Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Գրիգորյանը բուռն ելույթներ է ունենում անվտանգության մասին, բայց հանձնաժողովի նիստերին չի մասնակցում»․ Քոչարյան

Դեկտեմբեր 12,2022 12:19

«Չգիտե՞ք, որ ընդդիմությունը գնաց անվերադարձ։ Չի մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների որոշ դրվագներին է միայն մասնակցում։ Ոչ բոլորը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս ընթացքում ընդդիմությունը մասնակցե՞լ  է 2020թ․-ի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

«Մենք նոր անդամ ունենք՝ Աննա Գրիգորյանը, որն ամիսներ առաջ փոխարինեց պարոն Ղազինյանին։ Շատ բուռն ելույթներ է ունենում անվտանգության մասին, բայց պաշտպանության հանձնաժողովի նիստերին չի մասնակցում։ Իրեն անգամ խնդրել եմ՝ որպեսզի նման ելույթներն ավելի լավ հնչեն, արժի, որ հանձնաժողովի նիստում էլ տեսակետներն ասի՝ առավել եւս, որ տեսաք․ ՊՊԾ-ին վերաբերող քննարկումներում ընդդիմությունը շատ ակտիվ էր, սակայն այդ ակտիվությունը մնաց ստվերում, որովհետեւ մենք հիմնավոր հակադարձումներ արեցինք։ Հանձնաժողովի նիստում այդ հարցով համակարգված քննարկում է եղել, որին էլի չեն մասնակցել ընդդիմադիրները»,-շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ ընդդիմությունը մասնակցի այս գործընթացներին․ «Պաշտպանության ոլորտի քննարկումների մի մասին ներկա են եղել, եւ դա շատ լավ է։ Եթե շարունակեն նաեւ անկեղծ, այլ ոչ թե քաղաքական նպատակներ հետապնդելով․․․անվտանգության ոլորտը գործնական ներդրում է պահանջում բանակաշինության գործում»։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու պատճառների մասին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031