Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է մի բան գիտեք, որը մենք չգիտենք․ պարոն Առաքելյանն է չէ՞ ակադեմիայի ռեկտորը»

Փետրվար 02,2023 18:45

Ինչպես հայտնել էինք, կառավարության հեղինակած՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին նախագծերի փաթեթով առաջարկվում է գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովից հանել արդարադատության ակադեմիայի ռեկտորին։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մտահոգություններին ի պատասխան գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նշեց․ «Որակավորման հանձնաժողովների տրամաբանությունն այն է, որ դրանցում ներառվում են դատախազներ եւ անկախ մասնագետներ-իրավաբաններ։ Վերջին մի քանի ամսում լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում ներգրավման հարցում, որովհետեւ միայն իրավաբան-գիտնական լինելը բավարար չէ։ Լրջորեն ուսումնասիրում ենք, թե անձը, լինելով գիտնական, ակտիվ փաստաբանական գործունեություն ծավալո՞ւմ է։ Քննարկում ենք, թե տվյալ մարդու ներկայությունը հանձնաժողովում օբյեկտիվ տեսանկյունից ինչպե՞ս է ընկալվում»։

Անահիտ Մանասյանի խոսքով․ «Շահերի բախման ինստիտուտը գործում է ոչ թե որպես հետեւանքների բացառման ինստիտուտ, այլ հետեւանքների կանխարգելման ինստիտուտ։ Ոչ թե խնդրից հետո պետք  է խոսենք շահերի բախումից, այլ մինչեւ շահերի բախման ի հայտ գալը»։

Արծվիկ Մինասյանին պատասխանը չբավարարեց․ «Եթե անկախությունից եք խոսում, ո՞ր օրենքի համաձայն է գլխավոր դատախազը ներկա լինում կառավարության նիստին եւ զեկույց տալիս վարչապետին։ Կամ, այդպես էլ շահերի բախման որեւէ օրինակ չլսեցի ձեզանից։ Սա միջանձնային հարաբերությունների հարց է»։

Միջամտեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը․ «Կարո՞ղ է մի բան գիտեք, որը մենք չգիտենք։ Մեզ էլ ասեք։ Պարոն Առաքելյանն է չէ՞ ակադեմիայի ռեկտորը։ Շատ լավ ճանաչում եմ իրեն, իմ ընկերն ու դասախոսն է։ Ասեք հասկանանք։ Ինքն ինձ չի զանգել»։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Ինձ էլ չի զանգել, բայց հիշում եմ Անահիտ Մանասյանը որտեղ է եղել, ինչ գործունեություն է ծավալել, ինչով են պայմանավորված եղել ակադեմիայի ռեկտորի եւ ներկայիս գլխավոր դատախազի հարաբերությունները։ Դրանք բոլորը միջանձնային հարաբերությունների հարցեր են։ Որոնեք համացանցում եւ կտեսնեք։ Բայց անգամ այդ դեպքում ուզում եմ հարցը համակարգային դիտարկենք»։

Անահիտ Մանասյանը նախընտրեց միջանձնային տիրույթի մասին չխոսել, որովհետեւ, իր խոսքով, մասնագետի համար պաշտոնատար անձ հանդես գալիս միջանձնային հարաբերությունները ազդեցություն չունեն։

Հանձնաժողովի նիստից հետո Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրուցել չցանկացավ․ ներողություն խնդրեց ու շտապեց հեռանալ՝ չպարզաբանելով տեղեկությունները, որն ինքը գլխավոր դատախազի ընկերուհին է։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728