Լրահոս
Օրվա լրահոսը

Լայքել է գրառում, որտեղ Բեգոյանին «ստահակ» են անվանել, կանաչապատման աշխատակիցներին՝ խուլիգաններ

Ապրիլ 16,2024 16:43

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեկնաբանել է տեղեկությունները, թե ինքը նկատողություն է տվել իր աշխատակցին՝ Հայկ Մարությանի գրառումը լայքելու համար:

 

«Ես նկատողություն չեմ տվել այդ աշխատակցին, կեղծիք է տարածվում նորից: Գոյություն ունի Աշխատանքային օրենսգիրք, երբ աշխատակիցը ինչ-որ բան է կատարում, օրինակ` ուշանում է աշխատանքից, պետք է գրությամբ պահանջես բացատրագիր, գրության մեջ էլ պարտավոր ես նշել, որ կախված իր պատասխանից՝ հնարավոր է լինեն կարգապահական տույժեր: Ինչը եւ արվել է Աշխատանքային օրենսգրքին համապատասխան:

Տեսեք՝ աշխատակիցն ասում է, որ ինքը քաղաքական հայտարարության տակ լայք է դրել, դա այդպես չէ, դա քաղաքական հայտարարություն չէ: Ես տեղյակ չեմ եղել, իմ ուշադրությունը հրավիրել են նրա գործընկերները, ասել են, որ կա խնդիր, սոցիալական ցանցերում ցույց են տվել իրենց գործընկերոջ արածը՝ դա որակելով վիրավորական: Որ խոսակցություններ, անախորժ բաներ չստեղծվեն, որովհետեւ տվյալ աշխատակիցը հավանության արժանացնելով Մարությանի գրածը, փաստացի, դուրս է գալիս, որ գործընկերներին համարում է խուլիգան: Որ վիճաբանություն չառաջանա, ես աշխատակիցներին խիստ հրահանգել եմ որևիցե հարաբերություն չպարզել իրենց այդ գործընկերոջ հետ և ասել եմ, որ կկիրառեմ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան գործողություններ, ինչն էլ որ արել եմ»,- պարզաբանեց Բեգոյանը:

Արմեն Բեգոյան

Նրա խոսքով՝ քաղաքական գրառումներին լայքելը յուրաքանչյուր մարդու գործն է. «Ինքը միշտ էլ լայքել է քաղաքական հայտարարությունների տակ, դա իր գործն է: Բայց «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր էջում տեղադրել է իմ նկարը և գրել՝ «այս ստահակը»: Որտե՞ղ եք տեսել մի հիմնարկի աշխատակից, որը հավանության է առաջացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը:

Այնուհետև Հայկ Մարությանը Թումանյան փողոցում տեղի ունեցած հանրահայտ դեպքերի ժամանակ՝ քաշքշուկի ժամանակ, տեղադրում է իր էջում այդ տեսանյութը՝ գրելով՝ «Կանաչապատման խուլիգանները»: Ու այդ աշխատակիցը հավանության է արժանացնում Մարությանի այդ գրառումը: Հետևապես մեր աշխատակիցը բացառապես սուտ է խոսում, խոսքը չի վերաբերում քաղաքական գնահատականին հավանելուն, խոսքը վերաբերում է կազմակերպության ղեկավար կազմին և իր կոլեգաներին վիրավորական բոլոր արտահայտությունների տակ հավանություն դնելուն»:

Բեգոյանը հավելեց, որ իր գրությանը այդ աշխատակիցը պատասխանել է, ինքը այդ պատասխանը կուսումնասիրի եւ ըստ այդմ որոշում կկայացնի՝ կիրառե՞լ կարգապահական տույժ՝ նկատողությունը, թե՞ ոչ:

Բեգոյանի խոսքով՝ այդ աշխատակցի հարազատ եղբայրը աշխատում է իր ղեկավարած կազմակերպությունում և համարվում է բավականին լավ աշխատակից. «Այնպես որ, եթե խնդիր կա, ապա ինչո՞ւ իր եղբայրը մշտապես արժանանում է գովեստի, ինքը՝ հակառակը, ստեղ ձերոնքականի ու մերոնքականի բան չկա»:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ վերջինը հավանություն է տվել իր ֆեյսբուքյան գրառմանը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930