Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանացիները պատվել են Հարություն Խաչատրյանին՝ գերմանական կինոյի վարպետ Շլյոնդորֆի հետ

Նոյեմբեր 20,2023 13:30

Ռեժիսորներին շնորհվել է «Կյանքը կինոյում» պատվո մրցանակը

Վերջերս Իտալիայի եւ Սլովենիայի տարբեր քաղաքներում կայացան հայկական կինոյի օրեր, որոնց ընթացքում ցուցադրվել էին նաեւ կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի «Սահման» եւ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը՝ ռեժիսորի հետահայացի ծրագրում եւ կայացել էր ռեժիսորի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի պրեմիերան: Դրանից հետո Հարություն Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրվել են նաեւ Իսպանիայում եւ անվանի կինոռեժիսորին հանձնվել է «Կյանքը կինոյում» մրցանակը: Բանելմադենայի միջազգային կինոփառատոնը (Իսպանիա), որ համաշխարհային կինոյում մեծ ներդրում ունեցած արվեստագետներին պատվում է հետահայաց ցուցադրություններով եւ պատվո մրցանակներով, այս անգամ անդրադարձել էր նաեւ Հայ կինոյին եւ նախաձեռնել Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ ծրագրում ընդգրկելով նրա «Պոետի վերադարձը», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը: Նաեւ կայացել էր Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները. Վահան Անանյան» ֆիլմի իսպանական պրեմիերան: Բանելմադենայում Հարություն Խաչատրյանին շնորհվել է «Կյանքը կինոյում» պատվո մրցանակ: Ընդ որում, գալա հանդիսությանը մրցանակներ են շնորհվել նաեւ գերմանական կինոյի վարպետ Վոլկեր Շլյոնդորֆին, իսպանական կինոյի եւ թատրոնի նշանավոր դերասանուհի Անա Բելենին, պորտուգալացի հանրահայտ ռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ Մարիա Դե Մեդեյրուշին: Հավելենք, որ Բանելմադենայի միջազգային կինոփառատոնն անցած տարիներին պատվել եւ պատվավոր մրցանակներ է շնորհել այնպիսի կինոռեժիսորների, որոնց թվում են Իշտվան Սաբոն, Թեոդորոս Անգելոպուլոսը, Իրժի Մենգելը, Գիլերմո Դել Տորոն:

«Առավոտը» զրուցել է համաշխարհային կինոյում մեծ ներդրում եւ ինքնատիպ կինոձեռագիր ունեցող ռեժիսորի՝ Հարություն Խաչատրյանի հետ: «Գիտեք երեի, որ կաթվածից հետո հիշողությանս հետ կապված խնդիրներ կային, եւ ինձ շատ օգնեց «Նկարչի երեք գերեզմանները. Վահան Անանյան» ֆիլմը: Շատ դժվարությամբ կատարեցի մոնտաժը, հիշողությունս էլ վերադարձավ: Ֆիլմը Երեւանում ցուցադրեցի, հետո՝ Սոֆիայի փառատոն, Իտալիայի փառատոն, Սլովենիայի փառատոն, Իսպանիայի փառատոն…

Ինչ վերաբերում է իմ մյուս ֆիլմերին, ընդհանրապես հետահայաց ցուցադրություններն իմ ամենամեծ հպարտությունն են, որովհետեւ սովորաբար հետահայաց ցուցադրություններ անում են այն արվեստագետների համար, որոնք ունեն իրենց ուրույն ձեռագիրը, ուրույն դպրոցը, ոճը, տեսակը, փիլիսփայությունը: Իմ ֆիլմերի ավելի քան 20 հետահայաց ցուցադրություններ են արել, հիմնականում լուռ ֆիլմերի, որտեղ չկան դիալոգներ: Ամբողջ աշխարհով մեկ պտտվել են ֆիլմերս՝ սկսած ԱՄՆ-ից մինչեւ Կորեա եւ Ավստրալիա: Այդպիսով, ես կարծում էի՝ ավարտվեց այդ պատմությունը, կմնան գեղեցիկ հիշողություններս, բայց հանկարծ այս ֆիլմերը, որ հիմնականում դիալոգային են, որովհետեւ մարդու ճակատագիրն են ներկայացնում, ինչը շատ ազնիվ խոսակցություն է իրենց ապրած կյանքի, անցյալի, ներկայի եւ ապագայի մասին, սկսեցին կրկին հրավիրվել տարբեր փառատոներ:

Կրկին 3 հետահայացներ տեղի ունեցան Բուլղարիայում, Իտալիայում եւ Սլովենիայում, 4-րդն արդեն Իսպանիայում էր, որտեղ նաեւ Շլյոնդորֆը եւ ես մրցանակ ստացանք: Ես շատ փոքր եմ որպես արվեստագետ Շլյոնդորֆից, բայց միասին ստացվեց մրցանակ ստանալը, որը կոչվում է «Կյանքը կինոյում»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

«Շատ հետաքրքիր խոսք է «Կյանքը կինոյում», որովհետեւ իմ ամբողջ կյանքն անցել է կինոյում, սկսած 13 տարեկանից, երբ աշխատում էր կինոմեխանիկի աշակերտ, հետագայում կինոմեխանիկ, ապա ասիստենտ, ուսանող, այդպես շարունակ՝ մինչեւ դարձա ինքնուրույն ստեղծագործող: Երջանկություն է նման մրցանակ ստանալը, որովհետեւ իմ կյանքը կինոյին է նվիրված, եւ ես կինոն՝ որպես ինքնարտահայտման միջոց, իբրեւ պատմություն պատմելու եւ արվեստի ձեւ, շատ բարձր եմ գնահատում: Հիմա այդ մրցանակը սիրով բերել եմ Հայաստան, շատերը Հայաստանում դեռ չգիտեն այդ մրցանակի մասին, կամ երեւի մտածում են՝ դրա ժամանակը չէ: Այնուամենայնիվ, ես հպարտ եմ եւ երջանիկ, որովհետեւ շատ լավ թիմով ստացանք այդ մրցանակը, շատ գեղեցիկ ընդունելություն եղավ: Ես սիրում եմ Իսպանիան, 4-5 անգամ եղել եմ այդ երկրում, նախկինում ֆիլմերիս հետահայաց ցուցադրությունն է եղել Մադրիդում, եղել եմ ժյուրիի նախագահ, Խիխոնում ստացել եմ մրցանակ: Բիլբաոյում հրաշալի թիմով՝ Անտոնիոնիի, Ֆելինիի, Գուերայի, Խրժանովսկու ֆիլմերի հետ նաեւ իմ ֆիլմն են ցուցադրել, ինչը շատ մեծ պատիվ էր»,-ասաց կինոռեժիսորը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հարություն Խաչատրյանի մյուս ֆիլմերին, որոնք այս պահին ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունեն: Դրանք են Վահան Տերյանի եւ Արմեն Ջիգարխանյանի, ինչպես նաեւ երեք նկարիչների (Արշիլ Գորկի, Մատվեյ Վասբերգ եւ Վահան Անանյան) մասին ֆիլմերը:

Խոսեցինք նաեւ հոբելյանական տարվա մասին՝ նվիրված Հայ կինոյի հարյուրամյակին: Կինոռեժիսորն ասաց, որ դա գեղեցիկ ու պատվավոր տարեթիվ է, ու թեեւ ժամանակ առ ժամանակ ոմանք գուժում են, որ հայկական կինոն կործանվում է, սակայն նման «կանխատեսումները» չեն իրականանում. «Փառք Աստծո, ունենք հպարտանալու ֆիլմեր, բարձր մակարդակի վարպետներ ու կինո նկարող հրաշալի երիտասարդություն: Այս բոլոր ճամփորդություններն էլ էին նվիրված Հայ կինոյի 100-ամյակին: Վերջին ակորդ չի լինելու, պետք է շարունակել կինո նկարել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
18.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930