Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սերիալներ նայում են ոչ այնքան ինչ-որ բան սովորելու համար, որքան իրականությունից կտրվելու»․ Արտակ Ալեքսանյան

Հոկտեմբեր 10,2022 13:54

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն Արտակ Ալեքսանյանից հետաքրքրվեց․ «Սերիալների մասին շատ հակասական եւ իրարամերժ կարծիքներ կան։ Գաղտնիք չէ, որ որոշակի դժգոհություն կա բովանդակությունից։ Մենք նայում ենք ձեր սերիալները։ Ասացիք, որ հաշմանդամություն ունեցող տղայի մասին ֆիլմ ունեք, որը նայել եմ, գեղեցիկ լուծումներ ունի։ Համենայն դեպս, դուք ի՞նչ եք մտածում, մեզանում սերիալների հասարակական պահանջարկը, որը հիմա կա, եւ որին որոշ չափով նաեւ դուք եք տուրք տալիս, հնարավո՞ր է փոխել, դարձնել կոնցեպցիոն, ավելի լուրջ խնդիրներ դնել՝ հասարակական, հոգեբանական, գեղագիտական․․․ամեն ինչ։ Ի՞նչ եք մտածում, ի՞նչ պլաններ ունեք, որպեսզի ձեր սերիալները դուրս լինեն ընդհանուր տրամաբանությունից»։

Արտակ Ալեքսանյանը պատասխանեց․ «Համամիտ եմ, որ ունենք հաջողված սերիալներ եւ սերիալներ, որոնք հանրային քննարկման են ենթարկվում։ Մի քանի հանգամանք է պետք հաշվի առնել։ Նախ, որ սերիալ դիտողները բավականին կոնսերվատիվ մարդիկ են եւ սովոր են դիտել որոշակի բովանդակության սերիալներ։ Սովորաբար, դրանք պարզ, մարդկային հարաբերությունների մասին են։ Սերիալներ նայում են ոչ այնքան ինչ-որ բան սովորելու համար, որքան իրականությունից կտրվելու։ Հետեւաբար, այդ իրականությունը պետք է իրենց ծանոթ լինի»։

Հակոբ Մովսեսը հարցրեց․ «Այսինքն, մտածում եք, որ դա թմրանյութի պես մի բա՞ն է մեր ժողովրդի համար»։ Արտակ Ալեքսանյանը չհամաձայնեց․ «Ոչ, մտածում եմ, որ դա փախուստ է իրականությունից՝ կտրվելու համար, որ գոնե մեկ ժամով կտրվեն սոցիալական խնդիրներից։ Այդ սերիալներն, օրինակ, նայում են նաեւ Իշխանասարում, որտեղ մարդիկ գիտեն, թե ինչ բարդ դրության մեջ են, եւ այդ հիսուն րոպեն ուզում են կտրվել նրանից, ինչը շրջապատում է։ Բայց դա չի նշանակում, որ սերիալները պետք է ամբողջությամբ ստերիլ լինեն։ Այդ պատճառով մենք հաշմանդամություն ունեցող տղայի կերպարը ներմուծեցինք՝ խորհրդակցելով հոգեբանների հետ։ Մենք բազմիցս անդրադարձել ենք նաեւ ընտանեկան բռնության թեմային՝ խորհրդակցելով խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ»։

Արտակ Ալեքսանյանը շեշտեց․ «Շատ է խոսվում այն մասին, թե սերիալային լեզուն ինչպիսին պետք է լինի։ Կարծում եմ՝ չպետք է շարժվենք լեզուն ամբողջությամբ մաքրազերծելու ճանապարհով, որովհետեւ դա կլինի արհեստական։ Օրինակ, եթե խոսքը 19-րդ դարի իրադարձություների մասին է, ապա դրա լեզուն այլ պետք է լինի։ Փորձել ենք այսօրվա խնդիրների մասին պատմել արհեստական լեզվով, եւ դա չի աշխատել։ Անընդհատ փորձում ենք բարելավել սերիալների որակը, հերոսների կերպարը, նրանց խնդիրները, բայց, մյուս կողմից, ունենք ժանրի սահմանափակումներ։ Հետեւաբար, դա դանդաղ է տեղի ունենում, բայց եթե նայեք «Արմենիայի» արտադրած հեռուստասերիալները տասը տարի առաջ եւ հիմա, ապա որակապես տարբեր են դրանք՝ տեխնիկական կատարմամբ, դերասանական խաղով, սցենարական աշխատանքով։ Այո, սերիալներում չեն կարող չլինել խնդիրներ, դրանք աստիճանաբար շտկվում են։ Բայց եւ գիտենք, որ դրանք դիտում են բավականին կոնսերվատիվ ճաշակ ունեցողներ, ուստի հաշվի ենք առնում մեր հեռուստադիտողների նախասիրությունները»։

Հաջորդիվ Հակոբ Մովսեսը հարցրեց․ «Կոնսերվատիվ ճաշակ ասելով ի՞նչ եք հասկանում, տգետ ճաշա՞կ»։

Արտակ Ալեքսանյանը պատասխանեց․ «Դա նշանակում է, որ մենք չենք կարող, օրինակ, կիբերհանցագործությունների մասին սերիալ նկարել։ Նկարում ենք կենցաղային թեմաների մասին։ Այսինքն, 60 տարեկան տատիկին կիբերհանցագործությունների, «Ֆեյսբուքի» կամ կրիպտոարժույթների մասին պատմելը․․․դժվար է»։

ՀՌՀ անդամ Արթուր Մանուկյանն էլ իր հերթին հետաքրքրվեց․ «Մի հաղորդում աչքիս ընկավ՝ «Կորիզը», որի նպատակները գովելի են եւ ոգեւորող։ Բայց մի բան աչքս ծակեց, որ անվանումը լատինատառ է։ Ինչո՞ւ»։ Արտակ Ալեքսանյանը պատասխանեց․ «Դա Dasaran.am-ի բրենդինգն է։ Մեր եթերում այն լինելու է հայերեն։ Մենք պահպանել ենք իրենց բրենդինգը»։

Արտակ Ալեքսանյանին այլ հարցեր չուղղվեցին։ Նա ներկայացրեց «Արմենիա» հեռուստաընկերության եթերային քաղաքականությունը, բովանդակությունը, տեխնիկական հնարավորություններն ու նոր նախագծերը, արտակարգ իրավիճակներում աշխատելու եւ հեռարձակման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հրապարակվում են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը։ Առաջիկա երկու ամսում հանձնաժողովն ուսումնասիրելու է մրցույթի մասնակից հեռուստաընկերությունների հայտերը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31