւ նրա` իր համար գրած երգերը միշտ հոգեհարազատ են. «Հասմիկը ինձ պարբերաբար երգեր է ուղարկում, երբ մարմինս փշաքաղվում է, ասում եմ` Հասմիկ, սա մարդու չտաս, սա իմն է: Ես այն առավելությունն ունեմ, որ իր ստեղծագործություններն առաջին անգամ լսողը ես եմ»,-ասաց երգչուհին։


Տեսահոլովակի պրեմիերային, ի թիվս այլոց, ներկա էր նաեւ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա շնորհավորելով Սիպիլին, ասաց, որ վստահ է երգի հետագա հաջողությունների հարցում: «Ուզում եմ նշել, որ իմ աշխատանքի ընթացքում եւ հիմա էլ շատ եմ զգացել Սիպիլի աջակցությունը, երբ տարբեր զեկույցներ, թեմաներ էինք քննարկում հայատյացության հետ կապված, ցեղասպան քաղաքականության հիմքերը եւ այլն, պատերազմական հանցանքների ապացույցներ էինք ներկայացնում, Սիպիլը շատ էր օգնում: Ես միշտ զարմանում էի իր ապրելու վայրը նկատի ունենալով, թե ինչ մեծ համարձակություն ունի: Սա հիացմունքի արժանի է, ու ամենակարեւորը` Սիպիլը որեւէ տեղ չէր ասում այդ մասին, չէր ցուցադրում իր արածները: Ես ուզում եմ բոլորն իմանան, թե որքան հայրենասեր ես դու»,-ասաց Արման Թաթոյանը:

Սիպիլը ցանկություն հայտնեց, որ Արման Թաթոյանի նման մարդիկ շատ լինեն քաղաքական դաշտում:

Ասաց նաեւ, որ հայերին չպետք է տարանջատել պոլսահայերի, սիրահայերի եւ այլ հայերի. «Բոլորս հայ ենք, պետք է իրար ուժ տանք»:

Սիպիլի հյուրերի թվում էր Արցախյան երրորդ պատերազմի մասնակիցներից մեկը, որի ներկայությունից երգչուհին հուզվել էր:

ԳԱԱ Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն ասաց, որ հիացած է երգով եւ տեսահոլովակով, ասաց, որ այն ստեղծողներ մեջ ծովից ծով Հայաստան կա:


Տեսահոլովակի ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը նշեց, որ սյուժետային գիծը կառուցել են՝ հավատարիմ մնալով երգի բառերին ու Սիպիլի խառնվածքին. «Երգչուհին վերադառնում է իր տուն, հայրենիք, որտեղ իրեն սպասում են… Գալիս է իր տուն, տան լույսերը վառվում են: Այսինքն, Հայաստան վերադարձող ցանկացած հայի այստեղ սպասում են, ու մի լույս է վառվում իր գալով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930