Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Վարդազարյան՝ առատաձեռն կոմիտասականն ու գեղեցկության ժառանգություն պարգեւողը

Ապրիլ 12,2023 13:00

Ապրիլի 4-ին լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I կարգի մեդալակիր, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար, այսօր՝ դիրիժոր-խորհրդատու, ԵՊԿ ջազ-փոփ երաժշտության ամբիոնի պրոֆեսոր, կոմպոզիտոր, դաշնակահար Մարտին Վարդազարյանի 85-ամյակը։

Նրան կարելի է բնորոշել որպես բազմալեզու կոմպոզիտոր. ապրում է ջազից մինչեւ սիմֆոնիկ երաժշտություն, կամերային օպուսներից մինչեւ երաժշտաթատերական գործեր ստեղծողի կենսագրությամբ։ Զարմանալի ներդաշնակ իմաստնությամբ կարողանում է ձուլվել ամբողջի մեջ եւ միաժամանակ ունենալ իր դեմքը։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Մարտին Վարդազարյանը  դասավանդում է ուղիղ 40 տարի եւ կանգնած է Ջազ-փոփ երաժշտության ամբիոնի հիմնադրման ակունքում։

Ապագա կոմպոզիտորի ստեղծագործելու հակումը նկատել է Պ. Չայկովսկու անվան ՄՄԵԴ  դաշնամուրի դասատուն՝ Իրինա Աթայանը։ Այդ տարիներին Ստեփան Ջրբաշյանը նույն դպրոցում կոմպոզիցիայի ֆակուլտատիվ պարապմունքներ էր վարում եւ շնորհալի աշակերտի առաջին փորձերն արձանագրվեցին նրա դասերին։

Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինն ավարտել է մանկավարժական գործի դասական Գեորգի Սարաջեւի մասնագիտական դասարանում։ 1961 թ. ավարտական քննությանը Մարտին Վարդազարյանին գերազանց է գնահատում մոսկովյան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգորի Գինզբուրգի ղեկավարած հանձնաժողովը։ Այդ օրը փայլուն դիպլոմանտը ստիպված էր մի քանի տակտ սեփական հորինման իմիտացիայով փրկվել տեքստի անսպասելի մոռացումից։ Ուշիմ նախագահ Գինզբուրգը նկատել էր, բայց նաեւ նշել, թե առաջին անգամ է տեսնում, որ Բախի ստեղծագործության մեջ տեքստը կորցնեն եւ չկանգնեն։

Կոմպոզիցիա սովորելու առաջարկը Մարտին Վարդազարյանը ստացել է Էդվարդ Միրզոյանից՝ իր ապագա ուսուցչից։ Այս բաժնում դիպլոմային աշխատանքը Լարային կվարտետն էր (1970 թ.)։ Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի ու ռոմանտիկների գործերին ուսման ընթացքում սերտելուց հետո, ազդեցիկ ու  որոշիչ էր Բ. Բարտոկի Լարային կվարտետներին ծանոթանալը։

Մարտին Վարդազարյան կոմպոզիտորն ապրում է՝ «Գրի եւ նվագի այնպես, ինչպես ինքդ կցանկանայիր լսել» սեփական ձեւակերպումը ստացած նշանաբանով։ Նա հատուկ է վերաբերվում բառի եւ հնչյունի ինտոնացիոն հարցին, համաձայն է, որ խոսքից ծնվում է երաժշտություն, բայց վստահ է նաեւ, որ երաժշտությունից էլ ծնվում է խոսք։ Այս թեմայի շուրջ մտորելիս նշում է Շեքսպիրի թիվ 8, 131, 27 եւ 66 սոնետները, որոնց օրիգինալ տեքստի հիման վրա գրել է վոկալ գործեր։

100-ից ավելի ներկայացումներին երաժշտություն նվիրած հեղինակը եւ մի քանի տասնյակ ֆիլմերում (այդ թվում՝ «Բարեւ, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երկունք» եւ այլն) աշխատող կոմպոզիտորը վստահ է, որ կինոերաժշտությունը անտեսանելին պետք է դարձնի լսելի եւ լսելու միջոցով պետք է յուրացվի, որ դառնա տեսանելի։

Մարտին Վարդազարյանի համար ջազի ու ակադեմիական երաժշտության  համադրությունը տանում է 1938 թվական՝ իր ծննդյան տարին։ Ճիշտ այդ նույն տարի Հայաստանի պետական ջազ նվագախմբի ստեղծմամբ գեղարվեստական ղեկավար Արտեմի Այվազյանի հետ միասին նոր մշակույթ արմատավորողներից էր մեր հոբելյարի հայրը՝ դիրիժոր եւ մենակատար շեփորահար Ցոլակ Վարդազարյանը։ Ծնողի գործին մինչ օրս հավատարիմ որդու՝ Մարտին Վարդազարյանի համար առաջնային է սերունդների հետ կապը՝ այն տեսնելով ստեղծագործությունների ճանաչելիությամբ։ Իր կյանքում  այդպիսի օրինակ է համարում Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային կվինտետի ղեկավար Էդուարդ Բաղդասարյանին (առաջին կուրսի 18-ամյա ուսանողն այդ անսամբլ էր հրավիրվել որպես ակորդեոնահար): Կոմպոզիտորական ժառանգականության գիծն է տեսնում մեկ այլ օրինակում՝ վստահեցնելով, որ ամբողջ հայ դաշնամուրային երաժշտությունը դուրս է եկել Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ից, հիշեցնենք, որ իր կոնցերտը ձոնել է հայ մեծ դասականին։ Իսկ «Նվիրում Բարտոկին» գործը կոմպոզիտորական դերը արժեւորելու մի ժեստ է՝ Բելա Բարտոկին համարելով Բեթհովենից հետո նոր դուռ բացող երաժիշտ։ Մարտին Վարդազարյանը սեփական կոմպոզիտորական զինանոցի համար ունի եւս մեկ թանկ անուն՝ Կոմիտասի ազգագրական ժողովածուները։ Կոմիտասն անսպառ աղբյուր է, որից, ինչպես հոբելյարն է նշում, պետք է օգտվել, բայց չցամաքեցնել։

Մարտին Վարդազարյանի կյանքի կարեւոր մասն է «Հայկական երաժշտական համաժողովը»՝  հայ երաժշտությունն ավելի մեծ ու նոր լսարանին հաղորդ դարձնող միությունը։ Հայաստանի Կոմպոզիտորների Միութայն տան գեղարվեստական ղեկավար լինելու երկար տարիներին ստեղծել է նոր գործերի պարբերաբար, ամենամսյա համերգների, կինոդիտումների, տարբեր երկրների ստեղծագործական միությունների հետ փոխադարձ հյուրընկալությունների ավանդույթները։

Մարտին Վարդազարյանն առատաձեռն կոմիտասական է, ով ամեն օրով գեղեցկության ժառանգությունն իր ժամանակին ու մեզ է պարգեւում։

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու,

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հանրային կապերի պատասխանատու

Լուսանկարը՝ Թինա Գեւորգյանի

«Առավոտ» օրաթերթ
11.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930