Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ստում է, 2007 թվականից գերտերություններն ընդունում են Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը»․ Անդրիաս Ղուկասյան

Հուլիս 27,2023 15:29

«Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ չկա մի երկիր, որն Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս։ Իր ասուլիսում, անդրադառնալով ինքնորոշմանը, նա ասաց, որ Արցախի ինքնորոշումը միշտ էլ նկատի է առնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Նա այս համատեքստում 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը մեջբերեց։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Արցախի ինքնորոշման իրավունքը քաղաքական տիրույթում առաջին անգամ հիշատակվում է 1920 թվականին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ Արցախին վերաբերող հարցերի համատեքստում։ Եվ արձանագրվում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այնտեղ ապրող մարդկանց կողմից։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծման մասին որոշման հիմքում նույնպես կա Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ ստեղծելու որոշումը նույնպես հղում ունի ինքնորոշման իրավունքի վրա։ Խորհրդային Միության օրենքը նույնպես արձանագրում է, որ ինքնավար մարզերի ժողովուրդները ԽՍՀՄ կազմում պահպանում են իրենք ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ Արցախի ինքնորոշման հարցն օդից հորինված հարց չէ, ունի պատմական ծագում, եւ Արցախի հետ կապված վեճը ճանաչել են 56 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը։

1992 թվականին ԵԱՀԿ 56 պետություններ ընդունել են, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի ԵԱՀԿ-ն, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը միասին դիմել են ԵԱՀԿ-ին՝ ակնկալիքով, որ ԵԱՀԿ-ն որոշի Արցախի կարգավիճակը։ Եվ ԵԱՀԿ-ն իր կազմից ընտրել է 11 պետություն, ում մանդատ է տվել՝ որոշելու Արցախի կարգավիճակը։ Բացի Հայաստանից ու Ադրբեջանից՝ դրանք երեք համանախագահող պետություններն են, ինչպես նաեւ՝ Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան ու Բելառուսը։ Այսինքն՝ 56 պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, ճանաչել են, որ Արցախի տարածքի հետ կապված կա վեճ։ Եվ Ադրբեջանի անկախության ճանաչումը, այլ պետությունների հետ իրավահավասարության ճանաչումը, միջազգային փաստաթղթերին, ՄԱԿ կանոնադրությանը, ԵԱՀԿ-ին Ադրբեջանի միանալը պայմանավորված էր նրանով, որ իր հերթին Ադրբեջանն ընդունում էր, որ կա վեճ, վեճը վերաբերում է ինքնորոշման հարցին։

Հարցն այն է՝ Արցախն ունի՞ ազատ ինքնորոշման իրավունք, թե՞ այդ ինքնորոշման իրավունքը որեւէ կերպ սահմանափակված է, եւ բացառվում է անկախ պետություն ստեղծելու կամ որեւէ պետությանը միավորվելու հնարավորությունը։ Այդ հարցին պատասխանել են գերտերությունները 2007 թվականին։ Եվ 2007 թվականից ի վեր գերտերություններն ընդունում են, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք։ Ոչ մի բանով այդ ինքնորոշման իրավունքը չի կարող լինել սահմանափակված։ Հիմքում դրված են բազմաթիվ նախադեպեր, միջազգային հարաբերությունների իրավական որոշումներ, այդ թվում՝ Միջազգային դատարանի եւ քաղաքական իրողությունը։

Անդրադառնամ հարցին, թե ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ինչպես ասացի՝ ԵԱՀԿ 56 պետությունները ճանաչել են, որ կա վեճ, որ Արցախը դա վիճելի տարածք է, որի կարգավիճակը պետք է որոշի ԵԱՀԿ-ն։ 2008 թվականին, ի պատասխան գերտերությունների որոշմանը՝ ճանաչել Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը, այն է՝ «Մադրիդյան սկզբունքներում» արտահայտված բանաձեւը, Իլհամ Ալիեւը նախաձեռնեց բանաձեւ։ Եվ 2008 թվականի փետրվարին այդ բանաձերը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում դրվեց քվեարկության։ Բանաձեւի գլխավոր միտքն այն էր, որ Արցախը չունի ազատ ինքնորոշման իրավունք, կարող է ունենալ բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այդ բանաձեւին, բացի Ադրբեջանից, կողմ են քվեարկել 36 պետություններ։ Այդ պահին գոյություն ունեցող ՄԱԿ-ի անդամ 190 պետություններից կողմ են քվեարկել ընդամենը 36-ը։ Դրանք ՎՈՒԱՄ պետություններն էին՝ Վրաստանը եւ Ուկրաինան, Մոլդովան, Իսլամական լիգայի պետությունները՝ բացի Իրանից, եւ Սերբիան։ Այսինքն՝ այս պետություններն են ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ առանց Արցախի ժողովրդի համաձայնության։ Այդ բանաձեւն ընդունվել էր, որովհետեւ ընդամենը 10 պետություն էր դեմ քվեարկել, գերտերությունները բոլորը դեմ էին քվեարկել՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը։ 2008 թվականի փետրվարին դա Հայաստանի դիվանագիտական լրջագույն պարտությունն էր, բայց դրա մասին այսօր ոչ ոք չի խոսում։

Ինչի մասին ասես խոսում են, Վարդան Օսկանյանին քննադատում են այն բանի համար, ինչի համար պետք չէ քննադատել, բայց շրջանցում են այն հարցը, թե ինչո՞ւ 2008 թվականին ՀՀ-ն իր դիվանագիտական ռեսուրսները չօգտագործեց, որպեսզի այդ բանաձեւը չանցներ։

Ինքնորոշման իրավունքի մասին եւս մեկ դիտարկում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մոտ 60 պետություն գոյություն ուներ մոլորակի վրա։ Այսօր 192 պետություն կա։ Այսինքն՝ 130-ից ավելի պետություններ ստեղծվեցին ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Դա միջազգայնորեն ճանաչված պրոցես է, ինչի արդյունքում գոյություն ունի 192 ՄԱԿ-ի անդամ պետություն եւ մի քանի ճանաչված կամ մասնակի ճանաչված պետություն, որոնք ՄԱԿ-ի անդամ չեն։ Եվ Նիկոլ Փաշինյանի կողմից նման էժանագին մանիպուլյացիաներ անել, որ ինքնորոշման իրավունքը սառույցի վրա գրված ինչ-որ բան է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է, այդ ամբողջը սուտ է։ Եվ արդիական հարցը հետեւյալն է՝ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է սուտ խոսում, ի՞նչն է իրեն ստիպում սուտ խոսել։ 2007 թվականին ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կոնսենսուսի եկան, որ Արցախի խնդիրը պետք է կարգավորվի Արցախի ազատ ինքնորոշման հիման վրա։ Եվ որպես հիմք բերեցին Միջազգային դատարանի որոշումը՝ Արեւմտյան Սահարայի գործով, որը «Մադրիդյան սկզբունքների» առաջին տարբերակում մատնանշվում էր որպես նախադեպ։ Եվ դատարանի որոշման մեջ ձեւակերպված է միջազգային իրավունքի դոկտրինը՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։ Առհասարակ միջազգային պրակտիկան հետեւյալն է՝ եթե գոյություն ունեն վեճեր, ճիշտ մոտեցում է այդ վեճերը կարգավորվել մարդկանց ազատ հնարավորություն տալու միջոցով, որ իրենք ինքնուրույն որոշեն իրենց կարգավիճակը։

-Դուք ասում եք՝ գերտերություններն ընդունել են, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այսօր գերտերությունների քաղաքականությունը համահո՞ւնչ է դրան։ Օրինակ՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից հայտարարություններ կան, ըստ որոնց՝ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։

-Տարածքային ամբողջականության իրավունք ունեն այն պետությունները, որոնք ունեն ամբողջ ժողովրդի կողմից ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարություն, որը ներկայացնում է այդ ժողովրդին եւ որն ապահովում է մարդու իրավունքների լիարժեք իրացումը տվյալ պետության տարածքում։ Այլ պետությունները պարտավոր են հարգել այդ պետության տարածքային ամբողջականության իրավունքը, ինչը նշանակում է, որ ոչ մի պետություն իրավունք չունի հարձակվել այդ պետության վրա, ուժով գրավել իր տարածքի որեւէ հատված, ռազմական ձեւով օժանդակել այդ պետության տրոհմանը կամ այդ պետությունում ապստամբությունների ձեւավորմանը։ Սա է տարածքային ամբողջականությունը հարգելու իրավունքի բովանդակությունը։ Երբ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան ասում են, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքը, նկատի ունեն, որ Արցախի վերաբերյալ վիճելի հարցը հանած՝ այդ պետությունները մտադիր չեն հարձակվել Ադրբեջանի վրա, մտադիր չեն օժանդակել Ադրբեջանում ինչ-որ զինված ապստամբությունների ձեւավորմանը։ Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտեսել այն փաստը, որ Ադրբեջանում չկա կառավարություն, որը կներկայացնի ամբողջ ժողովրդին։ Այսինքն՝ Ադրբեջանի այսօրվա կառավարությունը չի ներկայացնում Արցախը։ Այսինքն՝ այն փաստը, որ Արցախը վիճելի տարածք է Ադրբեջանի կազմում, չի նշանակում, որ Հայաստանը սահմանափակված է Արցախին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Եվ Հայաստանը ոչ ՄԱԿ-ի, ոչ ԵԱՀԿ-ի կողմից երբեք չի ենթարկվել քննադատության՝ Արցախին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Միջազգային որեւէ բանաձեւ չի եղել, որտեղ Հայաստանը կդատապարտվի Արցախին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։

Միջազգային հանրությունն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի հարակից շրջանները չեն կարող մտնել Արցախի սահմանների մեջ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կարող է լինել այն սահմաններով, որոնք նա ունեցել է 1988 թվականին։ Սա է ՄԱԿ-ի մոտեցումը, ՄԱԿ-ի 4 բանաձեւերը դրա մասին են, ո Արցախի սահմանները 1988 թվականի ԼՂԻՄ սահմաններն են։ Եվ Արցախը չի կարող այլ տարածքներ գրավել, այդ ուժով գրավելը չի ճանաչվի օրինական։ Հայկական քաղաքական մտքի խնդիրը եղել է՝ ինչպես այդ իրողության հետ համակերպվել կամ չհամարկերպվել, որովհետեւ երկար տարիներ եղել է այդ դիսկուրսը՝ «ազատագրված տարածքներ», «գրավյալ տարածքներ», թե՞․․․ Սկսած 1992 թվականից՝ առ այսօր Ադրբեջանն  է այն կողմը, որը փորձում է ուժով լուծել Արցախի հարցը։ Ընդ որում, այդ պետությունը դա չի թաքցնում, մարդիկ Ադրբեջանում այդպես են պատկերացնում, որ կարելի է ուժով լուծել վիճելի հարցերը։

-Բայց միջազգային հանրությունը, գերտերությունները ուժով հարցեր լուծելու դեմ ոչ մի գործողություն չեն անում այսօր։ Այսինքն՝ միջազգային հանրությունը կարծես ընդունո՞ւմ է Ադրբեջանի այդ մոտեցումը։

-Դա սուտ է, միջազգային հանրությունը դա չի ընդունում։ Դա քարոզչություն է, որն օգտագործվում է մեր պետության ներսում։ Հաճախ հենց առաջին դեմքերն են դա տարածում, որ իբր թե ուժով կարելի է լուծել վիճելի հարցերը։ Միջազգային հարաբերությունների հիմքում բոլոր պետություններն իրենց վրա պարտավորություն են վերցրել, որ ուժով գրավված որեւէ տարածք չի կարող ճանաչվել օրինական։ Եվ մենք մեր սեփական կաշվի վրա դա զգացել ենք՝ 30 տարի ոչ մի պետություն Արցախի հարակից շրջանները չճանաչեց որպես Արցախի մաս։ Նույնկերպ ոչ ոք չճանաչեց Իրաքի ինքնավար Քրդստանի կողմից Իրաքի մյուս տարածքների փաստացի գրավումը։ ԱՄՆ-ն, լինելով քրդերի հետ դաշնակից, համաձայն չեղավ քրդերի կողմից Մոսուլում անցկացված հանրաքվեի հետ եւ չճանաչեց հանրաքվեի արդյունքները։ Բազմաթիվ են օրինակները, հետեւողական են միջազգային հանրության ներկայացուցիչ պետությունների մեծ մասը։ Ինչո՞ւ մեծ մասը, որովհետեւ մենք հիմա ունենք Ռուսաստանի Դաշնություն, որը դեմարշ է անում միջազգային իր պարտավորությունների դեմ, ագրեսիվ պատերազմ է հրահրել, սատարել է Ադրբեջանին՝ ռազմական ճանապարհով Արցախի հարցը լուծելու։ Եվ այսօր սատարում է Ադրբեջանին՝ ուժով, շրջափակմամբ Արցախի ժողովրդին ինչ-որ քաղաքական որոշումներ պարտադրելու համար։ Այդ ամբողջը միջազգային հարաբերություններում արգելված է, բոլոր պետություններն իրենց վրա ժամանակին վերցրել են պարտավորություն, որ այդպիսի բաներ չի կարելի անել։

Այդ դեպքում՝ ինչո՞ւ է Արցախն այսօր այս վիճակում, եթե միջազգային հանրության կողմից ընդունված չէ ուժի կիրառումը։

-Նման վիճակները որպես կանոն աշխարհում բերել են նրան, որ տեղի է ունեցել արտաքին միջամտություն։ Որպես կանոն՝ այդ միջամտությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ անշրջելի վիճակ է ստեղծվում, երբ այլ կերպ հնարավոր չէ իրավիճակը շտկել։ Առհասարակ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այն մարմինն է, որտեղ գերտերությունները պետք է կոնսենսուսով որոշում կայացնեն այդ միջամտության վերաբերյալ։ Այսօր պարզ է, որ առնվազն մեկ գերտերությունը՝ ՌԴ-ն, ինքն է խախտում ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինքն է հովանավորում պատերազմներ, ՄԱԿ-ի կանոնադրության խախտում այլ պետությունների կողմից։ Եվ, բնականաբար, առաջանում է մյուս հարցը՝ առանց գերտերությունների կոնսենսուսի ինչպե՞ս միջամտել։ Պրակտիկայում գոյություն ունեն այդպիսի օրինակներ, որոնցից մեկը Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողություններն էին՝ կապված Կոսովոյի հետ։ Հարցը հետեւյալն է՝ երբ է ԱՄՆ-ն ուժով հարձակվելու Ադրբեջանի վրա։ Այն ժամանակ, երբ կտեսնեն, որ Արցախում իսկապես հումանիտար ճգնաժամ է։ Մինչեւ այդ գերտերությունները, Արեւմուտքը փորձելու են դիվանագիտական, քաղաքական եղանակներով ազդել, որպեսզի հարցը դրան չհասնի։ Արցախի համար միջազգային աջակցությունը կարող էր լինել ավելի ազդեցիկ ու ավելի լայն, եթե Արցախը չլիներ Ռուսաստանի Դաշնության գործընկեր։ Արցախի այսօրվա քաղաքական ուժերի՝ Մոսկվային հավատարիմ լինելը զրկում է Արցախի ժողովրդին Արեւմուտքի լիարժեք օժանդակությունից։

Ուստի, բոլորը փորձերը՝ շանտաժի ենթարկելու միջազգային հանրությանը, Արցախի շրջափակումն օգտագործել ռուսական զորքերին մանդատ տրամադրելու համար, դրանք ապարդյուն գործողություններ են։ Այդ գործողությունները նաեւ զրկում են Արցախի ժողովրդին Արեւմուտքի օժանդակությունից եւ հնարավորություն են տալիս ՌԴ-ին ու Ադրբեջանին ավելի սուր ճգնաժամ ստեղծել Արցախում։ Արեւմուտքը հետեւում է իրադրությանը, իր համար ունի կարմիր գիծ, թե երբ է միջամտելու։ Եվ, ցավոք սրտի, մինչեւ այդ կարմիր գիծը Արցախի ժողովուրդը մնալու է պատանդի վիճակում՝ իր քաղաքական ուժերի, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարության ձեռքերում։ Մարդիկ այսօր հարցնում են՝ բա ինչո՞ւ հայերին չեն փրկում ամերիկացիները, ֆրանսիացները կամ գերմանացիները, որովհետեւ Հայաստանն ու Արցախն ընտրություն են կատարել, որ Ռուսաստանի հետ են եւ Արեւմուտքի դեմ են։ Եվ նման պայմաններում, Արեւմուտքից ակնկալել որեւէ քայլ, բացի հայտարարություններից, պրակտիկորեն հնարավոր չէ։ Բայց նույնիսկ այդ պայմաններում առնվազն  Ֆրանսիայի քաղաքական ուժերի դիրքորոշումը մենք տեսանք Սենատի ու Ֆրանսիայի ԱԺ բանաձեւերում, ինչը վկայում է, որ նույնիսկ նման պայմաններում Ֆրանսիան քայլեր է անում՝ Հայաստանին եւ Արցախին օժանդակություն ցուցաբերելու համար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31