Ներկայիս քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանն առաջարկեց ձևավորել կոլեգիալ մի մարմին, որում ընդգրկվողների համար սահմանվեն 7 կարմիր գծեր:
«Այդ մարդիկ պետք է լինեն՝ 1.Հայաստանի պետականության պահպանման, ինքնիշխանության, 2.Արցախի ինքնորոշման ճանաչման, 3.Ցեղասպանության միջազգային ճանաչման հատուցման սատարման, 4.Հայոց բանակի հզորացման, 5. Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ արժևորման, 6.Ազգային արժեքների պահպանման, 7.Կոռուպցիայի իրական վերացման կողմնակից»,-նշեց Արա Զոհրաբյանն ու ավելացրեց, որ այսօր հասարակության մի ստվար զանգված դեռ «քնած է», իսկ «արթնացածների» մի մասին էլ անհանգստացնում է, այսպես կոչված, նախկինների վերադարձը, ուստի իրավիճակից դուրս գալու այս դեղատոմսն են առաջարկում: Նրա կարծիքով, գոյություն չունի որևէ անձ, անհատ, փրկիչ, որի վրա հույս դնելով կարելի է ելքեր կառուցել:
Անդրադառնալով, խաղաղության փաստաթղթի ստորագրմանը Արա Զոհրաբյանը, նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը ակտիվ բանակցությունների մեջ լինելով՝ Ալիևի և Էրդողանի հետ, այնպիսի փաստաթուղթ է ստորագրելու, որով Արցախի հարցը մեկընդմիշտ թաղվելու է այդ հաշտության փաստաթղթի տակ, այսպես ասած ՝անկլավները հանձնվելու են Ադրբեջանին, լուծվելու է Ալիևի խոսքով՝ միջանցքի, Փաշինյանի որակմամբ՝ ճանապարհի հարցը, լուծվելու է Թուրքիայի հետ սահմանների խնդիրը, որը «Փաշինյանը ներկայացնելու է որպես հաջողություն»:
Նրա խոսքով, իրավական առումով, Թուրքիայի և Հայաստանի սահմանը վիճելի հարց է, քանի որ 100 տարի առաջ Կարսի պայմանագիրը, որով ճշգրտվում են սահմանները, ստորագրել է ԽՍՀՄ-ն, իսկ Հայաստանն այդ պահին միջազգային ճանաչման սուբյեկտ չի եղել: «Այսօր Փաշինյանը, երբ որ սահմանների ճանաչման հարց է ուզում լուծել, դարձյալ Թուրքիայի օգտին է, քանի որ Թուրքիան վերջնականապես ուզում է այդ հարցը իրավաբանորեն թաղել, հետևաբար Փաշինյանն ավելի մեծ վնաս է հասցնելու մեզ, քան դա առաջին հայացքից թվում է: ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանի սահմանների փոփոխություններն արվում են հանրաքվեի միջոցով։ Նիկոլ Փաշինյանն ինչ թուղթ էլ ստորագրի և իր տրամադրության տակ գտնվող Ազգային ժողովն ինչ էլ վավերացնի՝ միևնույն է, դա լինելու է հակասահմանադրական: Մեր հանրությունը պետք է հանրաքվեով արտահայտի իր կարծիքը: Ես պատկերացնում եմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է անելու հանրաքվեից հրաժարվելու համար. փորձելու է մեկնաբանել, որ Հայաստանի տարածք ասածը՝ այս Հայաստան ասվածի տարածքը չի»:
Կարդացեք նաև
Արա Զոհրաբյանը հավելեց նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերվելիս ևս իրավական խնդիրներ են առաջանում, քանի որ ի տարբերություն Հայաստանի, որը հանրաքվեով է անկախացել՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, Ադրբեջանն անկախացել է իր Գերագույն Խորհրդի որոշմամբ, որպես 1918-1920թթ Ադրբեջանի իրավահաջորդ, և հիմա հարց է առաջանում, թե որ քարտեզները պետք է հիմք ընդունվեն: «Պետք է հասկանալ Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակները: Հիմա այս իշխանությունը մեզ զինաթափում է, մեր փուշը մեզանից հանում են ու խեղճացած տանում են դեպի այդ խաղաղության պայմանագիր: Ես հավատացած եմ, որ եթե օրինակ, Նիկոլ Փաշինյանին հաջողվի այս պայմաններով ստորագրել այդ պայմանագիրը, Արցախից հրաժարվեն, իր ասած, 29 հազ. 800 քառ կմ Հայաստանը մեզ տան, անկլավներն էլ Ադրբեջանին տիրապետությանն անցնի՝ ասելու են գիտեք ինչ, մենք նայեցինք Երևանի անունը Էրիվան է. դա էլ է մերը, այսինքն` ի՞նչ է խանգարելու Ալիևին, որ նա կանգնի: Ես կարծում եմ, Ադրբեջանի միակ կանգառը կարող է լինել նրան ուժեղ հակահարված տալու միջոցով, ուրիշ տարբերակ հնարավոր չի: Մի բան պետք է հասկանանք, որքան ուշ արթնանանք, այնքան ավելի ցավոտ է լինելու»:
Արա Զոհրաբյանը իշխանություններին հիշեցրեց 1992թ. հուլիսի 8-ին ԳԽ-ի ընդունած որոշումը, որում ասված է. հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում: «Այս պառլամենտական ակտը մինչև հիմա ուժի մեջ է և այսօրվա իշխանությունների բոլոր գործողությունները հակասում են պաշտոնական փաստաթղթին, այն վերացված չի, չեղարկված չի, այս փաստաթուղթը շարունակում է գործել և այն քրեաիրավական գնահատական կարող է դառնալ այս իշխանությունների»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































