Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պլանավորված մսաղաց է, որտեղ իշխանությունը ստանում է իր իշխանությունը պահպանելու իրավունքը՝ երկրի սահմանները եւ ժողովրդին փոշիացնելու միջոցով»

Հոկտեմբեր 21,2023 13:30

«Եթե միջազգային հանրությունը հատարարել է, որ չի ճանաչում Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին եւ իրեն ընտրած Ազգային ժողովը, ո՞նց է նրա ստորագրած փաստաթուղթը ճանաչում»,- «Առավոտի» հետ զրույցում նման հարցադրում է անում քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

– Տիկին Սեդրակյան, պատերազմի միջոցով Արցախը հայաթափվեց, Արցախի նախագահն ստորագրեց փաստաթուղթ, ըստ որի՝ հայտարարվում է, որ Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարելու է գոյություն ունենալ։ Այսպիսով, Արցախի հարցը փակվո՞ւմ է։

– Եթե խոսենք միջազգային իրավունքի տեսանկյունից, կոնկրետ Պաղեստինի խնդիրը օրինակ բերենք, նույնկերպ եղել է հանրաքվե, անցել է Ազգերի լիգայով, եւ ոչ ոքի մտքով չի անցնում հիմնավորապես փակել Պաղեստինի խնդիրը, որովհետեւ Պաղեստինի խնդիրն սպասարկում է ողջ արաբական աշխարհը։ Ընդամենը երեկ ես լսում էի Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպանի երկու հարցազրույցները, եւ երկու դեպքում էլ մենք տեսնում ենք այն, ինչ կոչվում է պաղեստինյան նախադեպ, գիծ։ Երկու դեպքում էլ դեսպանը կարողանում էր համոզիչ պատմական ու քաղաքական փաստարակներով լռեցնել բոլոր այն մեղադրանքները, որոնցով փորձում են Պաղեստինը ներկայացնել իբրեւ ահաբեկչական միավորում։ Նույնիսկ շեշտում էր, որ Պաղեստինը եւ ՀԱՄԱՍ-ը նույնը չեն, եւ դրանց նույնացնելը միջազգային հանրության կողմից մեծ հարված է Պաղեստինի ինքնորոշմանը։

Այս բոլոր մանրամասները ես ասում եմ, որովհետեւ Արցախի հարցը եղել է բոլոր դիվանագիտական հարթակներում, եւ որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանը կարող է որպես գործուն միավոր դուրս գալ արցախյան ֆորմատից եւ ավելին, հայտարարել, որ «մենք ճանաչում ենք Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում»։ Դա հետաքրքիր է նրանով, որ այդ նույն իշխանությունները մի քանի տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, հիմա ուրիշ բան։ Եվ միջազգային դիրքորոշման այդպիսի փոփոխությունը փաստորեն Արցախի իշխանությունների վրա մեղքը բարդելով չի ավարտվում։ Բացատրեմ, թե ինչու։

Եթե Հայաստանը պնդում էր, որ բանակցություններն սկսում է զրոյից, եթե Հայաստանն էր վարում բոլոր բանակցությունները, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ստորագրել է Հայաստանի իշխանությունը, եթե Հայաստանի կապիտուլյացիան ու ճակատագիրը որոշվում էր ՀՀ իշխանության ստորագրությամբ, դրան հաջորդող բանակցությունները վարել է Հայաստանի իշխանությունը, հիմա ես մի բան չեմ հասկանում, ո՞ր տրամաբանության համաձայն են Արցախի իշխանությունները լուծարում Արցախը։ Այդ դեպքում Հայաստանի իշխանությունը պետք է ասեր՝ ողջ պատասխանատվությունն Արցախի իշխանությունների վրա է, թող գնան ու ստորագրեն բոլոր փաստաթղթերը։ Եթե ձեռքերը լվանում են, պետք է լվանան մինչեւ վերջ, ոչ թե գնալ կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրել, հետո ասել՝ Արցախի իշխանությունները լուծարեցին Արցախը։ Միջազգային իրավագիտության առումով այսպիսի տգիտություն է տեղի ունենում, բայց այս գիծը շարունակում է առաջ գնալ եւ գնալու է մինչեւ վերջ։ Առաջիկայում Հայաստանի անկլավայնացումն է մեզ սպասում։

– Արցախի բռնազավթումից հետո Արդեջանը կանգ չի առնում, տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, սա սպասելի՞ էր։

– Իհարկե, կանգ չի առնելու։ Շատ վատ է, որ ժամանակին մենք չենք արել այս ամենը, զիջողականություն ու միջազգային իրավունք ենք խաղացել՝ նույն ռուսների դրդմամբ ու ճնշմամբ։ Ես ուզում եմ շեշտել, որ երկու դեպքում էլ կոնֆլիկտի դիրիժորը Ռուսաստանն էր, Ռուսաստանն աշխատել է Ադրբեջանի օգտին։ Բայց շնորհիվ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների դավաճանական տխմարության կամ տխմար դավաճանության, Ղարաբաղը ողջ միջազգային հանրության աչքին ներկայացվել է իբր Ռուսաստանի ստեղծած ու Ռուսաստանի պաշտպանած կոնֆլիկտ։

Իսկ իրականում Ղարաբաղն իր բնույթով բացառիկ առաջին հակասովետական կոնֆլիկտն էր ողջ տարածաշրջանում։ Արցախցիները հանրաքվեով, օգտագործելով ժողովրդավարական բոլոր գործիքները, անջատվել են Ադրբեջանի կազմից եւ հայտարարել են իրենց միացումը Հայաստանին։ Դա պատմություն է, եւ դա բեկանելի չէ։ Եվ քանի որ այն ժամանակ եղել է հանրաքվե, Սամվել Շահրամանյանը իրավունք չունի լուծարելու Արցախը։ Եթե միջազգային հանրությունը հատարարել է, որ ինքը չի ճանաչում նոր ընտրված Սամվել Շահրամանյանին եւ իրեն ընտրած Ազգային ժողովը, ո՞նց է ստացվում, որ նրա ստորագրած փաստաթուղթը ճանաչում է։ Շատ հետաքրքիր բաներ են կատարվում։ Աշխարհում բոլոր կապիտուլյացիոն փաստաթղթերը հրապարակվում են։ Այդ ո՞նց եղավ, որ Արցախի ու «անկլավների» հարցը փաստաթղթային մակարդակով առկա չէ։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ այդ առեւտուրը ձեռնտու է, ներառյալ նաեւ Հայաստանն այսօր ներկայացնող մարդկանց։ Եվ Հայաստանի իշխանությունների կողմից ես ոչ մի ելույթ չեմ տեսնում, որը կարող էր համարժեք լինել Պաղեստինի դեսպանի իմ հիշատակած հայտարարությանը։

Ամեն ինչ այնքան գաղտնի է, որ մենք չենք կարող ասել, որ կապիտուլյացիոն կետերից մեկով խնդիր դրված չէ կազմաքանդել եւ թուլացնել հայկական բանակը՝ այն կրճատելով մինչեւ ոստիկանական եւ պարեկային գործառույթներ։ Սա ձեռնտու է այժմյան իշխանություններին, ունենալ փոխարքայությունը պահպանող բանակ։ Եթե Արցախում եղած բոլոր զենքերը կրակեին, ամենայան հավանականությամբ իրավիճակը ոչ միայն այսպիսին չէր լինի, այլ նաեւ միջազգային հանրության վերաբերմունքը մեր հանդեպ այսպիսին  չէր լինի։ Մենք մոռանում ենք, որ այն տարածաշրջանում ենք բնակվում, որ ամեն վայրկյան պետք է ապացուցենք տարածաշրջանում գոյություն ու պետություն ունենալու մեր իրավունքը։ Արյունռուշտ ու պայթյունավտանգ տարածաշրջանում հնարավոր չէ կառուցել մինի Եվրոպա։ Դու չես կարող հայտարարել, որ Ալիեւը կիրթ է, իսկ ադրբեջանցիները՝ խաղաղասեր, այն պայմաններում, երբ Արցախից բռնի տեղահանված անձինք իրենց աչքով տեսել են եւ պատերազմը, եւ իրենց հանդեպ վերաբերմունքը։

Մենք տեսնում ենք, որ ընկել են պլանային մսաղաց, սա պլանավորված, կետ-կետ նախանշված մսաղաց է, որտեղ իշխանությունն ստանում է իր իշխանությունը պահպանելու իրավունքը՝ երկրի սահմանները եւ հայազգի ժողովրդին փոշիացնելու միջոցով։ Այդ տիպի իշխանությունը նրանց համար ընդունելի է։ Եվ ցավալի է, որ մենք բոլորս ենք դարձել կամազուրկ, որովհետեւ քաղաքական էլիտան պետք է դաստիարակվի երկրի ներսում։ Իսկ մեզ մոտ, ցավոք, բոլոր իշխանություններն ամեն ինչ արեցին, որ առողջ եւ հավասարակշռված քաղաքական էլիտայի զարգանալու հնարավորությունը Հայաստանում բացառվի։ Սնունդ տվեցին տարբեր խամաճիկներին, կարծեցին, որ ընդդիմություն բուծելով՝ կարող են կառավարել քաղաքական պրոցեսը։ Անտեսելով քաղաքական միտքը, հնարավոր զարգացումների վտանգը՝ մենք հասել ենք այս վիճակին։ Երբեմն ասում են՝ մենք սրան արժանի ենք։ Ոչ, ես չեմ գտնում, որ հայ ժողովուրդը, Արցախի այդ աշխատասեր, հողին կպած, 5-6 երեխա ունեցող ժողովուրդը սրան արժանի էր։ Մենք սրան արժանի չէինք, եւ պատերազմի ժամանակ էինք միաբան, եւ այս ողբերգության ժամանակ։

Բայց ի՞նչ օգուտ, եթե պատերազմի մեր միաբանությունը դավաճանական հայտարարություններով եւ պրոցեսի սխալ կազմակերպմամբ բեկանեցին, այժմյան մեր միահամուռ օգնությունը որակեցին իբրեւ իշխանության շուրջը միավորվելու ցանկություն։ Եվ Եվրոպան ծափ տվեց։ Երբ դու փորձում ես այլ կարծիք արտահայտել, դա ձեռնտու չէ, որովհետեւ, հավատացեք ինձ, Եվրոպային էլ է շատ ձեռնտու այս վիճակը։ Ես միշտ այս օրինակն եմ բերում՝ պատկերացրեք, դու խենթացել ես եւ որոշել քո ունեցվածքը բաժանել երկու հակամարտող հարեւանների միջեւ։ Եթե անգամ իրենք իրար հետ հակամարտում են, հաճույքով բաժին կվերցնեն քո ունեցվածքից։ Իսկ մենք համալսարանական քաղաքներ ենք կառուցում, Սնուփ Դոգին 6 մլն դոլար ենք նվիրում եւ շարունակում ենք ապրել։ Այն պայմաններում, երբ այդ 6 մլն դոլարը կարող էր պաշտպանական մի գմբեթ դառնալ, Սնուփ Դոգի չկայացած համերգի համար ենք փոխանցում։ Եվ դա բոլորի կողմից նորմալ է դիտարկվում, մենք ընդամենը ծիծաղում ու անցնում ենք։

– Իրավիճակի բեկում ե՞րբ կարող է լինել։

– Իրավիճակի բեկում չի լինելու մոտակա 20 տարում։ Ես նայում եմ ոչ մի օբյեկտիվ տվյալ չկա, որ կարող է բերել իրավիճակի բեկմանը։ Արդեն հասկանալի է, որ այս իշխանությունները ներքին գաղտնի պայմանավորվածություններով գնում են ներքին գաղտնի պաշտպանությանը։ Բեկումը կարող էր լինել Ուկրաինայի հաղթանակի դեպքում, երբ կփոխվեր մեր աշխարհաքաղաքական բալանսը։ Բայց այս աշխարհաքաղաքական բալանսի փոփոխությունը չստացվեց, ինֆորմացիայի բոլոր կրողներին չեզոքացնում են, եւ նրանցից ոչ ոք չի խոսում, որովհետեւ նույն ռուսական թաթը դրված է ինֆորմացիոն բոլոր աղբյուրների վրա։ Դրսից մեկը պետք է գար, բայց ես չեմ կարծում, որ դրսից սպիտակ ձիով ասպետ կգա։ Բացի այդ, հայ ժողովուրդը չի սիրում ասպետներին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031