Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով վարկավորման վարկանիշների հեռանկարը փոխվել է «կայունից» դեպի «դրական»

Փետրվար 25,2023 14:50

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»:

Համաձայն «Standard and Poor’s» գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով և տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի և տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց և կապիտալի էական ներհոսքը:

Ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը:

Գործակալության գնահատմամբ առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր մակարդակի, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռին և ֆինանսական կայունությանն առնչվող ռիսկերի կառավարելիության պարագայում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման: Ընդ որում՝ այդ գործում ընդգծվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող պահուստային (կանխարգելիչ) ծրագրի կարևորությունը:

Գլոբալ անորոշությունների պարագայում գործակալության կողմից հատուկ ուշադրության են արժանացել 2022թ. Հայաստանի 12.6% տնտեսական աճը, ինչպես նաև Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նշանակալի նվազեցումը, ինչը մեծապես պայմանավորված էր տնտեսական բարձր աճով, բյուջեի՝ պլանավորվածից ցածր դեֆիցիտով և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորմամբ: Ընդ որում` գործակալության գնահատմամբ առաջիկա տարիներին տնտեսական աճի ներուժը մեծ հավանականությամբ կաճի, իսկ պարտքի բեռը կպահպանվի կայուն և կառավարելի մակարդակում:

Գործակալությունն առանձնացրել է նաև Հայաստանի էական կախվածության բացակայությունը էներգակիրների միջազգային բարձր գների ազդեցությունից՝ նշելով Ռուսաստանի Դաշնության հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի առկայությունը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728