Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվինա Գյուլումյան. «Փորձ է արվում ազատվել ոչ հնազանդ դատավորներից». «Հրապարակ»

Փետրվար 28,2023 11:26

Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, շարունակում է դատական համակարգը հնազանդեցնելու գործընթացը՝ փորձառու դատավորներին հեռացնելով։

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ ոչ հնազանդ դատավորներից ազատվելու գործընթաց է սա․ «Դժվար է ամբողջական գնահատական հնչեցնել, ամեն դեպքում՝ կարգապահական վարույթները երբ հարուցում են, մինչեւ լիազորությունների դադարեցումը կան կարգապահական պատասխանատվության այլ միջոցներ նույնպես, ես ենթադրում եմ, որ եթե որեւէ դիտավորություն չկա լիազորությունները դադարեցնելու առումով, ապա կարգապահական խախտման փաստը հաստատելու դեպքում հնարավոր է այդ միջոցներից որեւէ մեկը ձեռնարկել եւ արդեն հաջորդ խախտման դեպքում մտածել լիազորությունները դադարեցնելու մասին։ Նկատի ունենալով այն ընդհանուր շարժումը, մոտեցումը, որ կար դատարանների նկատմամբ՝ սկսած 2018 թվականից, եթե տեղավորում ենք այդ ընդհանուր կոնտեքստի մեջ, ապա թերեւս կարող ենք ասել, որ ինչ-որ մի ձեւով փորձ է արվում ազատվել ոչ հնազանդ դատավորներից»։

Գյուլումյանին հարցրինք՝ իսկ ինչո՞ւ են դատավորները լուռ, ինչո՞ւ համայնքը չի դիմադրում, չէ՞ որ մի օր այդ նույն ուղտն իրենց դռանն էլ կչոքի։ «Մեզ մոտ դատավորների համայնքը, ըստ էության, պասիվ է, որովհետեւ՝ առաջինը, երբ սկսվեցին հարձակումները Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, համայնքն այդ ժամանակ պիտի իր ձայնը բարձրացներ, բայց Դուք տեսաք, թե ինչպիսի լռություն էր։ Այսինքն, ի՞նչ է նշանակում․ երբ ժամանակին մեկ ուրիշի նկատմամբ էին դա անում, ընդ որում՝ ՍԴ դատավորների դեպքում նաեւ իրավական դաշտում էին ինչ-որ բաներ անում, գոնե այդ իրավական նորմերի վերաբերյալ կարող էին կարծիք հայտնել, սակայն քար լռություն էր, ավելին՝ նույնիսկ եղան իրավաբաններ, դատավորներ, որ նույնիսկ համաձայնեցին հակասահմանադրական ճանապարհով հեռացված դատավորների փոխարեն իրենց թեկնածությունն առաջադրել»,- պատասխանեց Գյուլումյանը։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանն էլ է կարծում, որ իշխանությունները փորձում են դատական համակարգն իրենց ենթարկեցնել։ «Բնականաբար, երբ դատավորի լիազորություն է դադարեցվում, այդ հարցը չի կարող չանհանգստացնել փաստաբանական համայնքին, որովհետեւ փաստաբանական համայնքը երազում է ունենալ անկախ, ուժեղ դատական համակարգ, եւ եթե այդ առումով կա խնդիր, ապա, բնականաբար, առաջին վնաս կրողները մենք ենք։ Մեր խնդիրն այսօր այն է, որ գործադիր իշխանությունը չկարողանա դատական իշխանությունն իրեն ենթարկեցնել, եւ այս առումով նման գործիքները, որոնք այսօր կիրառվում են դատավորների նկատմամբ, իրոք կարող են նման թաքնված նպատակ հետապնդել։ Քաղաքական տեսակետից, կարծում եմ, հենց այդ նպատակն էլ հետապնդում են»,- պատասխանեց Զոհրաբյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728