Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեր հայրենիքի «Մեր Հայրենիք»-ը

Հունվար 10,2024 13:30

Ամեն անգամ, ակամա, մինչ հոտնկայս, խորին հարգանքով, մեծ ակնածանքով, աջ ձեռքը սրտին դրած լսում ենք մեր հայրենիքի՝ «Մեր Հայրենիք» օրհներգը, ակամա համակարգչի նախատիպ մեր մարդկային ուղեղը, ամենաարագագործ համակարգչից էլ շատ ավելի արագ մեր մտքում հաշվում-հաշվարկում է մեր հայրենիքի օրհներգի «Մեր Հայրենիքի» բոլոր ընդունված-հաստատված եւ հանված-փոխված տարբերակները եւ մինչ երաժշտությունը իր հանդիսավոր հնչողության դանդաղ ընթացքն է տարածում, ուղեղը եւ դրան միշտ արթուն պահող, բայց անհանգստացնող մարդկային անհանգիստ միտքը արագ-արագ ճշտում է «Մեր Հայրենիքի» տեքստի բոլոր փոփոխություններ կրած բառերը եւ արագորեն ընտրում է հաստատված տարբերակը, որ պետք է երգվի «ազատ, անկախ» եւ ոչ թե հանկարծ «թշվառ, անտեր», որ պետք է հնչի «Որ ապրել է դարէ դար», ոչ թե երգվի «Մեր թշնամուց ոտնակոխ», որ «Իր որդիքը արդ կանչում է», ոչ թե «Յուր որդիքը արդ կանչում է», ապա երգել «Ազատ, անկախ Հայաստան» եւ ոչ թե հանկարծ հնչի բնագիր տեքստը` «Հանել իւր վրէժ, քէն ու ոխ»: Հետո երկու քառյակ կարելի է հանգիստ երգել Միքայել Նալբանդյան հեղինակի բնագիր տեքստը, ապա ուշադիր լինել եւ դարձյալ չշփոթել, որ երրորդ քառյակի չորրորդ տողում պետք է հնչի «Թող միշտ պանծա Հայաստան», ոչ թե հանկարծ հնչի «Թող կործանուի Ավստրիան» եւ այդ ընթացքում հանկարծ մտքում չասել` թե «լավ, բա Ավստրիան ինչ կապ ունի մեր հայրենիքի՝ «Մեր հայրենիքի» հետ»: Ինչեւէ. մինչ հայի «պրպտուն» միտքը հարմարեցնում է մեր հայրենիքի հին ու նոր պետությունների կամ «Առաջին» ու «Երրորդ» հանրապետությունների նույն օրհներգի պետական այրերի կողմից հարմարեցված տեքստերը, պիտի հիշի նաեւ, որ դա «Իտալացի աղջկա երգը» պոեմի խիստ կրճատված տարբերակն է եւ շատ շուտով հանդիսավոր պետական օրհներգը պիտի ավարտվի այդ ոչ իրավասու անձանց անհաջող կրճատման պատճառով բավականին անհասկանալի մահվան եւ ազատության խառն մտքերով եւ պետք է ուղղակի առանց մտածելու երգել հեղինակի պոեմից պետական այրերի կողմից ընտրված քառատողերից մեկը, որը դառնում է հիմնօրհներգի վերջնասելիքը եւ այն քառատողը, որտեղ ասվում է «Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի` որ յուր ազգի» (այս անգամ «յուր ազգի», ոչ թե «իր ազգի»), Ազատության կզոհվի». եւ այդ զոհաբերության մտքով էլ ավարտվում է մեր հայրենիքի «Մեր Հայրենիք» օրհներգը:

Բոլորին քաջ հայտնի է նաեւ, որ եթե պետական այրերը որոշում են, որ իրենք շատ լավ են հասկանում, թե ինչ են անում, այդ դեպքում ոչ մի հասարակ մահկանացու իրավունք չունի քննարկելու պետական իմաստունների որոշումները, այլ պարտավոր են հլու-հնազանդ կատարել պետական որոշումները, ինչն, ի դեպ, հլու-հնազանդ կատարում են Հայաստանի բլոր ժամանակների քաղաքացիները եւ այն, որ Միքայել Նալբանդյանը 4 քառյակի փոխարեն 18 քառյակ է գրել, չի նշանակում, թե հեղինակն ավելի լավ է հասկանում, քան երկիրը կառավարող պետական բարձրաստիճան պաշտոնյաները:

Մարդկային արագագործ միտքը (հատկապես հայ մարդու «ցեց» միտքը), իրենից անկախ, պարտաճանաչ լռությամբ կանգնած, խորին հարգանքով, բայց ինքն իր հետ կռիվ տալով, այս խառն մտքերը հասցնում է մտածել դեռ այն կարճ ժամանակ, երբ տարբեր առիթներով, ըստ միջազգային պաշտոնական ընդունված կարգերի, հիմները հնչում են տարբեր ձեւաչափերով` կարճ, միջին, առանձին`գործիքային եւ կամ լրիվ ու ամբողջական հնչողությամբ` նվագախմբով, երգչախմբով, անհատ երգչով կամ մի քանի անհատ երգիչների միացյալ կատարումներով: Ի դեպ, հին հունական կամ «նախահինհունական» «հիմն» բառը հենց գովաբանական երգեցողություն է նշանակում եւ նույնությամբ օգտագործվում է շատ լեզուներում կամ զուգահեռաբար օգտագործվում է այն լեզուներում, ինչպես հայերենում, որտեղ «Հիմն»-ի համարժեք «Օրհներգ», «Մաղթերգ» բառէություններ կան: Օրհներգի ամբողջական հնչողությունների ժամանակ մարդու անհանգիստ միտքը (այս դեպքում ճիշտ կլինի ասել` անհանգիստ մարդու միտքը) ավելի շատ ժամանակ է ունենում հիմներգի ավելի շատ տարբերակների մասին մտածելու եւ նույնիսկ հասցնում է մտածել, անգամ բառեր ու երաժշտական պատառիկներ հիշել Խորհրդային Հայաստանի հիմնի Արամ Խաչատրյանի շարականատիպ շքեղ երաժշտությունից, հասցնում է մտածել, թե ինչո՞ւ չընդունվեցին այնքան շատ առաջարկված փոխված բառերով տարբերակները կամ գուցեեւ շատ ճիշտ արեցին, որ այլ երկրների նման բառ փոխելով չկարողացան կենսաձեւ փոխել, ապա մինչեւ երկարաշունչ օրհներգային հանդիսավորությամբ դեռեւս հնչող երաժշտությունը կավարտվի, «անհնազանդ» միտքը դեռ շարունակում է հնչող հիմնին զուգահեռ հիշել նույնիսկ աշխարհի հայտնի երգերը` առաջին պետական օրհներգ դարձած հայտնի «Մարսելյեզը» կամ «Մարսելյոզը», որի վերջածանցը համացանցում հավասար չափով է սփռված, այդպես էլ ոչ մի կերպ ճիշտ հայերենը փնտրել-գտնել չկարողանալով, մի շատ սիրված ռազմական երգ, որը ստեղծվել է 1792 թվականին եւ արդեն 1793 թվականից դարձել է Ֆրանսիայի պետական օրհներգը. շուրջ 230 տարի:

«Մեր Հայրենիքի» դեռեւս հնչող հանդիսավոր երաժշտության ներքո հասցվում են հիշել շատ երկրների հիմների որոշ մանրամասներ, Մեծ Բրիտանիայի եւ իր կայսերապատկան երկրների «Աստված պահի թագավորին/թագուհուն» հիմներգը, ԱՄՆ միշտ տոնական հնչողությամբ հզոր պետությանը վայել պետական օրհներգը, բազմաթիվ այլ երկրների պետական օրհներգեր, որոնցից ակամա հիշում ես, որ որոշ երկրների քաղաքացիներ անգիր գիտեն իրենց երկրի հիմնը եւ այն սիրով երգում են, իսկ որոշ երկրների մարզիկներ ու քաղաքացիներ անհաղորդ են լինում իրենց երկրի հիմներգին եւ երաժշտության հետ մրմնջում են ինչ-որ ցաքուցրիվ հիշվող բառեր:

Այս ամենը հասցնում ես մտածել, բայց հանդիսավոր երաժշտությունը դեռ չի ավարտվել եւ այս «անպետք» մտքերը դեռ շարունակում են տանջել «անհնազանդ» քաղաքացիների «անտեղի» պրպտումները, որը դեռեւս հասցնում է հիշել հայոց կյանքում տեղ գտած «Ազգային-պետական օրհներգ» ստեղծելու մրցույթները, որի ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ բառային-երաժշտական «տաղանդավոր» լուծումներ եւ որոնցից ոչ մեկը այդպես էլ հավանության չարժանացավ, եւ մտածում ես, որ դա իսկապես շատ բարդ գործ է, որ գուցե եղած հայրենասիրական երգերից ընտրվի, եւ հասկանում ես, որ այդ ամենը մարդիկ վաղուց հասկացել են եւ լուծում չեն գտել, հիշում ես հենց մեզանում կայացած հիմներգեր, որ հաջողությամբ երգվում են տասնամյակներ շարունակ եւ որքան երգվում, այնքան ավելի են սիրվում, ինչպես օրինակ` Պարույր Սեւակի եւ Էդգար Հովհաննիսյանի համագործակցությամբ ստեղծված «Էրեբունի-Երեւան» Երեւան քաղաքի օրհներգը, ապա հասցնում ես մտածել, որ նույն` մեկը մյուսից ավելի տաղանդավոր հեղինակները ստեղծել են նաեւ «Սարդարապատ» կամ «Սարդարապատի քաջեր» հզոր տոներգը կամ ձոներգը, որ այսօր արդեն զգալի է, որ մեր Մեծերը դեռ այն ժամանակ մտածել են մի պատշաճ պետական օրհներգ ստեղծելու մասին եւ իրենց ժամանակի ու կարողության չափով ստեղծել են ժամանակի մրրիկներին դիմացող եւ գուցեեւ հաղթահարող մի «օրհներգի թեկնածու» հաղթերգ, եւ մինչ դեռ չավարտված եւ դեռեւս լսվող հանդիսերգը կավարտվի, հասցնում ես նաեւ մտածել, որ մի՞թե հնարավոր չի հիմա, մեր օրերում, առանց հներին դառնալ-անդրադառնալ-վերադառնալու, երկու հեղինակներով, գրել մի օրհներգ, հիմներգ կամ ձոներգ, որը կարտահայտի մեր երկրի քաղաքացիների ձգտումները, նվաճումները եւ նպատակները, եւ հրաշալի հասկանում ես, որ այո, շատ բարդ, չափազանց բարդ գործ է նման համընդհանուր հիացմունքի տոներգ գրելը եւ տեսնում ես նաեւ, որ մեր շուրջը, ցավոք, չկա այն մեծությունը, կամ մեծությունները, ովքեր կարող են դա իրականացնել ու մտածում ես, որ դա իսկապես հնարավոր չի անել, մինչեւ որ մի պարզ աչքով, հոգով, մտքով, սրտով ու հենց հոգուդ լսելիքով լսում ես հայ հավատացյալ մարդու համար Մեծն, Միակ, Մեծագույն Կոմիտասի «Հայրապետական մաղթերգը», որը գրել է Էջմիածնի ճեմարանում ուսանելու 2-րդ տարում, եւ որը մեկ հարյուրամյակից ավելի ամեն կիրակի եւ եկեղեցական, պետական տոնական օր հնչում է Հայաստանյայց աշխարհասփյուռ բոլոր եկեղեցիներում, Օրհներգ, Մաղթանք, Մաղթերգ, որ իր տեսակի, տեւողության, տեքստի, երաժշտության եւ բուն էության մեջ կատարյալ է ոչ ուրիշ տեղ, այլ հենց հայոց մեջ, եւ հայ իրականության մեջ պետք է փնտրել Հիմներգի ամենակատարյալ օրինակը: Բայց… Բայց այսօր մենք Կոմիտաս չունենք: Գուցե, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Օրը կգա, բարին էլ հետը»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031