Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, Փաշինյանից չենք վախենում»․ Արթուր Խաչատրյանն այն մասին, թե ինչու հարցեր չեն տալիս վարչապետին

Դեկտեմբեր 12,2022 13:48 Share

«Իհարկե, մարտավարությունում փոփոխություններ պետք է լինեն։ ԱԺ աշխատանքի ակտիվության բարձրացման որոշակի մակարդակը նաև այդ մարտավարության փոփոխությանն է վերաբերում», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը, թե ընդդիմությունը փոխե՞լ է իր վերաբերմունքն իշխանության հանդեպ, այլեւս չի՞ շարունակում հայրենիքի փրկության գործը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա համաձայն չէ որակման հետ, թե վերադառնալով խորհրդարանական աշխատանքին՝ ընդդիմությունն իշխանության մասին ավելի կառուցողական, մեղմ ելույթներ է ունենում․ «Դժվար է կառուցել մի բան, երբ չունես համախոհություն, թե ինչ ես կառուցում։ Այո, մենք վերադարձել ենք մեր օրակարգով։ Դրանով փորձ արեցինք համատեղ նիստ գումարել կարմիր գծերի եւ Շուշիի հռչակագրի առնչությամբ, իսկ մեծամասնությունը բոյկոտեց։ Այդ պատճառով դուրս եկանք։ Հիմա նիստերին մասնակցում ենք անվտանգային հարցերով։ Իշխանությունն ասում է՝ բարի եղեք հանձնաժողովի նիստերին էլ մասնակցեք։ Հիմա մենք բարի ենք, թե չար, դա մեր որոշելիքն է։ Հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելը պայմանավորված է  մեծամասնության վարքագծով․ օգտվելով մեծամասնություն լինելուց՝ բոլոր նախագծերը «սպանում» են հենց հանձնաժողովներում»։

Արթուր Խաչատրյանը վստահեցրեց, որ իշխանության մասին իրենց քաղաքական գնահատականներում ոչ մի բան չի փոխվել։ Հարցին, թե ինչու խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը չի գալիս Նիկոլ Փաշինյանին հարցեր տալու, արդյոք վախենո՞ւմ է Փաշինյանից, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ հումորո՞վ ասեմ, թե ոչ, բայց չենք վախենում։ Հարցուպատասխանի ձեւաչափը, ցավոք, բանավեճի հնարավորություն չի տալիս։ Նա պատասխանում է ժամային սահմանափակումը խախտելով, չի պատասխանում կամ պատասխանում է այն, ինչ ուզում է։ Էլ ինչո՞ւ հարց տանք, մանավանդ, եթե գիտենք, թե ինչ է պատասխանելու։ Դա նույնն է, որ լրագրողն ինձ հարց տա, իսկ ես քվանտային ֆիզիկայից խոսեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031