Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի հոբելյան՝ մաեստրո Երվանդ Երզնկյանի համար

Դեկտեմբեր 17,2022 12:30

Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային- սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի համար տարին հոբելյանական է. լրացավ մաեստրոյի ծննդյան 75-ամյակը։ Վերջերս այս առիթով ազգային օպերային թատրոնում երեկո էր։ Մենք ծննդյան հոբելյանին կավելացնեինք եւս մեկը. բաս կիթառահար Երվանդ Երզնկյանն այս նվագախմբում է արդեն կես դար, որից 37-ը՝ գեղարվեստական ղեկավար։ Խոսուն թվերի հետեւում հարուստ ստեղծագործական կյանք է, նաեւ համագործակցություն՝ երգարվեստի բազմաթիվ սիրված դեմքերից մինչեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Նրա ղեկավարության տարիներին, որպես ռադիոյի նվագախումբ, առաջինն էին հնչեցնում ու ձայնագրում մեր կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները։ Դրանով չէր սահմանափակվում նվագախմբի գործառույթը՝ մշակումներ էին կատարվում նաեւ հայկական էստրադայի թե հին, թե նոր գործերից, յուրովի մատուցում էին համաշխարհային հիթեր։ Էլ չխոսենք համերգների մասին…

Վերջին երեք տասնամյակում բազում փորձություններով անցավ մեր մշակութային կյանքը, նույնիսկ անդառնալի հետեւանքներով։ 1990-ականներին ռադիոյի եւ հեռուստատեսության ոսկե ֆոնդից անհետացան, ինչպես ժամանակին «Առավոտի» հարցմանն էին պատասխանել՝ «ցրտից փչացած», «տեխնիկապես մաշված», «թրջված»… ձայնագրությունների ու տեսագրությունների բացառիկ նմուշներ։

Կադր «Երազողներ» ֆիլմից, 1969թ.

Անհետ կորածների թվում էր նաեւ խորհրդային երկրում առաջիններից մեկը մեզ մոտ ձեւավորված «Երազողներ» վոկալ-գործիքային անսամբլի 1969թ. «Երեւան» կինոստուդիայում նկարահանված (կինոռեժիսոր՝ Անատոլի Մոկացյան) ֆիլմը, որը շուրջ կես դար հետո է հայտնվել եւ իրարանցում առաջացրել սոցցանցերում։ Օգտատերերի գերակշիռ մասը ֆիլմում հանդես եկող երաժիշտներին որակում էր «հայկական բիթլներ», իսկ նրանցից ճանաչում միայն Երվանդ Երզնկյանին։

Իսկ թե ինչո՞ւ «Երազողները» երբեք չի ցուցադրվել հեռուստատեսությամբ, պատճառաբանությունը մեկն է եղել՝ ֆիլմում աղավաղված են մեր երգերը։ Ի դեպ, մաեստրոն ժամանակին մեզ հայտնել էր, որ ֆիլմի որոնման խնդրանքով դիմել էր Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ղեկավարությանը եւ երկու տարի անց ֆիլմը գտնվել էր։ Վերջին շրջանում ֆիլմը վերջապես ցուցադրվեց, բայց, ինչպես նշեցինք, անսամբլի ոչ մի երաժշտի՝ բացի Երվանդ Երզնկյանից, հեռուստադիտողը չէր ճանաչել։

Կոմպոզիտորը տեղեկացրեց. «Երազողները» հիմնվել է 1965թ., երաժիշտները Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներ էին. սոլո կիթառ՝ Հակոբ Պետրոսյան, կիթառ եւ վոկալ՝ Հրայր Կոտոյան, հարվածային գործիքներ՝ Արմեն Զաքարյան, երգիչ՝ Զավեն Սարգսյան եւ ես՝ բաս կիթառ»։ Ինչ վերաբերում է ֆիլմի ցուցադրությունն արգելելուն, մեր զրուցակիցը նշեց, որ այն տարիներին աշխարհն էր տարված բիթլների արվեստով. «Ֆիլմում ընդամենը մեկ երգ է հնչում նրանց երգացանկից, գերակշռում են հայկական ֆոլք երաժշտության նմուշներն ու կոմիտասյան ստեղծագործությունները։ Իհարկե, խոսքը դրանց մշակումների ու փոխադրությունների մասին է»։

Անդրադառնանք էստրադային- սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը։ Սա այն կոլեկտիվն է, որի հետ համագործակցության շնորհիվ Սփյուռքում ստեղծագործող մեր հայրենակիցներից շատերը հնարավորություն ունեցան առաջին անգամ իրենց արվեստով ներկայանալ հայրենիքում։ Մի շատ կարեւոր հանգամանք եւս. այսօր ոչ մեկը չի կարող հերքել, որ 90-ականներին Հանրային ռադիոյի մի քանի կոլեկտիվների թվում կդադարեր գործել նաեւ էստրադային- սիմֆոնիկ նվագախումբը, եթե չլիներ նրա ղեկավարի համառ ու հետեւողական պայքարը։ Նշենք, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իր գործընկերոջ՝ Մարտին Վարդազարյանի հետ Երվանդ Երզնկյանը 1997թ. հիմնեցին ջազ վոկալ ամբիոնը եւ արդեն քառորդ դար է, ինչ ուսանողները հնարավորություն են ստանում իրենց ստեղծագործությունները եւ կատարումները ներկայացնել նվագախմբի հետ համատեղ։ Իսկ էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը այսօր էլ հայաստանյան նշանակալի, մեծամասշտաբ միջոցառումների առանցքում է։ Հաճախ էլ Երվանդ Երզնկյանը՝ որպես իր ոլորտի գիտակ, հրավիրվում ու ղեկավարում է տարբեր նվագախմբեր, օրինակ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 24, 25-ին կայանալիք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնած «Ֆրենկ Սինատրա. սիրված երգեր» խորագրով երեկոն, որտեղ գերաստղի երգերը կմեկնաբանեն մեր երգիչ-երգչուհիները։

Մաեստրոյի գործընկերները մեզ հետ զրույցներում քանիցս ափսոսանքով նշել են, թե Երզնկյանի դասական ստեղծագործությունները, այդ թվում՝ «Մուսա լեռ» սիմֆոնիկ պոեմը, սիմֆոնիկ նվագախմբի համար գրված կոնցերտը, լարային կվարտետը, բազմաթիվ գործիքային ստեղծագործություններ, չեն կատարվում մեր կոլեկտիվների կամ անհատ կատարողների կողմից։ Համակարծիք լինելով ասվածին, կոմպոզիտորն ընդամենը նշեց. «Նման հորդորներ ես էլ քանիցս լսել եմ։ Ճիշտն ասած՝ պլանավորում եմ, բայց պարզապես ժամանակ չի լինում։ Էդուարդ Թոփչյանը քանիցս առաջարկել է, բայց, կրկնեմ՝ ժամանակս չի հերիքում…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031