Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ, որ ՄԱԳԱՏԷ-ն որոշում կայացնելիս կհիմնվի առավելապես առկա օբյեկտիվ տվյալների վրա՝ առանց որևէ քաղաքական մոտիվացման. Վահե Դավթյան

Հոկտեմբեր 03,2023 16:47

Դե-յուրե Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացիան կարող է տեղի ունենալ բացառապես Հայաստանի կառավարության որոշմամբ, սակայն որպես 1997 թ.-ն ՄԱԳԱՏԷ-ի կողմից մշակված Լրացուցիչ արձանագրությունները ստորագրած երկիր՝ Թուրքիան իրավասու է նման «ահազանգերով» հանդես գալ: Նման պատասխան տվեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանն Aravot.am-ի այն հարցին, թե իրավական, քաղաքական տեսանկյունից արդյոք Թուրքիան իրավունք ունի՞ դիմելու ՄԱԳԱՏԷ-ին՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջով:

Հիշեցնենք, որ նախորդ օրը մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԱԳԱՏԵ-ին հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի աշխատանքների առնչությամբ:

Վահե Դավթյանի խոսքով, ՄԱԳԱՏԷ-ն ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող կառույց է, ուստի բաց է ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր երկրի կողմից իրականացվող նախաձեռնության համար: Այլ բան է՝ կընդունի դա ՄԱԳԱՏԷ-ն ի գիտություն, թե ընթացք կտա Անկարայի դիմումին: «Սա, կարծում եմ, արդեն կախված է քաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական զարգացումներից, նաև ՄԱԿ-ում գործող տարբեր թուրք-ադրբեջանական լոբբիստական խմբերի նպատակադրումներից: Տարիներ շարունակ Անկարան և Բաքուն հանդես էին գալիս Հայկական ԱԷԿ-ի դեմ ուղղված հայտարարություններով՝ գործի դնելով իրենց քարոզչական մեքենաները, «խավիարային դիվանագիտությունը» և այլն: Որոշակի արդյունքների, իհարկե, կարողացել են հասնել: Մասնավորապես՝ 2000-ականներից ի վեր նույն ԵՄ-ն պարբերաբար հայտարարում է Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացման անհրաժեշտության, այն նոր հզորություններով փոխարինելու մասին: Իսկ արդեն 2017 թ.-ին Երևանը, ԵՄ-ն ու Եվրոատոմը համաձայնագիր կնքում են «Համապարփակ և ընդլայնված համագործակցության» վերաբերյալ, որի միջուկային էներգետիկայի նվիրված գլխում խոսվում է կայանի փակման անհրաժեշտության մասին: Բարեբախտաբար, այդ դրույթը, ինչպես նաև ամբողջ փաստաթուղթը չունի իմպերատիվ բնույթ, իսկ Եվրոատոմի իրավասությունը չի տարածվում նույնիսկ ԵՄ հետ ասոցացված երկրների վրա»,–ասաց Վահե Դավթյանը:

Թուրքիան հիմնավորում է, թե իբր Մեծամորի ատոմակայանն իրենից վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, քանի որ տարածաշրջանում բավականին հաճախ են բնական աղետներ լինում: Մեր հարցին՝ որքանո՞վ է սա հիմնավոր, չէ՞ որ հայկական ատոմակայանն արդեն ավելի քան կես դար առաջ է հիմնադրվել ու նման վտանգներ կարծես թե չեն եղել՝ տնտեսագիտության դոկտորը պատասխանեց. «1994-1995 թթ.-ից ի վեր, երբ վերաշահագործվեց Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, Անկարան և Բաքուն հայտարարում են կայանի շահագործման արդյունքում ձևավորվող էկոլոգիական ռիսկերի մասին: Մասնավորապես, մշտապես ընդգծվում էր, որ սահմանամերձ գոտում երեխաները ծնվում են անոմալիաներով և շատ են տարածված ուռուցքաբանական հիվանդությունները: Նշեմ, որ եթե այժմ Անկարան խոսում է ՀԱԷԿ-ից 16 կմ հեռավորության վրա գտնվող ռիսկոգեն գոտու մասին, ապա Երևան քաղաքից կայանը գտնվում է մոտ 30 կմ հեռավորություն վրա: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ դրա շահագործումը որևէ կերպ չի անդրադառնում մարդկանց առողջության վրա: Ինչ վերաբերում է սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելուն, ապա ուզում եմ հիշեցնել, որ նույն ՄԱԳԱՏԷ-ն դրական եզրակացություն է տվել ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ: Սթրես-թեսթերի արդյունքում կայանը դրական գնահատականի է արժանացել նաև ԵՄ մասնագետների կողմից: Իսկ վերջերս ԱԷԿ-ում անցկացված մոդեռնիզացիան էլ ավելի է բարձրացրել օբյեկտի անվտանգությունը, որի շահագործումը հնարավոր է երկարացնել մինչև 2036 թ.: Հուսով եմ, որ ՄԱԳԱՏԷ-ն որոշում կայացնելիս կհիմնվի առավելապես առկա օբյեկտիվ տվյալների վրա՝ առանց որևէ քաղաքական մոտիվացման»:

Հարցին, թե Հայկական ատոմակայանի փակմամբ ի՞նչ խնդիր է լուծում Թուրքիան և ի՞նչ է սպառնում Հայաստանին՝ Վահե Դավթյանն ասաց. «Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են զրկել Հայաստանին տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի կարգավիճակից: ԱԷԿ-ը մեր ազգային անվտանգության հենասյուներից է, որը թշնամին ձգտում է խարխլել: Սա առաջինը: Հարցն ունի նաև տնտեսական կողմ: Զրկելով մեզ ԱԷԿ-ից՝ Անկարան ու Բաքուն ձգտում են բացառել ապագայում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման հեռանկարը: Իսկ ունենալով ավելացուկային դրվածքային հզորություններ՝ Հայաստանը, իսկ նախկինում՝ Հայկական ԽՍՀ-ն դեռևս 1970-ականներից վերջից դիտվում էր որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ սիրիական և իրաքյան շուկաներ դուրս գալու հեռանկարով: Այսօր Հայաստանը փորձում են դարձնել ներկրող երկիր, ինչի համար, ի դեպ, արդեն առկա են բոլոր նախադրյալները: Խոսքը, մասնավորապես, էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումն է, որը գործում է 2022 թ.-ի սկզբից: Ազատականացումը նշանակում է էլեկտրաէներգետիկ ոլորտում պետության մասնակցության կտրուկ նվազում, որևէ ռազմավարական օբյեկտի կարգավիճակի բացառում: Պարզ ասած՝ ԱԷԿ-ը մեծ հաշվով հավասարեցվում է սովորական արևային կայանին: Կարծում եմ, սա ոչ միայն էներգետիկ, այլ ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031