Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ այս պահին ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, հետո է ինքնորոշվելու, ապա ինչո՞ւ Իլհամին դա չէիք ասում»․ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 18,2023 13:33

ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղելիս կարդաց կառավարության ծրագրում ամրագրված՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին տեսլականը, այն է․ «Հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԼՂ կարգավիճակի հստակեցմամբ` հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում` ինքնորոշման իրավունքի հիման վրա»։

Ապա Արթուր Խաչատրյանը նկատեց, որ ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» բաժին անգամ գոյություն չունի, իսկ հիմնախնդրի կարգավորման մասին մի թեթեւ անդրադարձ կա՝ «ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթաց» գլխագրի ներքո միայն։ Դրանում, ինչպես պատգամավորն ընթերցեց, գրված է, որ ՀՀ-ի համար էական է ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրման երաշխավորված մեխանիզմի ձեւավորումը։

Արթուր Խաչատրյանը, դիմելով Փաշինյանին, նշեց․ «Ինչպես տեսնում եք, ինքնորոշման իրավունքի մասին ոչինչ չկա։ Վերջերս դուք ինքնորոշման իրավունքը յուրովի մեկնաբանեցիք՝ ասելով, թե ինքնորոշվել՝ նշանակում է լինել որեւէ տեղում, եւ ինքնորոշման իրավունքի իրացմամբ հայտնվել այլ տեղում․․․Շեշտեմ, որ Հելսինկյան եզրափակիչ ակտում այլ սահմանում կա՝ ելնելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում որոշել ներքին-արտաքին քաղաքական կարգավիճակը։ Հստակեցրեք՝ ինչո՞ւ ինքնորոշման իրավունքի սահմանումը չկա զեկույցում։ 2021թ․-ին նույնպես չկար։ Եվ, ի վերջո, առանց երկիմաստությունների եւ որոգայթների՝ ներկայացրեք, թե ԼՂ-ի ապագա կարգավիճակը որտեղ է գտնվում։ 2018թ․-ից դուք ասում էիք, որ լուծումը պետք է ձեռնտու լինի ԼՂ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին։ Առանց երկիմաստությունների ասեք՝ ո՞րն է ձեր պատկերացմամբ ԼՂ-ի ապագա կարգավիճակը»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Խոսեցիք Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին եւ ճիշտ նշեցիք «ժողովուրդ» բառը։ Խնդիրն այն է, որ․․․հիմա այլ կերպ չեմ կարող ձեւակերպել, բայց 2018թ․-ին առկա բանակցային ժառանգության մեջ «ԼՂ ժողովուրդ» հասկացություն չկա։ Կա «ԼՂ ամբողջ բնակչություն» հասկացություն։ Այո, Հելսինկյան ակտով ժողովուրդը սահմանադիր սուբյեկտ է, բնակչությունը սահմանադիր սուբյեկտ չէ, ինքնիշխանության սուբյեկտ չէ։ Ումի՞ց եւ որտեղի՞ց ենք ինքնորոշվում։ Ասել եմ, որ 2007թ․-ից առաջ եղել է հետեւյալը, որ ԼՂ-ն Ադրբեջանի եւ Հայաստանի նման ինքնորոշվել է ԽՍՀՄ-ից։ Եղել է թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Իսկ 2007թ․-ին ի հայտ են եկել «մադրիդյան սկզբունքները», որում արձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Ինչո՞ւ պետք է համաձայնեցվեր, եթե ԼՂ-ն չենք ճանաչում Ադրբեջանի մաս։ «Մադրիդյան սկզբունքներով» մենք ԼՂ-ն արդեն իսկ ճանաչել էինք Ադրբեջանի մաս։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Լավ, ես եմ մեղավոր»։

Արթուր Խաչատրյանը հակադարձեց՝ եթե ինչպես Փաշինյանն է պնդում, ԼՂ-ն մնալու էր Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ Ադրբեջանը դեմ էր արտահայտվում․ «Եթե այդպես եք կարծում, գուցե Ադրբեջանի՞ն դա բացատրեիք։ Ասեիք՝ եթե ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ այս պահի դրությամբ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, թող հետո ինքնորոշվի, ապա Ադրբեջանն ինչո՞ւ էր դեմ այդ սկզբունքին։ Ուրեմն ասեիք՝ Իլհամ, արի ընդունի, որ ինքնորոշման իրավունքի վրա թող էս խնդիրը լուծվի, հետո կմտածենք։ Էլ չասած, որ արդարադատության միջազգային դատարանը տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի բախման մասին համապարփակ կարծիք տվել է՝ Կոսովոյի գործով»։

Արթուր Խաչատրյանը նորից հնչեցրեց հարցադրումները եւ նորից խնդրեց «առանց որոգայթների» պատասխանել։ Փաշինյանը կրկնեց պատասխանը՝ այդպես էլ հստակ չասելով, որ թե ԼՂ ապագայի մասին իր պատկերացումը որն է։

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում։

«Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը՝ այստեղ։

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930