Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական գործիչների գրառումները լայքելու համար ծանուցում եմ ստացել». Կանաչապատում ՀՈԱԿ-ի աշխատակիցը կարող է զրկվել աշխատանքից

Ապրիլ 11,2024 16:47

Ապրիլի 5-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան գրառում էր արել․ «Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի եւ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ եւ պահանջում է բացատրագիր»:

«Քաղաքական հայտարարություն էր արվել հայտնի դեպքերի օրը՝ ավագանու անդամների եւ ՀՈԱԿ-ի աշխատակիցների միջեւ հրմշտոց էր եղել: Դա շաբաթ օր էր, իմ աշխատանքային գրաֆիկը վեցօրյա է, բայց շաբաթ օրը մինչեւ ժամը 2-ն եմ աշխատում, իսկ պարոն Մարությանի հայտարարությունը եղել էր երեկոյան: Քաղաքական գնահատական էր տրվել երեւույթին: Ես կարդացել եմ պարոն Մարությանի գրառումը, գնահատել եմ, որ ճիշտ է, որովհետեւ տեսանյութն էլ էի նայել ու լայքել էի: Դրանից հետո ինձ ապրիլի 5-ին զանգում են մեր կադրերի բաժնից, ասում են՝ ծանուցում ունես, գնում եմ Երեւանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք, որտեղ մեր հիմնարկն է: Ինձ ներկայացնում են ծանուցագիրը, կարդում եմ, թե ինչի համար պետք է կարգապահական տույժի ենթարկվեմ: Քաղաքական գործիչների գրառումների տակ լայքել եմ, ասում են՝ աշխատանքային ժամին էր, ասում եմ՝ աշխատանքային ժամին չի եղել:

Ինձանից պահանջել են բացատրագիր, ես կապվել եմ պարոն Գրիգոր Երիցյանին (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ- Գ.Հ.), ինչի համար շնորհակալ եմ: Պարոն Երիցյանը եւ ավագանու մյուս անդամները արագ արձագանքել են: Այժմ հանրայնացնում եմ կատարվածը»,-Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից Էմիլ Մկրտչյանը:

Էմիլ Մկրտչյան

Նա հավելեց, որ երկուշաբթի օրը բացատրագիր է ներկայացրել ՀՈԱԿ-ի տնօրենին, սակայն առայժմ պատասխան չի ստացել: «Ես 5-րդ տարին է` աշխատում եմ Երեւանի քաղաքապետարանում՝ որպես վարչական շրջանի թափոնների կառավարման գծով պատասխանատու: Առաջին անգամ է, որ ինձ հետ նման բան է պատահում: Դիմել եմ իրավապաշտպաններին, ավագանու անդամներին: Ենթադրում եմ, որ ինձ կարող են ազատել աշխատանքից, որովհետեւ այդ ճնշումները զգում եմ»,-հավելեց Էմիլ Մկրտչյանը:

Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի խոսքով. «Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, գոնե այն պատմության, երբ օգտագործում ենք սոցիալական մեդիան, նման դեպք ես չեմ հիշում, որ պետական աշխատողին, քաղծառայողին, հանրային ծառայողին փորձեն պատասխանատվության ենթարկել ոչ թե իր քաղաքական գրառման, այլ ինչ-որ գրառման տակ դրված հավանումի համար:

Ստացվում է՝ ամբողջ գործերը թողած՝ հիմնարկների ղեկավարները զբաղվում են իրենց աշխատողների վարքագծի մոնիթորինգով սոցիալական ցանցերում: Միակ մարդը, որ այս դեպքում պետք է բացատրագիր ներկայացնի, դա «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն է, թե ինչու է իր աշխատանքը կատարելու փոխարեն ընկնում իր հարյուրավոր աշխատակիցների լայքերը մոնիթորինգ անելու հետեւից»:

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամն ընդգծում է. « Սա հստակ մարդու իրավունքների խախտում է դիտարկվում, մարդու ազատ արտահայտման, կամարտահայտման, կարծիքը արտահայտելու խախտում: Սրանով շատ մեծ նվեր է մատուցել Արմեն Բեգոյանը իրավապաշտպաններին: Ավելի լավ նվեր, քան այս ծանուցումը, որտեղ նշվում է, թե ում գրառումները հավանելու համար է նկատողությունն արվում, չէր կարող լինել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930