Լրահոս
Օրվա լրահոսը

Բենիամին Մաթևոսյան. Եկեղեցին ամենավերջին բաստիոնն է, որը եթե կարողանան կոտրել, ևս մեկ քայլով կխարխլեն մեր ինքությունը. «Ազգ»

Հունվար 06,2024 10:48

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

-Պարո՛ն Մաթևոսյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ցուցադրական պահվածքը, որ ինքն իբրև խիստ անաչառ է, չի խնայում անգամ յուրայիններին և Կառավարության ֆինանսավորած ծրագրերի ձախողման պատճառով պատրաստ է ընդհուպ պաշտոնանկ անել սեփական թիմակիցներին։ Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հայտնի ակցիայից հետո Փաշինյանն արդյոք այս էժան տրյուկով չի փորձում բարձրացնել սեփական վարկանիշը։

-Արդեն «ցինիզմ» բառն էլ է դժվար կիրառել մեր իրականությունը նկարագրելու համար, որովհետև անցած տարվա հունվարին, երբ Ազատ գյուղում հրդեհի հետևանքով 15 զինծառայող մահացավ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդպես էլ հրաժարական չներկայացրեց, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատեց, բայց ահա մարզադպրոցի՝ վատ ամրացված կախիչի պատճառով երկու հոգու պաշտոնանկ արեց։ Եթե այս տրամաբանությամբ դիտենք, ստացվում է, որ կախիչը Նիկոլ Փաշինյանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան վառված զինծառայողների կյանքը։ Կրկնում եմ՝ ցինիզմն ու PR-ն էլ պետք է սահման ունենան։

Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կապված դրվագին, ապա այն պայմանավորված է ոչ թե այժմեական պրոցեսներով, այլ ավելի խորը գործընթացներով։ 2018 թվականից սկսած՝ մեզ լիակատար կապիտուլյացիա է պարտադրվում։ Այդ կապիտուլյացիայի գաղափարական նկարագրությունը դեռ 2018 թվականին տվել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա, այցելելով Հայաստան, հայտարարել էր, որ Հայաստանմը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից։

Սա ենթադրում է ոչ միայն Ադրբեջանին հանձնել Արցախը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլ նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասնական ռազմաքաղաքական դաշինք կազմել, որի նետը պետք է ուղղված լինի Իրանի և Ռուսաստանի դեմ։ Սա ենթադրում է մեր ինքնության ֆունդամենտալ փոփոխություն, իսկ մեր ազգային հիմնասյուներից մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեվերջյան ուղերձը Հանրային հեռուստատեսությամբ արգելելը ընդամենը դրա դրսևորումներից մեկն է։

Հիշո՞ւմ եք, 2018-ին կար «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անունով մի շարժում, որի անդամները խանգարում էին անգամ Վեհափառի տեղաշարժը։ Ներկա պրոցեսներն ահա այս ամենի շարունակությունն են։ Բայց չկարողանալով լուծել Կաթողիկոսի հարցը՝ իշխանությունն սկսեց տարանջատվել եկեղեցուց, բարձրաստիճան այրերը սկսեցին ներկա չգտնվել հոգևոր միջոցառումներին, մեդիայում սկսեց ագրեսիվ քարոզչություն իրականացվել։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ մեր պետականության հենասյուները քանդում են։ Եկեղեցին ամենավերջին բաստիոնն է, որը եթե կարողանան կոտրել, ևս մեկ քայլով կխարխլեն մեր ինքությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031