Լրահոս
Օրվա լրահոսը

Fujairah 4-րդ միջազգային մրցույթի «Մեծ գավաթ» եւ ոսկե մեդալ՝ կոնսերվատորիայի ուսանողին

Մարտ 08,2023 12:30

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դաշնակահար պատանիների մի խենթ, եռանդուն, ջահել մտերմության օրինակ կա։ Երաժիշտների լեզվով՝ նրանք մեկ դպրոցի զավակներ են, կարելի է ասել՝ մեկ ընտանիքի ճյուղեր։ Առօրյայում նրանք տեսանելի են կոնսերվատորիայի ամենահեռու կետից. նման են արտաքինով՝  հայացք, քայլվածք, կեցվածք, օրն ու գործը միասին են ապրում, մրցույթներին ու համերգներին նույնպիսի ակտիվությամբ մասնակցում։ Պատանի դաշնակահարների կապվածությունը սկսվել է, երբ նրանց նկատեց պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը ու շնորհալի երեխաները դարձան ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։ «Մեկնարկ»-ն ուղղված է 11-20 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

Այս ուսանողներից յուրաքանչյուրը մեր վաղը տեսնելու երազն է, որոնցից  մեկի ամենաթարմ հաջողության մասին առիթ ունենք հենց հիմա անդրադառնալ։


Երրորդ կուրսի դաշնակահար Արթուր Գրիգորյանը (ղեկավար՝ պրոֆ. Կարինե Օհանյան) հաղթել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող դաշնակահարների Fujairah 4-րդ միջազգային մրցույթում՝ արժանանալով «Մեծ գավաթի» եւ ոսկե մեդալի:

Արթուր Գրիգորյանի մասնակցած տարիքային խմբում՝ 19-36 տարեկան դաշնակահարների համար առաջին փուլում պարտադիր էր կատարել Ֆ. Շոպենի Էտյուդներից որեւէ մեկը (ներկայացրել էր թիվ 24 էտյուդը, նաեւ՝ Վ. Ա. Մոցարտի թիվ 17 սոնատը եւ Ա. Բաբաջանյանի «Պոեմ» -ը), իսկ երկրորդ փուլի պահանջն էր մատուցել երեք տարբեր դարաշրջաններ (այստեղ ընտրել էր Ֆ. Լիստի 2-րդ Բալլադը, Դ. Սկարլատիի L 69 Սոնատը եւ Հ. Դյութիեի Սոնատի 3-րդ մասը՝ «Խորալ եւ Վարիացաներ»)։ Ըստ մրցույթի կանոնների՝ միայն հաղթողը կարող էր ելույթ ունենալ մրցանակաբաշխության պատվավոր արարողությանը. այդ հնարավորությունը ստացավ ավագ խմբի գավաթակիր Արթուր Գրիգորյանը։ Հանձնաժողովի անդամները մեր մրցանակակրին որպես բարձր գնահատականի վկայություն հայտնել են, որ հետագայում նոր համալսարան ընդունելության համար անհրաժեշտության դեպքում պատրաստ են տրամադրել երաշխավորող բնութագիր նամակ, որը կհավաստի երիտասարդի ներուժի մասին եւ անհրաժեշտ խրախուսում կլինի ընդունելության համար։


Մրցույթի հանձնաժողովի կազմում հրավիրված էին մասնագիտական շրջանում ընդունված երաժիշտներ, այդ թվում՝ ֆանտաստիկ կատարողականությամբ դաշնակահար ու բազմաթիվ մրցույթների հանձնաժողովներում սպասված անուն Նատալյա Տրուլը (Ռուսաստան), Եվրոպական համերգային բեմերի ճանաչված մենակատար եւ կամերային երաժիշտ, Գերմանիայում դաշնամուրային մասնագիտացման բարձրագույն կրթօջախ համարվող Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանի ներկայացուցիչ Հենրի Զիքֆրիդսոնը (Ֆինլանդիա)։ Նաեւ նշենք Քյոլնի Բարձրագույն դպրոցում դաշնամուրային իր դասարանն ունեցող մանկավարժ եւ Գերմանիայում մեծ հեղինակություն վայելող արտիստ Օլեգ Պոլյանսկուն։

Fujairah 4-րդ միջազգային մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը Կովկասից հասնում էր մինչեւ Չինաստան։ Առաջին փուլի ելույթով Արթուր Գրիգորյանը ներխուժեց Շոպենյան անսպասելի ապստամբող հնչողությամբ, հետո Մոցարտի սոնատը մեկնաբանեց բյուրեղյա  սրությամբ հնչող կլավեսինային նրբագեղ նվագով, իսկ Բաբաջանյանի ընթերցումը կատարեց որպես դաշնամուրային բոլոր դարաշրջանների արտահայտչամիջոցների հանրագիտարան ներկայացնող գեղարվեստական վառ խոսք։ Մրցույթը հաղթած դաշնակահարը Հայաստան վերադառնալուց հետո ուշադրությունը բեւեռել է խանգարող վրիպումները փոխելու, սխալները շտկելու ու ծրագիրը համալրելու վրա։ Արթուր Գրիգորյանն իր ուսման այսօրվա հմտացումն անցնում է դաշնակահարների բարձրագույն լիգա ներկայացնող պրոֆեսոր Կարինե Օհանյանի մասնագիտական դասարանում։

Ամեն ինչ սկիզբ առավ Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան երաժշտական դպրոցում։ Մինչ այդ տղան լսողությամբ վերարտադրում էր տարբեր մեղեդիներ՝ հասնելով տատիկի տուն, այնտեղ էր իր առաջին դաշնամուրը։ 7 տարեկանից սկսեց հաճախել  երաժշտական դպրոց. բոլոր դասերին սիրով էր գնում, շատերի մոտ դժվար տրվող սոլֆեջիոն մեր մրցանակակրի մանկության ուրախություններից էր. իր բացարձակ լսողությամբ նա հեշտությամբ էր նոտագրում հնչած թելադրությունը։

Արթուր Գրիգորյանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ներկայացուցիչ դառնալուց հետո մրցութային ու համերգային բեմերն անցնում է չդադարող խոհեմությամբ ու կատարելագործվելու մղումով։ Նրա համար կարեւոր ճանապարհին կանգնելու ժամանակագրությունը սկսվել է 11 տարեկանից, երբ օժտված երաժշտին նկատել էր դաշնակահարների նորագույն անուններ ստեղծող վաստակաշատ մանկավարժ Արմեն Բաբախանյանը։

Արթուր Գրիգորյանը կյանքում ունեցել եւ ունենալու է առանձնահատուկ ուսուցիչներ, որոնց կողքին միշտ նշելու է իր համար կարեւոր անուններ՝ Իվո Պոգորելիչին, Գրիգորի Սոկոլովին։ Իսկ դիրիժորներից առանձնացնում է Հ. ֆոն Կարայանին եւ Օ. Դուրյանին, եւ գոհանում ենք, որ բոլորովին ուրիշ դարում ծնված երիտասարդի համար երաժշտության մեկնարկն ու նպատակը ակադեմիական երաժշտության հնչեցման այդպիսի խորություններն են։

Պարգեւը նրանն է, նա՝ մերը…

Այսօր նա կարդում է Ջորջ Օրուելի «1984»-ը, իսկ մենք, ի տարբերություն վեպի հերոսի, մաղթենք երազանքին ընդառաջ գնալու ուժ եւ կամք։

ՕԼՅԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու,

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հանրային կապերի պատասխանատու

«Առավոտ» օրաթերթ
07.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031