Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսեցի փոքրիկները զարմացած նայում էին իրենց խաղին միացած մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Փետրվար 21,2023 16:59

Մոտ 50 տարի առաջ կառուցված Գորիսի թիվ 5 նախադրոցական ուսումնական հաստատության շենքն իր գոյության ընթացքում  ոչ մի անգամ չէր հիմնանորոգվել։

Ընդամենը 5 ամիս առաջ որոշեցին մանկապարտեզի շենքը հիմնանորոգել եւ ահա՝ փետրվարի 20-ին Գորիսի թիվ 5 նախակրթարանի մասնաշենքի հանդիսավոր բացումն էր։ Հանդիսությունը սկսեցին  Գորիսի «Վահե Մելքումյան» պարային դպրոցի սաները։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին եւ հրավիրված հյուրերին ներկայացնում է կատարված աշխատանքները։ Ծրագիրը կյանքի կոչելու հնարավորություն ունեցավ Գորիսի համայնքապետարանի,  ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի աջակցությամբ։

«Ֆոքըս օն չիլդրեն նաու» (Focus on Children Now (FCN)) բարեգործական կազմակերպություն էլ տրամադրել է անհրաժեշտ գույքը։

Հանդիսավորությամբ կտրում են մուտքը երիզող կարմիր ժապավենը։ Առաջին հերթին ծնողներն են շտապում ներս՝ համոզվելով, որ իրենց երեխաներն այսուհետ է՛լ ավելի գեղեցիկ ու բարեկարգ միջավայրում կանցկացնեն իրենց առօրյան, կստանան նախադպրոցական կրթություն։

Ռոբերտ Ղուկասյանն ու Առուշ Առուշանյանը՝  նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ խմբասենյակից խմբասենյակ են  անցնում, հետո խոհանոց, դահլիճ  են մտնում՝ ծանոթանում պայմաններին։ Իշխանության ներկայացուցիչները ոգեւորված խաղացին միջին տարիքի խմբի սաների հետ։ Վերջիններս զարմացած նրանց էին նայում՝ այդ ինչպե՞ս կարողացան արագ հավաքել լոգոն։

Գորիսի համայնքապետարանը 18 մլն դրամ է հատկացրել տանիքի վերանորոգման համար։ Չնայած մանկապարտեզի շենքի արդիականացմանը՝ դեռեւս խմբասենյակների կարիք կա։ Առաջիկայում համայնքապետարանը նախատեսում է եւս 2 մլն դրամ հատկացնել այդ  խնդիրը լուծելու համար։ Ներկայում մանկապարտեզ 110 երեխա է հաճախում, բայց մեկ-երկու լրացուցիչ  խմբասենյակ ունենալու դեպքում՝ հնարավորություն կլինի սաների թիվը համալրել։ Ի դեպ, մանկապարտեզի սաներին ուսուցանում են նաեւ ֆրանսերեն; Փոքրիկներն արդեն հայկական հեքիաթները բեմադրել են ֆրանսերեն լեզվով։

Մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողության որոշ դրվագներ՝ տեսանյութում.

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728