Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի վերամիավորման ուղին

Հոկտեմբեր 03,2023 16:03

«Ես հավատում եմ, որ էվոլյուցիան կընթանա հետևյալ կերպ. երբ Արևմուտքը կլինի ավելի ուժեղ, քան Խորհրդային Ռուսաստանը, այն ժամանակ էլ կգա Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցությունների օրը»

Կոնրադ Ադենաուեր, ԳՖՀի ֆեդերալ կանցլեր

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիան կարողացավ խուսափել մասնատումից, սակայն արդեն երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո այն բաժանվեց հաղթողների կամքով: Բաժանման հետևանքով հետպատերազմյան Եվրոպայի խաղաղ կարգավորումը չհասավ իր վերջնակետին, քանզի Եվրոպայում առաջ եկավ «բաժանված ազգերի» հիմնահարցն ու ստեղծվեց «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունը, որը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հետպատերազմյան Եվրոպայի խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Երկար տարիներ համաեվրոպական գործընթացը դանդաղեց, կամ գրեթե կանգ առավ, քանի որ երբեք հնարավոր չէր միավորված Եվրոպա՝ առանց միավորված Գերմանիայի:

Գերմանիայի բաժանման հետևանքով ժամանակի ընթացքում ստեղծվեց մի իրողություն, երբ գերմանացի ազգի մեջ ի հայտ եկան, կամ մի գուցե արհեստականորեն ներմուծվեցին «արևելագերմանացի» և «արևմտագերմանացի» հասկացությունները, որի արդյունքում էլ ավելի խորացավ ազգի մասնատվածությունը: Այսինքն, եթե սկզբնական շրջանում գերմանացի ազգը բաժանված էր միայն սահմաններով, գաղափարախոսական և քաղաքական գործոններով, ապա որոշ ժամանակ անց սկսվեց նրա «ազգագրական բաժանումը», որի արդյունքում «սառը պատերազմի» թեժ տարիներին երկու մասերը փոխադարձաբար, ոչ քիչ դեպքերում, հանդես էին գալիս թշնամական դիրքերից:

Բայց ի սկզբանե ավելի քան պարզ էր, որ անբնական էր և անբանական բաժանել և մեկընդմիշտ բաժանված պահել գերմանացի ազգին, թեև բաժանման հիմքում ընկած էին գաղափարախոսական ու քաղաքական մոտիվներ, և բաժանող սահմանագիծը լինելու էր «սառը պատերազմում» Արևմուտքը և Արևելքը բաժանող գլխավոր սահմանագիծը: Այսինքն, մի կողմից Գերմանիայի վերամիավորումը կախված էր «սառը պատերազմի» ավարտից, իսկ մյուս կողմից իրենով էր զգալի չափով պայմանավորում դրա ավարտը:

Իհարկե, համաշխարհային երկու համակարգերն էլ երբեմն առաջ էին քաշում վերամիավորման ծրագրեր, սակայն դրանք հատուկ լինելով այն համակարգին, որի կողմից որ առաջ էին քաշվում, բնականաբար չէին կարող ընդունվել մյուսի կողմից: Հետևաբար` այդ ծրագրերը ոչ միայն չէին կարող կենսագործվել, այլև ընդգծում էին Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող սկզբունքային պայքարը, էլ ավելի էին սրում «սառը պատերազմը», խորացնում միջազգային լարվածությունը: Գերմանիայի պարտությունից հետո, սկսած նրա օկուպացումից, բայց Պոտսդամի որոշումներից առաջ, արդեն ձևավորվում էին այն բանի նախադրյալները, որ գերմանական հարցը լինելու էր «սառը պատերազմի» ամենակարևոր ու ամենավտանգավոր կիզակետներից մեկը, եթե ոչ ամենակարևորն ու ամենավտանգավորը: Բաժանված Գերմանիայով էր անցնում Արևմուտքն ու Արևելքը բաժանող գլխավոր սահմանագիծը, որի երկու կողմերում իրենց գլխավոր ուժերն ու ռազմակայաններն էին պահում միմյանց հավասարակշռող ռազմական բլոկները՝ ՆԱՏՕ-ն և Վարշավայի պակտը: Թերևս հետպատերազմյան լարվածության և ոչ մի օջախ այսքան լցված չէր նոր համաշխարհային արհավիրքի վտանգով, որքան բաժանված Գերմանիան, որը նույնիսկ սահմանափակ պատերազմի դեպքում ամբողջովի կոչնչանար: Ահա թե ինչու Գերմանիայի պառակտման վերացումը նոր համաշխարհային պատերազմը կանխելու գլխավոր պայմաններից մեկն էր:

Բայց վերամիավորումը թվում էր արտակարգ դժվար, քանզի Արևմուտքը ձգտում էր ամբողջ Գերմանիան ներառել կապիտալիստական հասարակարգի մեջ, իսկ Խորհրդային Միությունն անում էր ամեն բան, այն ներառելու իր ազդեցության գոտում և դարձնելու սոցիալիստական հասարակարգի մի մասը: Արդյունքում անտեսվում էր գերմանացի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, նրա իղձերն ու համազգային նպատակները զոհ էին գնում սոցիալ-քաղաքական և գաղափարախոսական գործոններին:

… 1969թ. հոկտեմբերյան ընտրություններում Արևմտյան Գերմանիայի /ԳՖՀ/ պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ տարան սոցիալ-դեմոկրատները, ինչի արդյունքում Վիլլի Բրանդտը դարձավ ֆեդերալ կանցլեր և ձևավորեց իր կառավարությունը: Կանցլեր Բրանդտը առաջ քաշեց իր «Նոր արևելյան քաղաքականությունը», որն ուղղված էր Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև լարվածության հնարավորիս մեղմացմանն ու հարաբերությունների ջերմացմանը: Հենց Բրանդտի այս քաղաքականության շնորհիվ էր, որ 1970թ. մարտի 19-ին Էրֆուրտում առաջին անգամ հանդիպեցին երկու Գերմանիաների ղեկավարները, ինչը խորհրդանշում էր հարաբերությունների ջերմացում: Այնուհետև, նույն թվականի օգոստոսին Խորհրդային Միության հետ կնքվեց Եվրոպայի հետպատերազմյան սահմանների ճանաչման մասին պայմանագիրը: Այս պայմանագրի կնքման հետ միաժամանակ Արևմտյան Գերմանիայի կողմից ԽՍՀՄ-ին հանձնվեց «Գերմանական միասնության մասին» նամակը, որտեղ նշվում էր, որ կնքված պայմանագիրը չի հակասում Եվրոպայում խաղաղության հաստատման գործընթացին, որի պայմաններում գերմանական ժողովուրդը, ազատ տնօրինելով իր ճակատագիրը, կարող է գտնել իր միասնությունը:

Այս իրադարձությունները ուղի հարթեցին ինչպես խորհրդա-արևմտագերմանական բազմակի հարաբերությունների զարգացման համար, այնպես էլ նպաստեցին երկու Գերմանիաների միջև ուղղակի երկխոսության ծավալմանը:

1971-ի սեպտեմբերին նախկին հակահիտլերյան կոալիցիայի երկրները համաձայնության եկան Արևմտյան Բեռլինի շուրջ, որով Արևմտյան Բեռլինը չէր համարվում ԳՖՀ-ի բաղկացուցիչ մաս, և այնտեղ հիմնվում էր ԳՖՀ-ի մշտական ներկայացուցչություն:

Վիլլի Բրանդտի «Նոր արևելյան քաղաքականությունը» իր բարերար ազդեցությունն ունեցավ նաև գերմանական երկու պետությունների հարաբերությունների զարգացման վրա, որի արդյունքում 1972-ի դեկտեմբերի 21-ին երկու երկրների միջև կնքվեց «ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի միջև հարաբերությունների հիմունքների մասին» պայմանագիրը, որով պայմանավորվող կողմերը, մի կողմ դնելով միմյանց միջև առկա տարակարծությունները որոշ սկզբունքային, մասնավորապես ազգային հարցի վերաբերյալ, և գիտակցելով, որ առաջնահերթը խաղաղության պահպանումն ու խաղաղ համագործակցությունն են, եկան համաձայնության: Ըստ պայմանագրի, կողմերը փոխադարձաբար հարգում են միմյանց անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնորոշման իրավունքը: Սա նշանակալի առաջընթաց էր գերմանական երկու պետությունների հարաբերություններում, և նշանակում էր, որ Արևմտյան Գերմանիան հրաժարվում էր միջազգային ասպարեզում ողջ գերմանական ազգը ներկայացնելու պահանջից: Հատկապես կարևոր էր այն փաստը, որ կողմերը պետք է փոխանակեին մշտական ներկայացուցչություններ: Եվ եթե ԳՖՀ-ն հրաժարվեց ողջ ազգը ներկայացնելու հավակնություններից, ապա Արևելյան Գերմանիան /ԳԴՀ-ն/ էլ իր հերթին իր սահմանադրությունից վերացրեց «Գերմանական ազգի սոցիալիստական պետություն» հասկացությունը:

Ըստ էության, Բրանդտի «Նոր արևելյան քաղաքականությունը» ոչ թե հավերժացնում էր Գերմանիայի բաժանումը, այլ ընդհակառակը, սոցիալիստական ճամբարի երկրների հետ հարաբերությունների բարելավմամբ և գերմանո-գերմանական երկխոսության սկսմամբ ստեղծվեց փոխադարձ վստահության մթնոլորտ և ուղի հարթվեց Գերմանիայի խաղաղ միավորման համար: Ի վերջո, պատահական չէր, որ 1971-ին Բրանդտը արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի:

1982թ. հոկտեմբերի 1-ին Հելմութ Կոլը ընտրվեց Արևմտյան Գերմանիայի ֆեդերալ կանցլեր: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրեց Հանս-Դիտրիխ Գենշերը, և այս երկու անձինք հետագայում իրենց արժանի տեղը զբաղեցրին Գերմանիայի վերամիավորման եզրափակիչ փուլի հիմնական ճարտարապետների շարքում: Գալով իշխանության, կանցլեր Կոլը հայտարարեց, որ շարունակելու է «Նոր արևելյան քաղաքականությունը», որի հիմքը կազմում են Մոսկվայի և այլ «արևելյան» պայմանագրերը: Երեք տարի անց ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Գորբաչովը, որի կառավարման ժամանակաշրջանի սկիզբը նշանավորվեց սառը պատերազմի որոշակի թուլացմամբ` պայմանավորված Ժնևի և Ռեյկյավիկի խորհրդա-ամերիկյան բանակցություններով: Կանցլեր Կոլն ու իր ԱԳ նախարար Գենշերը գնահատելով ուժերի հարաբերակցության փոփոխությունը ողջ աշխարհում, հասկացան, որ 1985-ից հետո Գերմանիայի վերամիավորման գործընթացում սկսվում է մի նոր փուլ, որը թերևս կլինի ամենաարդյունավետը: Դրանով էլ պայմանավորված արևմտագերմանական իշխանությունները գնացին ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների էլ ավելի ջերմացման ճանապարհով:

…Գերմանացի ժողովրդի կյանքում նշանակալից փոփոխություններ տեղի ունեցան և վերամիավորումը առաջին անգամ իրականորեն երևաց 1988-90 թվականներին, երբ Խորհրդային Միության կողմից հռչակված վերակառուցման քաղաքականության հետևանքով մեկը մյուսի ետևից ընկան Արևելյան Եվրոպայի տոտալիտար վարչակարգերը, տեղի ունեցան ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի ղեկավարների փոխադարձ պաշտոնական այցելությունները, և արդյունքում էլ վերամիավորման հետ կապված հիմնական իրադարձությունները տեղի ունեցան հենց այս թվականներին: 1989թ. նոյեմբերի 9-ին թույլատրվեց ազատ ելումուտը Բեռլին քաղաքը մոտ 30 տարի Արևելյան և Արևմտյան մասերի բաժանող «Բեռլինյան պատի» անցակետերով:

Արդեն 1990-ի ամռանը կանցլեր Կոլի` ԽՍՀՄ այցելության ժամանակ երկու երկրների ղեկավարները եկան վերջնական համաձայնության և արդեն 1990-ի օգոստոսի 31-ին նախ Գերմանական 2 պետությունները ստորագրեցին «Գերմանիայի վերամիավորման մասին» պայմանագիրը, որին հաջորդեց 1990-ի սեպտեմբերի 12-ին նախկին հակահիտլերյան կոալիցիայի 4 երկրների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և գերմանական 2 պետությունների միջև Մոսկվայում «Գերմանիայի վերջնական կարգավորման մասին» պայմանագրի կնքումը:

Այս ամենին հաջորդեց 1990 թվականի հոկտեմբերի 3-ը, երբ պաշտոնապես տեղի ունեցավ Գերմանիայի վերամիավորումը և այդ օրը նշվում է որպես գերմանական միասնության օր:

Ավելի քան 4 տասնամյակ բաժանված Գերմանիան 1990թ. հոկտեմբերի 3-ին կրկին վերամիավորվեց, ինչի շնորհիվ լուծվեց բաժանված ազգերի վերամիավորման մեկ հիմնահարց ևս, տեղի ունեցավ հետպատերազմյան Գերմանիայի վերջնական խաղաղ կարգավորումը, իսկ Եվրոպայի քաղաքական և տնտեսական զարգացումը կատարեց կարևոր առաջընթաց քայլ: Գերմանիայի վերամիավորումը համաշխարհային պատմական նշանակություն ունեցող փաստ է, որը վերստին հաստատում է, որ անկարելի է որևէ ժողովրդի ազգային իղձերն ու համազգային նպատակները ստորադասել գաղափարախոսական, քաղաքական և այլ գործոններին:

Գերմանիայի վերամիավորմամբ ավարտվեց շուրջ 40 տարի տևած պայքարը: Պայքար, որի առաջին դիրքերում էին կանգնած ֆեդերալ կանցլերներ Ադենաուերը, «տնտեսական հրաշքի» հեղինակ Լյուդվիգ Էրհարդն ու Կուրտ Գեորգ Կիզինգերը` իրենց կոշտ և արևմտամետ քաղաքականությամբ, Վիլլի Բրանդտը` իր «Նոր արևելյան քաղաքականությամբ», և իհարկե, Գերմանիայի միասնության խորհրդանիշ Հելմութ Կոլը:

Սարգիս ՀԱԿՈԲՅԱՆ,

Միասնական սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային կենտրոնի տնօրեն,

պատմաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031