Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն թե՝ ես լավ ապրեմ»

Դեկտեմբեր 20,2023 14:00

Այդպիսին է «ազատական մշակութային հեղափոխության» էությունը

«Էս աշխարհում ոչ մեկը ոչ մեկիս լավ ապրելը չի ուզում – ուզում են կարիքի մեջ լինես եւ իրենց կարեկցանքի ենթակայության տակ»: Այդպես է ասում Հրանտ Մաթեւոսյանի «Տաշքենդ» վիպակի «նառատորը»՝ այն անձը, որի անունից ներկայացվում է պատմությունը կամ, ինչպես առաջ գրականագետներն էին ասում, «քնարական հերոսը»:

Այդ «հերոսին», պարզ է, չի կարելի նույնականացնել հեղինակի հետ, բայց, մյուս կողմից, եթե այդ մասշտաբի գրողը որեւէ միտք է ներկայացնում «նառատորի» անունից, այստեղ, անշուշտ, որոշակի ուղերձ կա: Եվ այս դեպքում հիմնական ուղերձն է, կարծում եմ, վերափոխումը, ջրբաժանը, անցումը համայնքային, ծխական կյանքից դեպի անհատական եւ, որպես դրա անխուսափելի հետեւանք, էգոիստական աշխարհընկալումը:

Դա, ըստ իս, գլոբալ գործընթաց էր, որը տեղի էր ունենում  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ընդ որում, հետաքրքիր է, որ խորհրդային իրականության մեջ դա տեղի էր ունենում առերեւույթ ճիշտ հակառակ՝ «կոլեկտիվիզմի», «կոլխոզի» կեղծ գաղափարների ֆոնին՝ գաղափարներ, որոնց ոչ ոք, համենայնդեպս, Խորհրդային Հայաստանում այն ժամանակ (1960-ականներին)  չէր հավատում:

Մեզանում այդ եսակենտրոն աշխարհընկալումը մոտ 30 տարի (1960-1990) քողարկվում էր «կոմունիստական» երեսպաշտությամբ, իսկ 20-րդ դարի վերջին տասնամյակում ի հայտ եկավ առավել գռեհիկ, անսքող տեսքով: Բայց Արեւմուտքում նույնը ստացավ իր անկեղծ, կասեի անգամ՝ կուռ ձեւակերպումը՝ որպես անձնական, անհատական «հաջողության» պաշտամունք:

Ըստ այդմ, մարդու կյանքի իմաստն անձնապես երջանիկ լինելն է, իսկ Շուրա Բալագանովի մակարդակով պատկերացրած «կատարյալ երջանկության» համար պետք է «հաջողության հասնել»: Եվ ամենաարհամարհված մարդն անհաջողակն է՝ «լուզերը»: Գաղափարներն, անշուշտ, նոր չեն, եւ այս կամ այն ձեւով հանդիպում են առնվազն ֆրանսիացի «լուսավորիչների» աշխատություններից սկսած:

Բայց մի բան է ազատական գաղափարների ներմուծումը տնտեսական եւ քաղաքական կյանք, որի դրական պտուղները մենք քաղում ենք առ այսօր, մեկ այլ բան է «ազատական մշակութային հեղափոխությունը», որը սկսվել է 20-րդ դարի երկրորդ կեսից: Ինչպես ցանկացած հեղափոխություն, այն մերժում է մինչ այդ մարդկային գործունեությանը հատուկ եւ բնական համարվող էթիկական նորմերը: «Պավլիկ Մորոզովի» առասպելն այն մասին, որ գաղափարախոսությունը կամ «դասակարգային բնազդներն» ավելի կարեւոր են, քան ընտանիքը, հոր եւ որդու բնական հարաբերությունները, համադրելի են ժամանակակից առասպելի հետ, համաձայն որի՝ մարդու սեռը զուտ սուբյեկտիվ ընկալումների ոլորտ է, եւ որպես դրա հետեւանք, առաջարկվում է բացի he-ից եւ she-ից, օգտագործել եւս 15 դերանուն:

Այդ բոլոր տեկտոնական փոփոխությունների արդյունքում 21-րդ դարում ծնված մարդկանցից շատերը որդեգրել են ծայրահեղ էգոիստական դիրքորոշում՝ «ի՛նձ այդպես է հարմար», «ին՛ձ այդպես է պետք»: Այդպես են մտածում երիտասարդներն ամբողջ աշխարհում, եւ քաղաքական ռեժիմը կամ անցած պատմական ճանապարհն այստեղ առանձնապես կապ չունեն:

Աշխարհի տարբեր անկյուններում «ազատությունը», «մարդու իրավունքները» դարձել են կրոնի նման մի բան (ինչպես առաջ «կոմունիզմն» էր), եւ այդ կրոնն ավելի կարեւոր է, քան սովորական մարդկային առաքինությունները՝ բարությունը, ազնվությունը, նաեւ, ինչու չէ՝ կրթությունը:

Այս վիճակում, կարծում եմ, շահելու են այն խմբերը, այն ազգերը, որոնք իրենց նույնականացնում են որպես որոշակի՝ անհատականից բարձր միավորի անդամ:

Ամերիկացի քաղաքագետ Ալասդեր Մաքինթայրը գրում է. «Մենք կարող ենք դնել ազատության, ընտրության, այս կամ այն պրակտիկայի հարցը միայն այն դեպքում, եթե մեզ զգում ենք ինչ-որ մի երկարատեւ պատմության մի մաս, երբ որեւէ ավանդույթի շարունակությունն ենք»:

Մաքինթայրի գիրքը կոչվում է՝ «Առաքինությունից հետո»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Hoyakap! I live in north America and I know many in my circle who would wholeheartedly agree with the message.

    I personally think that the over-individualism we’re witnessing is a trend/flavor-of-the-day phenomenon and as with all trends there is a cyclical element to it. Think of the (roaring) 1920s when after the war western societies delved in opulence until the second war, when solidarity and sacrifice once again became the mantra of the day.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031