Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի հայր. «Մեղավորներից պատասխան ստանալը մնում է ուժի մեջ, բայց փոքրիկ Արմանի ծնվելուց հետո մտածում եմ նաեւ զինվոր Արմանիս երազած ապագան իրականություն դարձնելու մասին» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 22,2022 23:30

2020 թվականի հոկտեմբերի 22-ին  Սանասարում հերոսաբար զոհվեց հայրենիքի պաշտպան Ժորա Մարտիրոսյանը: Նա մեկն է հազարավոր այն լուսավոր տղաներից, որոնք հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերեցին ամենաթանկը՝ կյանքը:

44-օրյա պատերազմի տարբեր մարտադաշտերում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով այսօր Ազատության հրապարակում էին հավաքվել որդեկորույս ծնողները, հարազատները, ընկերները, քաղաքացիներ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, որը միջոցառման կազմակերպիչներից մեկն է, Aravot.am-ին ասաց. «Իմ որդին վեց ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, որից հետո՝ Սանասարում: Մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Զոհվել է Իշխանաձորի մերձակայքում: Նա տանկիստ էր եւ որպես իր գործի լավագույն մասնագետ Հայաստանից մասնակցել է Ռուսաստանում անցկացվող տանկային բիաթլոնի մրցումներին: Ընդ որում, պատերազմի առաջին օրը նա եղել է այնտեղ: Հայաստան վերադարձել է պատերազմի երրորդ օրը ու անմիջապես միացել իր զինակիցներին:

Շատ մարդիկ են ջանքեր գործադրել, որպեսզի այսօրվա միջոցառումը կայանա: Շատ դժվարությունների միջով անցանք ու արգելքներ հաղթահարեցինք: Ազատության այս հրապարակում տեղադրվել են Հայոց բանակի 35 հերոսների մեծադիր դիմանկարները, որոնք լուսանկարներից արտանկարել են նկարիչները: Տղաները 44-օրյա պատերազմում զոհվել են տարբեր վայրերում եւ տարբեր օրերի: Իմ որդին զոհվել է երկու տարի առաջ հենց այս օրը: Մենք նրանց հիշատակի այս խորհրդանշական միջոցառումը հատուկ ենք կազմակերպել բացօթյա, Ազատության հրապարակում, որպեսզի հնարավորինս շատ մարդ ներկա լինի, որպեսզի ավելի շատ  մարդիկ ճանաչեն իրենց հերոսներին, լսեն նրանց քաջագործությունների մասին: Ու գուցե դա որոշ չափով մեղմի արդեն կես մարդ դարձած ծնողների վիշտը, սփոփի նրանց, իհարկե, եթե դա հնարավոր է»:

Նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանն էլ լրատվամիջոցներին ասաց, որ Արմանը իր միակ զավակն է եղել: «Դեպքից հետո որոշեցինք, որ իմ Արմանը պիտի վերածնվի: Մինչեւ փոքրիկ Արմանի ծնվելը մի նպատակ ունեի՝ մուռ հանել, պատասխան ստանալ նրանցից, ովքեր մեղավոր են: Անուններ չտամ, այսօր այդ օրը չէ: Փոքրիկ Արմանի ծնվելուց հետո հարցերը շատացել են ու բարդացել: Մուռ հանելը եւ պատասխան ստանալը մնում է ուժի մեջ: Բայց հիմա նաեւ պետք է մտածել երկրի, ապագայի, ազգի մասին, այն ամենը իրականություն դարձնելու մասին, ինչ երազում էին իմ զինվոր Արմանը եւ պատերազմում նահատակված հազարավոր պայծառ երիտասարդները»,-ասաց Արման Ազատյանի հայրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Երանի, թե պատերազմում նահատակված մեր բոլոր երիտասարդներն ու ավագ տարիքի մասնակիցները վերածնվեն՝ թեկուզ իրենց նոր ծնվող եղբայրների և նոր ծնվող կամ ապագայում ծնվելիք թոռների աշխարհ գալով, որոնք կկրեն մեր զոհված հերոսների պատվավոր անունները:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31