Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք կարծում՝ 60-ից 51-ում տնկել ենք, մի 7-8-ում ալարե՞լ ենք տնկել։ Իհարկե, ոչ։ Այդ բնաբաժակներում ծառեր տնկել հնարավոր չէ»․ Արմեն Բեգոյան

Հունվար 14,2024 13:30

«60 բնաբաժակից 51-ում տնկվել են ծառեր։ Ի՞նչ եք կարծում՝ 60-ից 51-ում տնկել ենք, մի 7-8-ում ալարե՞լ ենք տնկել։ Իհարկե, ոչ։ Այդ բնաբաժակներում ծառեր տնկել հնարավոր չէ։ Գրողներն իրենք շատ լավ գիտեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ Երևանի տարբեր հատվածներում դատարկ բնաբաժակներում ծառեր չեն տնկվել։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ահազանգել էր․ «Խոստացել էին, թե իբր դատարկ բնաբաժակները լրացվելու են նոր ծառերով: Բետոնի մեջ սակուրան ավելի լա՞վ է աճում, թե՞ հողի տակ մալուխներ եք հայտնաբերել, պարո՛ն Բեգոյան»։ Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, որ դատարկ բնաբաժակներում փոխանակ ծառ տնկվեր, դրանք սալիկապատվել են։

Ըստ Արմեն Բեգոյանի՝ բարձրացված է կեղծ աղմուկ․ «Ոչ թե քաղաքացիներին են բարձրացնում, այլ «Ազգային առաջընթաց» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ»։

Այնուհետև պարզաբանեց․ «Մաշտոցի պողոտայում ծառերի համար նախատեսված մոտ 60 բնաբաժակ դատարկ էին տարիների ընթացքում, և կոճղարմատները գտնվում էին դրանց մեջ։ 60 բնաբաժակի կոճղարմատները հատուկ գործիքներով փորձելով հանել՝ այդ տարի աշնանը 51-ում հնարավոր եղավ տեղադրել նույն տեսակի՝ սոսի ծառատեսակ։ Եթե չեմ սխալվում մոտ 7, թե 9 բնաբաժակում դա անել հնարավոր չեղավ։ Երկու պատճառով․ նախ երկու ծառերի արանքում գտնվող բնաբաժակները մոտ էին ծառերին՝ այսինքն՝ տեղեր կային, որտեղ եթե կանգնեք այդ բնաբաժակի մոտ և նայեք վերև, կտեսնեք, որ կողքի աճած երկու ծառերի սաղարթները մխրճված  են իրար մեջ։ Ուստի այդտեղ դնելու դեպքում այդ ծառն աճել չէր կարող։ Սոսին բավականին հզոր, մեծ ծառ է և չէր կարող աճել։ Մի քանի դեպքեր եղել են, որ փորելու ժամանակ նկատել ենք՝ բարձր լարման մալուխներ են անցնում այդտեղով, ուստի հնարավոր չի եղել այդտեղ ծառ տնկել»։

Արմեն Բեգոյանի հետ զրույցում փաստեցինք՝ բայց այժմ դատարկ թողնված բնաբաժակներում ժամանակին ծառեր են տնկված եղել ու հարցրինք՝ այդ ո՞նց են ժամանակին այդ ծառերն աճել, Արմեն Բեգոյանը պատասխանեց․ «Այդ ժամանակինը եղել է 50, թե 40-ականներին, երբ այդ ծառերը տնկվել են։ Երբ այդ ծառերը տնկվել են խորհրդային միության ժամանակ, բավականին մոտ են դրվել։ Սոսի ծառատեսակները տնկվել են 5-6 մետր հեռավորության վրա, որովհետև այն ժամանակ էլ են սխալ արել։ Մինչև վեջերս էլ էին սխալ անում։ Մարդիկ ծառերը տնկում էին այդ պահին իրենց աչքին շոյող և հարմար հեռավորության վրա՝ առանց հաշվի առնելու, թե ինչ մեծության ծառ են տնկում և ինչ սաղարթ է ձևավորում։ Այո, տնկված են եղել, որովհետև ժամանակին տնկվել են փոքր ծառեր, և այդ բնաբաժակները բացված են եղել։ Հետո այդ ծառերը շատ են մեծացել, նույնիսկ մայթերի բնաբաժակների մեջ չեն տեղավորվում, մայթերն են նաև ուռացրել։ Սոսի ծառատեսակները շատ լավ ծառատեսակներ են, պետք է տնկելուց գրագետ լինել։ Ուստի այդ 7-8 բաժակներում ծառ տնկել չի ստացվել՝ մի դեպքում տակը հայտնաբերվել են բարձր լարման մալուխներ, մի 3-4 դեպքում ուղղակի գնացեք, կանգնեք փակված բնաբաժակի մոտ ու կնայեք վերև, վստահեցնում եմ՝ կտեսնեք, որ երկու կողքի ծառերը ոչ թե իրար մոտ են, այլ արդեն մխրճված են իրար մեջ։ Ուստի այդտեղ ծառ տնկելու պայմաններում մանավանդ գարնանը, ստվեր է լինելու, և արանքում եթե ծառ տնկվեր, ուղղակի չէր աճի, որովհետև կունենար լույսի պակաս։ Կամ էլ, եթե ծառը փորձի աճել կամ թեքվելու է դեպի պողոտայի երթևեկելի մաս՝ լույս փնտրելով, կամ հակառակ կողմ։ Մեզ ծուռ-մռտիկ ծառեր պետք չեն»։

Արմեն Բեգոյանը հավաստիացրեց՝ իրենց համար յոթ-ութ ծառ տնկելը բոլորովին բարդ չէր, ուղղակի պատճառ կար դա չանելու․ «Եթե ինչ-որ մեկը կասկածում էր, եթե այսպես շարունակեն, կարելի է նաև այդ մարդկանց դատի տալ կեղծարարության համար, քանի որ ես հնչեցրել եմ պատճառը»։

Արմեն Բեգոյանն ասաց, որ Մաշտոցի պողոտայում հիշում է տեղերը, թե որ բնաբաժակներում չեն տնկվել ծառեր՝ իր նշած պատճառներով։ Նա վստահեցրեց՝ մնացած դեպքերում՝ Էրեբունի, Բաղրամյան, Ազատության պողոտաներում կատարել են նույն տեսակի հասուն, մեծ ծառերով լրացման աշխատանքներ։

Հարցին՝ իսկ սակուրանե՞րն իրենց ոնց են զգում, Արմեն Բեգոյանը պատասխանեց՝ ընտիր զգում են, և կարծում ենք, որ ընտիր էլ զգալու են․ «Ընտրվել է սակուրաների այն տեսակը, որը համապատասխան է մեր բնակլիմայական պայմաններին և որի փորձը կա, որը Երևանում, Էջմիածնում է տնկված տարբեր տնտեսվարողների և անհատների կողմից, և արդեն 10 տարուց ավելի աճում ու իրենց լավ են զգում։ Վստահ եմ, որ գարնանը հրաշալի տեսարան կունենանք այն հատվածում, որտեղ սակուրան տնկվել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031