Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատող ու ստեղծող մարդու համար իր հայրենիքն ամենահուսալի վայրն է». ԵՄ առաջարկում է օգտագործել աշխատանքային միգրանտների ներուժը. JAMnews

Հուլիս 20,2023 10:56

JAMnews . Աշխատանքային միգրանտների թիվը, որոնք ամեն տարի մեկնում էին Հայաստանից սեզոնային աշխատանքների՝ հիմնականում Ռուսաստան, վերջին տարիներին նվազում է։ 2018-ին շատերին ոգևորեց «թավշյա հեղափոխությունը», մարդիկ հավատացին, որ շատ բան կփոխվի Հայաստանում, հնարավոր կլինի աշխատել հայրենիքում ու չմեկնել օտար երկրներ։ Ապա կորոնավիրուսի համավարակը արգելք դարձավ։ Դրան էլ հաջորդեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Միաժամանակ ակտիվացան միջազգային կազմակերպությունները, որոնք միգրանտներին աջակցության տարբեր ծրագրեր են առաջարկում։

Դրանցից մեկը «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման» ծրագիրն է։ Այն օգնում է մարդկանց սեփական բիզնես հիմնել՝ այլ երկրներում աշխատանք որոնելու փոխարեն։

Ծրագրի մանրամասները պատմում են մարդիկ, որոնք դիմել են ծրագրին, հետաքրքիր առաջարկ են ներկայացրել ու արդեն իրենց գործն են սկսել Հայաստանում։

Խաչատուր։ Փայտի արտադրամաս Սարալանջ գյուղում

20 տարի շարունակ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած 59-ամյա Խաչատուր Սուվարյանը այս տարի հրաժարվել է դրսում գումար աշխատելու մտքից, փոխարենն իր գյուղում սեփական գործ է սկսում։

«Մեր գյուղը՝ Սարալանջը, ավանդական խոպանչիների գյուղ է, բայց բոլորն էլ աստիճանաբար հրաժարվում են այդ ճանապարհը բռնելուց։ Ռուս-ուկրաինական պատերազմը, հարկային խստացումներն ու տարադրամի ցածր փոխարժեքը մարդկանց ստիպում են մնալ և տեղում փորձել աշխատանք գտնել»,- ասում է նա։

Ամեն տարի Սարալանջ գյուղից յոթ շինարարական բրիգադ, յուրաքանչյուրում տասը տղամարդ մեկնում էին դրսում աշխատելու։ Իսկ հիմա այդ 70 հոգուց 60-ն աշխատում են Երևանում իրականացվող տարբեր շինարարական նախագծերում։ Իսկ ինքը` Խաչատուրը որոշել է փայտի արտադրամաս հիմնել։

«Աշխատող ու ստեղծող մարդու համար իր հայրենիքն ամենահուսալի վայրն է։ Եթե  մարդիկ համոզվեն, որ կարող են եկամուտ ստանալ, կմնան ու կաշխատեն տեղում։ Փայտի հետ աշխատել եմ նաև դրսում։ Կառուցել եմ տանիքներ, աստիճաններ, փայտից զանազան իրեր, մասնակցել եմ երկու եկեղեցիների շինարարության: Հիմա որոշեցի սեփական փայտի արտադրամաս բացել։ Ներդրում եմ կատարել չորս հազար եվրոյի սահմաններում և նույնքան էլ դրամաշնորհ եմ ստացել ICMPD-ից [Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնից], ավելի կոնկրետ փայտե խառատային հաստոց այդ արժեքի սահմանում»,- պատմում է նա։

ԵՄ առաջարկում է օգտագործել միգրանտների ներուժը

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD) իրականացնում է նոր ծրագիր`«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT Armenia): Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտներին և իրենց ընտանիքիների անդամներին նոր բիզնեսների ստեղծման կամ արդեն գոյություն ունեցող ձեռնարկությունների զարգացման գործում։

«2021 և 2022 թվականներին ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 300 հոգի։ Ավելի քան 250-ը մասնակցել է «IRIS բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին։ Ավելի քան 200 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր և ներկայացրել մրցույթային հանձնաժողովի քննությանը: Երկու փուլերի արդյունքում ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 80 բիզնես ծրագրերը: Դրամաշնորհ ստացած շահառուները ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը»,- ասում է ICMPD հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանը։

Բացատրում է, որ այս ծրագիրը, առաջին հերթին, դիտարկվում է որպես ներգաղթի խթանում։ Այսինքն` սա հնարավորություն է, որ մարդիկ՝ վերադառնալով հայրենիք, աշխատանք ունենան և այլևս չմտածեն այն լքելու մասին։

«Մյուս կողմից էլ, մենք աջակցում ենք, որ դրսից եկող գումարները ուղղվեն բիզնեսի զարգացմանը, ընտանիքների ու երկրի բարգավաճմանը։ Մարդիկ կան, որ աշխատում են դրսում և գումարներ են ուղարկում Հայաստան։ Մեր ծրագրի շնորհիվ դրանք ուղղվում են բիզնես հիմնելու վրա։ Մենք տրամադրում ենք մինչև 10 հազար եվրոյին համարժեք`չորս միլիոն դրամ, միգրանտի ներկայացրած ծրագրի իրականացման համար, և նույնչափ էլ ներդրում պետք է շահառուն իր կողմից անի։ Մենք կանխիկ գումար չենք տալիս, մենք գնում ենք շահառուին անհրաժեշտ պարագանները կամ ծառայությունները»,- ասում է Իննա Գալոյանը։

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31