Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Արցախի խնդիրներից քշվածները

Մարտ 24,2023 12:00

Իշխանությունը նախկինների ունեցվածքի մասին «ցնցող» տեսահոլովակներ է «բացահայտում», իսկ ԱԺ-ի ընդդիմությունը զբաղված է Սեդա Սաֆարյանի եւ ՄԻՊ-ի պաշտոնում` Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման հարցերով

Արցախի շրջափակման 100 օրն էլ անցավ: Ադրբեջանի իշխանությունները մարսելով վերջին դիվերսիոն հարձակումը` դիմեցին հերթական քայլին:

Ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած տեղեկատվության` մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Որտե՞ղ էր հայտնվել զինծառայողը, ի՞նչ քայլերից հետո էր վերադարձել առաջնագծի` մեր վերահսկողության հատված, պաշտոնական մանրամասները հայտնի չեն:

Տելեգրամյան տարբեր ալիքներ, սակայն, զինծառայողի մոլորվելու տեղեկություններից հետո իրենց աղբյուրներին հղում կատարելով, հայտնում էին, որ դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների ուղղությամբ ադրբեջանցիները կրակահերթ են արձակել, որի հետեւանքով ռուս երկու զինծառայող վիրավորվել էին: Տեղեկություններ էին ստացվում այն մասին, որ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չէր խանգարել, որպեսզի ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակեին: Մարտի 21-ի, լույս 22-ի գիշերն անցավ առանց ՌԴ ՊՆ-ի արձագանքի:

Մարտի 22-ին Սյունիքի մարզպետարանը հայտնեց, որ նախորդ օրը երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայողներ՝ «գլխի շրջանում թեթեւ մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)»։ Հայտնում էին, որ` «նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից»։

Ադրբեջանական համացանցը հեղեղված է պաշտոնական Բաքվի քարոզչության տարածմամբ, որով Հայաստանին մեղադրում են նոր սադրանքներ հրահրելու մեջ, ու այս ամենը շարունակվում էր Ալիեւին` ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգից հետո: Մարտի 21-ին պաշտոնական Վաշինգտոնը հաղորդագրություն տարածեց. «Պետքարտուղար Բլինքենը քաջալերեց չլուծված խնդիրներին լուծում գտնելը եւ ընդգծեց, որ չկա ռազմական լուծում: Նա վերահաստատեց կոմերցիոն եւ մասնավոր ավտոմեքենաների համար Լաչինի միջանցքի վերաբացման կարեւորությունը: Պետքարտուղար Բլինքենն ասաց, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է շարունակական համագործակցություն խաղաղ գործընթացում»: ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույցի մասին գրել էր նաեւ թվիթերի էջում. «Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ՝ փոխանցելու աջակցությունս Հայաստանի հետ կայուն խաղաղությանը եւ այդ ջանքերին նպաստելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները միակ ճանապարհն են՝ հասնելու տեւական եւ կայուն խաղաղության»:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիեւը Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը, պատճառաբանելով, թե հայկական կողմը` «շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ»։ Ալիեւն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով եւ փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։ Նա նաեւ հիշեցրել էր, թե Ղարաբաղի հայերը Բաքու այցելելու հրավեր են ստացել՝ «քննարկելու ինտեգրացիան եւ ենթակառուցվածքները»։

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու «փորացավով»` պաշտոնական Բաքվի քարոզչական թեզերը հեղեղել են համացանցը. ադրբեջանական տելեգրամյան ալիքները, նաեւ` ադրբեջանցի դեսպաններ, կեղծ տեսահոլովակներ են տարածում, մեղադրելով հայկական կողմին` Արցախ «ռազմական փոխադրումներ» իրականացնելու մեջ:

Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանն այս օրերին սարսափելի տեղեկատվական հարձակում է իրականացնում ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Նպատակներն, իհարկե, տարբեր կարող են լինել` ճնշումների գործադրում բանակցային գործընթացում պաշտոնական Երեւանից ցանկալի զիջումներ կորզելուց, մինչեւ ռազմական նոր գործողություններ ու սահմանային լարվածության նոր փուլ:

Սակայն հետաքրքրական է հարցը, թե ինչո՞վ է այս իրավիճակում զբաղված հայաստանյան քաղաքական դաշտը: Իշխանությունը նախկինների ունեցվածքի մասին «ցնցող» տեսահոլովակներ է «բացահայտում», իսկ խորհրդարանական ընդդիմությունը զբաղված է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի, կամ, ՄԻՊ-ի պաշտոնում` Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման հարցերով:

Հանուն արդարության նշենք, որ իհարկե, նրանք գրեթե ամեն օր հաշվում են, թե որերորդ օրը լրացավ, որ Արցախը շարունակում է շրջափակված մնալ, իսկ երբեմն էլ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական թեմաներով դատողություններ էլ են անում` չմոռանալով ռուսական քարոզչական թեզերով ելույթներն ու հայտարարությունները: «Արցախը Հայաստանին կապող միջանցքի հետ կապված պայմանավորվածությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները դա պայմանավորվել են Ռուսաստանի հետ։ Այլ բան է՝ Ռուսաստանը դա վա՞տ է իրականացնում, թե՞ լավ։ Սա բանակցությունների արդյունք պետք է լինի։ Լաչինի միջանցքի հարցով միջազգային դիտորդների անհրաժեշտություն, գտնում եմ, որ չկա»,-Աժ-ում վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, որ Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային փաստահավաք խմբի գործուղումն անհրաժեշտություն է։ Սեյրան Օհանյանը իր մոտեցումն այսպես էր բացատրել. «Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով եւ հեռադիտակներով են գալու եւ դիտարկում անելու։ Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են։ Մյուս կողմից, միջազգային հարթություններում Արցախի հարցի բարձրաձայնումն անհրաժեշտություն է, հակամարտությունը լուծված չէ, եւ լուծման տարբերակը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթ»։

Այս հայտարարությունից օրեր անց խորհրդարանական ընդդիմությունը ռուսական կողմի հետ քննարկման էր մեկնել Ծաղկաձոր: ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը մարտի 17-ին անցկացվեց Ծաղկաձորում: Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել էին ռուսական կենտրոնի բացմանը:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը նիստի ընթացքում ողջույնի խոսքում ընդգծել էր` «հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա»: Վորոբյովն էլ իր հերթին նշել էր, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է, եւ Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությունն օժանդակում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Նա եւս կարեւորել էր ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում:

Ելույթ էր ունեցել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեյրան Օհանյանը, որը խոսել էր Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, ընդգծել էր` «ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում», եւ անվտանգային լարված իրավիճակում ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ կողմերի ուժերը համատեղելու առաջարկ էր հնչել:

Հետաքրքիր է, թե Բաքու այցելած Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի վերջին անհասկանալի հայտարարությունները հայաստանյան խորհրդարանականներին առհասարակ հետաքրքրո՞ւմ են:

Օրինակ, ի՞նչ նկատի ուներ Լավրովը, երբ վերջերս Բաքվում չէր բացառել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրումը` նշելով հետեւյալը. «Որեւէ հսկիչ անցագրային կետերի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, բայց առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի»։ Կամ, նրա մյուս մեկնաբանությունը, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթով «անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների եւ քաղաքացիական անձանց համար»: Սա մի պահանջ է, որը գոյություն չունի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Սա Արցախը զինաթափելու դիրքորոշում է, հետեւաբար` Ռուսաստանը հանդես է գալիս Արցախին անգամ ինքնապաշտպանությունից զրկելու պահանջով։ Եվ ի դեպ, պաշտոնական Մոսկվան վերջերս փաստացի հրաժարվեց արցախահայության անվտանգության երաշխավոր լինելու իր դերից. Լավրովը օրերս Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Ղարաբաղի բնակիչների անվտանգության հարցը պետք է լուծվի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններով։

Հայաստանյան խորհրդարանականները ռուսական կողմի հետ շփումներում հարց բարձրացրե՞լ են, թե ինչու են Մոսկվան ու Բաքուն համահունչ ձեւով եւ անխոնջ պայքար մղում ընդդեմ ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ առաքելության ներկայության: Եվ ի դեպ, զարմանալի էր նաեւ պաշտոնական Երեւանի մի հայտարարություն, որը հնչել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի կողմից: Վերջինս Միրզոյանի` Մոսկվա կատարելիք այցից առաջ կարծիք էր հայտնել, թե Միրզոյան-Լավրով բանակցություններում հնարավոր է ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ Ռուսաստանի դժգոհության հարցն էլ քննարկվի:

Առհասարակ, այս հարցը հայ-ռուսական բանակցային օրակարգում ինչո՞ւ պետք է քննարկվի: Մոսկվան Երեւանի հետ քննարկե՞լ է, օրինակ` ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն հիմնելու հարցը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031