Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհը գնում է օտարերկրյա ներդրումների համար լավ պայմաններ ստեղծելու ճանապարհով, դուք եղած արտոնյալ ռեժիմը վերացնում եք»

Հունվար 10,2024 12:21

Կառավարությունն առաջարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել՝ վերացնելու ներդրողների համար շահութահարկի գծով արտոնությունները։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ նախագծի նպատակը կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցում կատարելու արտոնության վերացումն է։

«Այս արտոնությունը շուրջ 10 տարվա կյանք ունի, բայց իրավակիրառ պրակտիկան ցույց է տվել, որ գործարար շրջանակներից հետաքրքրվածությունը մեծ չէ այս արտոնության նկատմամբ։ Եվ եթե փորձենք թվերի վերածել, կարող եմ ասել, որ ընդամենը 4 կազմակերպություն է դիմել եւ օգտվել այս արտոնությունից։ Արտոնության բովանդակությունը հետեւյալն է՝ եթե կազմակերպությունը, որը չի գործում առեւտրի եւ ֆինանսավարկային ոլորտում, ունի կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր եւ դրա շրջանակներում ստեղծում է նոր աշխատատեղեր, ապա այդ աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը թույլատրվում է ամբողջությամբ նվազեցնել գործարար ծրագիրը հավանության արժանացնելու տարվա եւ դրան հաջորդող 5 տարիների շահութահարկի գումարից, բայց ոչ ավելի, քան համապատասխան տարվա շահութահարկի գումարի 30 տոկոսը»,- ասաց փոխնախարարը։

Ըստ նրա՝ արտոնության մասին իրազեկում է կատարվել, բայց վերջին երկու ամիսները ցույց են տվել, որ գործարարների կողմից հետաքրքրություն չկա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց․ «Խնդիրը միայն իրազեկումը չէ այստեղ, ես կարծում եմ՝ խնդիրը կառուցակարգերի եւ մեխանիզմի մեջ է։ Արդյոք ներդրումները, նոր աշխատատեղերն այլեւս գերնպատա՞կ չեն, եւ փաստորեն գերնպատակը շատ հարկեր տանելն է։ Ասում եք՝ մեզ համար արդեն կարեւոր է դարձել շատ փող՝ շահութահարկ բյուջե տանելը, քան ներդրումները եւ նոր աշխատատեղերը։ Եթե դա այդպես չէ, ապա դուք պետք է մտածեիք զարգացնելու մասին։ Եթե չի աշխատում, 4 կազմակերպություն է օգտվում, դա նշանակում է, որ այդտեղ կարող են լինել մեխանիզմի եւ աջակցության համարժեքության խնդիր։ Սա լուծելու փոխարեն փաստորեն դուք հեռացնում եք այդ արտոնությունը։ Հատկապես ես խնդիր եմ տեսնում ամորտիզացիոն արտոնության մեջ, որ արագ ամորտիզացվեն հիմնական միջոցները, սա օտարերկրյա ուղղակի ներդրումների կարեւոր բաղադրիչ կարող է լինել»,- ասաց նա։

Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ հարեւան Վրաստանի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների արտոնությունների մասով Հայաստանը մրցակցային վիճակում չէ։ «Ի վերջո տարածաշրջան են գալիս ներդրումները, եւ մենք ի՞նչ ենք անում, որ ավելի հրապուրիչ դարձնենք, որովհետեւ ամբողջ աշխարհը գնում է օտարերկրյա ներդրումների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու ճանապարհով։ Ձեր ասածը՝ որպես հաղորդագրություն, սա է՝ ներդրումների համար եղած արտոնյալ ռեժիմը վերացնելու մասին է։ Սա այդքան էլ հարմար մեսիջ չէ, այն էլ այն իրավիճակում, որում մենք ենք գտնվում»,- հավելեց Թադեւոս Ավետիսյանը։

Արման Պողոսյանն ասաց, որ ներդրումներն ու նոր աշխատատեղերը մշտապես կարեւոր են, եւ կառավարության հիմնական ուղենիշային հայեցակարգային փաստաթղթերում այդ մասին հայտարարված են։ «Հարկերն ու պետական բյուջեի եկամուտները միշտ կարեւոր են, բայց երբեք խնդիր չի դրվում ազգային տնտեսության ներդրումային գրավչության կամ նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին ավել հարկեր հավաքագրելը։ Ինչ վերաբերում է արտոնության կիրառության կառուցակարգերին, Հարկային օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր արտոնություններն ունեն իրենց կիրառության կարգերը։ Կոնկրետ այս արտոնության կիրառության կարգն ամենից լավ մշակված, հղկված կարգերից է։ Այս անցած 10 տարիների ընթացքում մենք անգամ կառուցակարգային առաջարկություններ չենք ստացել։ Այսինքն՝ չի եղել նամակ, որում կնշվեր, որ այս արտոնությունը պահանջված է, հետաքրքրություն կա դրա նկատմամբ, սակայն դրա կիրառությունն ապահովող ենթաօրենսդրական նորմերը կամ կառուցակարգերն ինչ-որ խոչընդոտներ են ստեղծում»,- ասաց Արման Պողոսյանը։

Նա նշեց, որ կառավարությունը հայտարարել է հարկման բազան ընդլայնելու քաղաքականություն, քանի որ համոզված են, որ հարկերը շատ կարեւոր են տնտեսական ակտիվության եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, բայց կան նաեւ այլ գործոններ՝ սկսած ենթակառուցվածքներից, վերջացրած տնտեսական ազատություններով, շուկաների մրցակցային եւ ազատ լինելով։ Կառավարությունն աշխատում է բոլոր ուղղություններով, որպեսզի ներդրումներ ներգրավվեն։

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը հիշեցրեց Թադեւոս Ավետիսյանին․ «Այս նախագիծն ընդունվել է 2016 թվականին, երբ էկոնոմիկայի նախարարը ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանն էր։ Ճիշտ կլիներ այդ հարցերը, թե որքանո՞վ է էֆեկտիվ եղել այս նախագիծը, տալ ձեր գործընկերոջը»։

Թադեւոս Ավետիսյանն արձագանքեց․ «Հիմա դուք ասում եք՝ Արծվիկ Մինասյանն էր, չգիտեմ՝ 16-րդ դարում ով էր էկոնոմիկայի նախարարը։ Բերել են, փորձարկել են, 10 տարի անցել է, 5 տարի դուք եք դժբախտաբար իշխանության։ Հիմա այս իրավիճակում քննարկում ենք խնդիր, որն առկա է։ Այս ձեր հիշատակումը՝ հներ-նորեր, ով է մեղավոր, ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնենք»։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ վերջին շրջանում ներդրումների ներգրավման եւ մրցակցային միջավայր ստեղծելու համար բազում ծրագրեր են կյանքի կոչել։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության նախագծին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031