Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի կառավարության նախանշած տեմպի ապահովման ակնկալիքը նման է վիճակախաղով խոշոր գումար շահելու հույսին. 168.am

Հունվար 29,2024 17:18

168.am. Բազմիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ տնտեսական աճը զգալիորեն գերազանցում է տնտեսության ներուժին և արտածին բարենպաստ գործոնների չեզոքացման պարագայում ՀՀ-ում լավագույն դեպքում կարձանագրվի 4-4.5 տոկոս տնտեսական աճ։ Ուստի, այս ուղղությամբ կարևորվում է կառավարության շեշտադրումը տնտեսության աճի ներուժի բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը։ Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ գործող կառավարությունը չի կարողանում ապահովել իր իսկ կողմից առաջադրված ծրագրերի կատարումը: ՀՀ պետական բյուջեով պլանավորվող կապիտալ ծախսերը տարիներ շարունակ թերակատարվում են։

Նկատի ունենալով, որ 2023-ին կապիտալ ծախսերի թերակատարում է արձանագրվել թե՛ առաջին եռամսյակին, թե՛ առաջին կիսամյակին և թե՛ ինն ամիսներին, կարելի է ենթադրել, որ այս միտումների պահպանման պարագայում դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով։ Իհարկե, այս համատեքստում չպետք է «թերագնահատել» իշխանությունների աճպարարական «տաղանդը»։ Մասնավորապես, 2022 թվականին նույնպես կապիտալ ծախսերը առաջին երեք եռամսյակում էապես թերակատարվում էին, սակայն եղանակային առումով կապիտալ ծախսերի համար ոչ նպաստավոր չորրորդ եռամսյակի վերջին ամիսներին դրանք կտրուկ աճեցին, և տարեկան թերակատարումը կազմեց ընդամենը 5.1%:

Չի բացառվում, որ նույնպիսի «հրաշք» տեղի ունենա նաև 2023թ. պետական բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի հետ։

Ի դեպ, պետք է արձանագրել, որ առօրյա գործելաոճ է դարձել այն, որ առավել ականջահաճո լինելն ապահովելու համար իրավիճակը, որպես կանոն,  ներկայացվում է չափազանց «վարդագույն երանգներով»։ Ըստ էության՝ հասկանալի է, որ իշխանության համար կարևորն այն է, որ հասարակությունը ստանա «աննախադեպերի» ու «պատմական ռեկորդների» հերթական չափաբաժինը, իսկ խոստումները չկատարելու դեպքում, կբավարարվեն մի քանի «զուսպ» հայտարարություններով՝ միաժամանակ ամեն կերպ փորձելով ձախողման պատասխանատվությունն իրենցից հեռացնել։

Դժվար է չընդունել, որ ՀՀ տնտեսական ներուժը բավարար չէ 2024թ. պետբյուջեով ամրագրված տնտեսական աճի 7% տեմպն ապահովելու համար, և նկարագրված իրավիճակում դրան հնարավոր կլինի հասնել միայն արտածին բարենպաստ գործոնների առկայության պայմաններում։ Այսինքն՝ տնտեսական աճի կառավարության նախանշած տեմպի ապահովման ակնկալիքը նման է վիճակախաղով խոշոր գումար շահելու հույսին։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031