Լրահոս
Օրվա լրահոսը

Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը՝ բնության ու մարդու խաթարված կապի, արվեստի ու անհատականությունների մասին

Հուլիս 19,2023 13:00

20-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի թվում էր ժամանակակից արվեստի սահմանների ընդլայնման ռահվիրաներից մեկը՝ միջազգային համադրող Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը։ 2015-ին Հայաստանի ազգային տաղավարն արժանացել է Վենետիկի 56-րդ բիենալեի «Ոսկե առյուծ» բարձրագույն մրցանակի, եւ համադրողն էլ Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգն է եղել։ 1993-ին նա Վենետիկի 45-րդ բիենալեի ժյուրիի կողմից պարգեւատրվել է Գրենոբլ քաղաքի ժամանակակից արվեստի Le Magasin կենտրոնը ղեկավարելու եւ իր կրթական գործունեության համար:

Ի թիվս այլոց, Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը բազմաթիվ համագործակցություններ է ունեցել այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը, Ջոն Քեյջը, Ֆիլիպ Գլասը, Մարինա Աբրամովիչը, Ռոբերտ Ռաուշենբերգը, Իլյա Կաբակովը:

Այս տարվա «Ոսկե ծիրանի» շրջանակում կայացավ «Փոխազդեցություններ. Երբ կինոն նայում է բնությանը» կինոնկարի (Շվեյցարիա) երեւանյան պրեմիերան, որի պրոդյուսերն է Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը: Նախագծի յուրահատկությունն այն է, որ բաղկացած է կարճամետրաժ ֆիլմերից, որոնց վրա աշխատել են տարբեր ազգերի 12 ռեժիսորներ, եւ նկարահանումները կատարվել են 11 երկրներում: Նրանց թվում է նաեւ մեր հայրենակից Էրիկ Նազարյանը: Տարբեր ազգերի ռեժիսորներն անդրադարձել են մարդկանց եւ կենդանիների փոխհարաբերություններին, կենսաբազմազանությանը, էկոհամակարգին, կլիմայական փոփոխությանը, շրջակա միջավայրին եւ ջրային պաշարներին սպառնացող վտանգներին։

«Առավոտի» հետ զրույցում Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգն ասաց, որ սա իր միակ այցը չէ Հայաստան, բազմիցս եղել է այստեղ՝ իբրեւ ժյուրիի անդամ, համադրող կամ վարպետության դասեր է ունեցել: Նա ընդգծեց, որ արվեստում կարեւորում է բազմամշակութային մոտեցումները: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ 1996-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնին կից նրա հիմնած «Արվեստը հանուն աշխարհի» ՀԿ-ին, որը Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի սկզբունքներն արվեստի միջոցով տարածող, քարոզող, ամբողջ աշխարհում ցուցահանդեսներ կազմակերպող եւ ֆիլմեր նկարահանող կազմակերպություն է: Նա շեշտեց, որ կինոն հզոր միջոց է մշակույթները կապակցելու, մեր հասարակական կյանքին նոր շունչ տալու եւ հարստացնելու հնարավորությունների առումով:

Ի թիվս այլնի, անդրադարձ եղավ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի եւ Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ նրա թողարկած կարճամետրաժ կինոնկարներից (ռեժիսորներ` Ֆանի Արդան, Իդրիսա Ուեդրաոգո, Ջաֆար Փանահի եւ այլք) բաղկացած ֆիլմաշարին` «Առաջ եւ հիմա. սահմաններից եւ տարբերություններից անդին»:

Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգն ասում է, որ կինոն հասարակության, նրա խնդիրների, բնության մասին խոսելու պոետիկ միջոց է, եւ արվեստագետներն ի վիճակի են վերծանելու եւ այդ եղանակով ներկայացնելու ամեն բան՝ գործի դնելով իրենց փորձառությունը, տաղանդը եւ սովորական մարդկանցից տարբերվող աշխարհընկալումը:

Դառնալով «Փոխազդեցություններ. Երբ կինոն նայում է բնությանը» նախագծին՝ մեր զրուցակիցն ասաց, որ 12 ռեժիսորները չեն ընտրվել զուտ իրենց հայտնիության կամ կինոմրցանակների համար, նրանց տրվել է լիակատար ազատություն՝ յուրովի անդրադառնալու համար բնությանը, մոլորակին, մարդկության խնդիրներին, քաղաքակրթությանը զուգահեռ՝ ավերումներին: Մեր զրուցակիցն ասում է, որ արվեստագետները սրտով են «խոսում», հետեւաբար նրանց ասելիքն ավելի ընկալելի է մարդկանց համար, քան դիվանագետներինը, պաշտոնյաներինը, ի վերջո, արվեստը համամարդկային, համամոլորակային լեզու է:

Էրիկ Նազարյանի ֆիլմից էլ խոսեցինք, որ մաս է կազմում այդ նախագծի: Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը պատմեց, թե ինչպես է նրան հրավիրել եւ առաջարկել ֆիլմ նկարել: Ռեժիսորն ասել է, որ պատրաստվում է Ամերիկայի բնիկների՝ լակոտա ցեղի մասին նկարել: Ինքը հարցրել է՝ ինչո՞ւ ոչ Հայաստանի մասին, ու ստացել պատասխան, որ Ամերիկայի բնիկները նույն խնդիրն ունեն, ինչ հայերը, նրանց հողերն էլ են սեփականել, նրանց էլ են հայրենազրկել, նրանց աղջիկներին էլ են փախցրել: Պրոդյուսերի ձեւակերպմամբ՝ ֆիլմը մետաֆորիկ է:

Խոսեցինք նաեւ Հայաստանի հետ ծրագրերից ու հայ արվեստագետների հետ համագործակցությունից, հատկապես որ նրա հիմնադրած կազմակերպությունը հետաքրքրված է Եվրոպայից դուրս ապրող ու ստեղծագործող արվեստագետներով: «Ինձ համար ներս ու դուրս չկա, եթե ասելիք կա, տաղանդ կա, ուրեմն արվեստագետն արդեն ինձ հետաքրքրում է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հայկական տաղավարին շնորհված «Ոսկե առյուծին», Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգն ասաց, որ իբրեւ համադրող շատ պարտավորված էր զգում, քանի որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին էր նվիրված «Հայություն» (armenity) նախագիծը, որը ներկայացնող արվեստագետներն աշխարհի տարբեր անկյուններից էին: Նրանք, անկախ ծննդյան վայրից, գենետիկորեն կրում էին իրենց նախնիների հիշողությունը: Նրանցից միայն Միքայել Օհանջանյանն էր Հայաստանից:

Խոսք գնաց նաեւ 2017-ին Հայաստանում կայացած «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեից, որը 2015թ.-ին Վենետիկում անցկացված 56-րդ միջազգային բիենալեի օրգանական շարունակություն էր: Արցախից էլ խոսեցինք: Ճանաչված համադրողն ասաց, որ այդ թեմայով շատ պետք է խոսվի ու անընդհատ, տարբեր միջոցներով, քանի որ կարեւոր է ոչ միայն քաղաքական, այլեւ պարզ մարդկային հաղորդակցությունը, ասաց, որ պիտի շատ հարցազրույցներ լինեն, ցուցահանդեսներ, ցանկացած բան: Կարեւոր համարեց նաեւ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը միաժամանակ շրջափակված Արցախում եւ Երեւանում ցուցադրելը:

Իր հայկական ծագման մասին միշտ հպարտորեն խոսող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգը նշեց, որ Հայաստանը հետաքրքիր է աշխարհին իր ինքնատիպ մշակույթով, պատմությամբ, գանձերով, բնությամբ ու անհատականություններով: Ի դեպ, անհատականությունների մասին խոսելիս հիշեց հայտնի կանանց՝ հեղափոխական լուսանկարիչ Տինա Մոդդոտիին, որը ոչինչ չուներ, բացի իր լուսանկարչական սարքից եւ փիլիսոփա Հաննա Արենդտին՝ իբրեւ փոփոխություններ բերած մարդիկ, թարմ գաղափարների հեղինակներ, առաջամարտիկներ:

«Այս տեսակ մարդկանց եմ սիրում, իրենցից հնարավոր է ինչ-որ բան սովորել: Ընդհանրապես մարդ պետք է մինչեւ կյանքի վերջ սովորի…Ցավոք, այսօրվա երիտասարդները համարյա չեն կարդում, իսկ հեռախոսից ի՞նչ պետք է սովորեն: Նրանք նաեւ չեն ցանկանում իրենց պատմությունն իմանալ»,-ասաց մեր զրուցակիցը: Պարզեցինք, որ շատ է սիրում Գյումրին, ասում է՝ հետաքրքիր արվեստի դպրոց ունի, նրա խոսքով՝ Գյումրին վայր է, որտեղ կարող ես խորհել, ու այնտեղ Երեւանի նման ամեն երեկո խցանումներ չեն լինում. «Գյումրին ուրիշ է, իսկական մեդիտացիայի վայր»: Ասաց նաեւ, որ չնայած մեր հայրենիքում առկա խնդիրներին՝ սիրում է Հայաստանը, այստեղ իրեն լավ է զգում. «Եվրոպայում դժվար է, մարդը մենակ է զգում, իսկ այ Հայաստանում լրիվ այլ իրականություն է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգի լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
18.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31