Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ հայոց Երրորդ Հանրապետության պետականության հիմքերը»․ Արծվիկ Մինասյան

Փետրվար 01,2024 14:05

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հրավիրած ասուլիսում ասել էր, որ «Ադրբեջանի Սահմանադրությունում ու փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց․ «Նախ լավ կլինի, որ Ալեն Սիմոնյանը կամ որեւէ անձ պատասխանեն, ես փորձեցի այդ հարցադրումը դնել ՔՊ-ական որոշ շրջանակներում, ի՞նչ եք ասել Ադրբեջանին, Ադրբեջանն ի՞նչը պետք է փոխի։ Որեւէ մեկը բովանդակային առումով ոչինչ չի ասում։ Ես ենթադրում եմ՝ կամ իրենք ոչինչ չեն ասել, կամ չեն տիրապետում ադրբեջանական սահմանադրական կարգավորումներին եւ փաստաթղթերին։ Օրինակ՝ Ադրբեջանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է ադրբեջանական առաջին կեղծ հանրապետության հենքի վրա։ Ադրբեջանի առաջին հանրապետությունը չի ունեցել միջազգայնորեն ճանաչված որեւէ տարածք կամ սահման, ավելին, երբ նրանք դիմում էին Ազգերի լիգային՝ 112 հազար քկմ տարածքով՝ ներառյալ Հայաստանի ու Վրաստանի տարածքների զավթման առաջարկով, Ազգերի լիգան ուղղակի մերժեց մեր ու Վրաստանի դիմումի հիման վրա։ Ասաց՝ դուք ներկայացրել եք այլ ազգերի, այլ ժողովուրդների տարածքները որպես ձեր տարածքներ։ Այս պարտությունն ու կորուստները բերած իշխանությունն անընդհատ զիջման է գնում, ինքն ի՞նչ պահանջ է ի վիճակի ներկայացնել կամ որ պահանջեց, իրեն ո՞վ է բանատեղ դնում։ Նիկոլ Փաշինյանի ասածն այսօր Ալիեւը պետք է անի՞։ Կարող է անել, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելուն ուղղված քայլ է, անձնական խնդրանք է։ Բայց պետականության, ՀՀ, Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերից այս մարդն ունակ չէ ոչինչ անել»։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ կասեն, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը հիմա վերաձեւակերպված է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, իր անժամանցելի իրավունքներից, նույնիսկ հազար անգամ, եթե համոզված ես, որ դա լավ բան է, չպետք է անես։

«Եթե քո թշնամու ասածն անում ես, նշանակում է՝ ենթարկվում ես իր խաղի կանոններին։ Սարսափելի է դիտարկել, որ այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ նաեւ հայոց Երրորդ Հանրապետության պետականության հիմքերը։ Շենքը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա՝ Անկախության հռչակագրում արտաբերված ազգային իղձերի, նպատակների, մեր պատմական անցյալի, մեր ու սերունդների իրավունքների ամրագրված, միջազգային չափանիշով հաստատված սկզբունքների վրա։ Դա հիմքն է, հիմա իրենք ասում են՝ բերեք այդ հիմքը փոխենք։ Եթե դու հիմքը փոխում ես, նշանակում է, շենքը քանդում ես։ Չես կարող հիմքը փոխել, շենքը թողնել, պետք է շենքը քանդես։ Դա նշանակում է վերացնել Երրորդ Հանրապետությունը։ Այսօրվա իշխանությունը գնում է դրան»,- ընդգծեց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ հստակ է, որ սա թուրք-ադրբեջանական պահանջ է։

Նա նշեց, որ այս իշխանությունը դադարել է խոսել անգամ հայ ժողովրդի իրավունքների մասին՝ ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ միջազգային ճանաչում։ Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ։ Չի բացառվում, որ Ցեղասպանության հուշահամալիրն էլ քանդել տան։ «Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը Հայաստանն ուզում են դարձնել ՔՊստան՝ առանց ազգային իղձերի, առանց նպատակների, առանց հայ մարդու ինքնության պահպանման։ Սա է այս իշխանության ամբողջ բանաձեւը»,- ընդգծեց նա։

Արծվիկ Մինասյանը ուշադրություն հրավիրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքից ու մշակած նախագծից հետո նա գնաց արդարադատության նախարարություն ու հայտարարեց, թե Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն․ «Սա խոսում է այն մասին, որ իրականում կամ ստեղծած հանձնաժողովը, փոփոխությունների հայեցակարգը ձեւական է եղել, իրենք թուրք-ադրբեջանական հերթական օրակարգն են սպասարկում, կամ եւս մեկ անգամ փաստում է Նիկոլ Փաշինյանի անկարողության մասին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829