Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնասիրության» վիրավորման «անսպասելի» պոռթկում

Փետրվար 02,2024 12:00

Հետաքրքիր կլիներ լսել Զախարովայի գնահատականները 1980-ականների վերջից, 90-ականների սկզբին, Ադրբեջանի բոլոր հայկական գյուղերում` հայերի ֆինանսական միջոցներով, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին կառուցված հուշարձանների վերացման բազմաթիվ փաստերի վերաբերյալ:

Երեւանում օրերս վնասել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղադրված ծաղկեպսակները: Սամվել Շիրինյանը, ըստ սոցիալական ցանցերում զետեղված տեսանյութի, պատռել է ռուսական եռագույնով ժապավենները, տրորել է դրանք եւ տապալել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները: Քաղաքացին այդ ձեւով իր դժգոհությունն է արտահայտել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից:

Հիշեցնենք, Զախարովան օրեր առաջ պնդեց, թե ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրականացրել են փաստաթղթով ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ պնդումներին, Զախարովան նշել էր. «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մեղադրանքներին, մենք ցանկանում ենք, որպեսզի փաստեր ներկայացվեն։ Եթե կա որեւէ փաստաթուղթ ինչ-որ միջազգային կազմակերպություններից, որոնց Երեւանում հեղինակավոր են համարում՝ օրինակ, ՄԱԿ կամ այլ կազմակերպություն։ Եթե կա թեկուզ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը վկայում է, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում եմ, բարի եղեք մեզ հղումներ տրամադրեք»։

Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, ահա, տղամարդը հարց է ուղղել Զախարովային` «իսկ փաստաթուղթ կա՞, որ Լենինգրադում շրջափակում է եղել, որ Հայաստանում էլ հուշարձան են դրել եւ սգում են…»: Հունվարի 26-ին Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին: Հուշակոթողին ծաղկեպսակներ, ծաղիկներ էին խոնարհել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի, վետերանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Երեւանի դպրոցների աշակերտները:

Դեպքից հետո Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով: «Անթույլատրելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան երկպառակտություն են հրահրում եւ այլատյացության հիման վրա բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների եւ ՌԴ-ի հասցեին հնչեցրած արտահայտությունների նկատմամբ», – նշել էր Ֆեֆիլովը: ԱՊՀ գործերով Դաշնային գործակալությունների, արտերկրում բնակվող հայրենակիցների անունից եւ միջազգային հումանիտար համագործակցությամբ նա խնդրել էր Աննա Վարդապետյանին ստուգում անցկացնել եւ իրավական գնահատական տալ Սամվել Շիրինյանի գործողություններին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելով: Երեւանում հուշարձանի պղծման հետ կապված քրեական գործ հարուցելու մասին հանձնարարական էր տվել նաեւ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը:

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը ստացել է Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի դիմումը, իսկ ավելի ուշ նաեւ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել հուշարձանի մոտ ծաղկեպսակների պղծման փաստով։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հոդվածով. «Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու եւ նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձի ինքնությունը, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»։

Պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը Երեւանում բացվել է 2015թ. ապրիլի 30-ին։ Այն պատկերում է լենինգրադցի տղային պատսպարած հայ կնոջ։ Հուշարձանը գտնվում է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում՝ Արաբկիր թաղամասում։ Հուշարձանի վրա երկլեզու գրություն կա. առջեւում՝ հայերեն «Պաշարված Լենինգրադի երեխաներին», իսկ աջ կողմում` ռուսերեն՝ «Детям блокадного Ленинграда»։ Երեխաներին նվիրված հուշահամալիրը ստեղծել է պետերբուրգցի քանդակագործ Վլադիսլավ Մանաչինսկին՝ Հայաստանից բերված սեւ գրանիտից։ Հուշարձանի ճարտարապետներն են Տիգրան Բարսեղյանը (Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը), Անատոլի եւ Լադա Չեռնովները (Ռուսաստան): «Սպուտնիկ Արմենիան» հիշեցրել էր, որ ըստ տարբեր աղբյուրների՝ շրջափակված Լենինգրադից Հայաստան է տարհանվել մանկատների ավելի քան 200 (որոշ աղբյուրներում հանդիպում է նաեւ 500 թիվը) սան։ Հայտնի է, որ 1942թ. ձմռանը Լենինգրադի թիվ 51 մանկատնից Սանահին գյուղ է տեղափոխվել 120 սովահար երեխա:

Սա Ռուսաստանի եւ Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ, դեպքից հետո հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը. «Տեսնում ենք բարեկամ հայ ժողովրդի կողմից տեղի ունեցածը չընդունելու սուր արձագանքը։ Նույնը ակնկալում ենք նաեւ հանրապետության իշխանություններից»,- ասել էր Զախարովան` հավելելով, որ ՌԴ-ն թույլ չի տա ծաղրել շրջափակման ժամանակ զոհված 1 մլն 384 հազար լենինգրադցիների պայծառ հիշատակը։ Նրա խոսքով՝ նման արարքները` «հետեւանք է նաեւ Հայաստանում սանձազերծված արշավին, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, եւ որը նպատակ ունի սեւացնել Հարավային Կովկասում նրա դերը»։ Զախարովայի խոսքով՝ վանդալիզմի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել նաեւ ՌԴ քննչական կոմիտեում: Միեւնույն ժամանակ նա նկատել էր, որ ՌԴ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ քաղաքացիներին, որոնք այդ օրը նոր ծաղկեպսակներ էին դրել հուշակոթողին` ընդգծելով, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ընդհանուր պատմությունը որեւէ մեկը չի կարող վերաշարադրել։

Մինչդեռ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեկնաբանելով Սամվել Շիրինյանի գործողությունները, կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. «Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է»։ Նա ընդգծել էր, որ ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում եւ այլն»։ Միեւնույն ժամանակ Զատուլինը Շիրինյանի գործողությունները «բարբարոսություն» էր անվանել, նկատելով, թե` «խելագարվել է»։

Ցանկացած հուշարձանի պղծում` խիստ բացասական փաստ է: Առավելեւս, այլ պետությանը եւ նրա քաղաքացիներին վերաբերող հուշարձանի նկատմամբ ոտնձգությունները, որոնք կարող են դառնալ երկու երկրների պատկան մարմինների միջեւ ոչ այնքան դուրեկան «խոսակցությունների» թեմա:

Խնդիրը բոլորովին այլ տեղում է: Բազմիցս անդրադարձել ենք խնդրին, որ վերջին տարիներին ռուսական քաղաքականությունը Արցախի եւ Հայաստանի նկատմամբ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վարվող Մոսկվայի քաղաքականությունը Հայաստանում հանգեցնելու են հասարակական դժգոհության: Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի հակաքարոզչության իրականացման կարիք էլ չկա, որի մասին պարբերաբար խոսում են Մոսկվայից, մեղադրելով Արեւմուտքին: Ընդդեմ Ռուսաստանի հակաքարոզչություն մեծ փութաջանությամբ եւ հետեւողականությամբ իրականացնում է Մոսկվան արդեն մի քանի տարի: Դա պետական քաղաքականություն է, պետական քաղաքական քարոզչություն է, եւ Ռուսաստանում այլ կերպ հնարավոր էլ չէ:

Չկա՞ դրա գիտակցումը ՌԴ-ում… Իհարկե` կա: Հետեւաբար, Ռուսաստանում «ջայլամի քաղաքականությամբ» այլ խնդիր են լուծում. Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները պուտինյան Ռուսաստանի համար ավելի արժեքավոր են: Սա Հայաստանում էլ շատերի համար անհերքելի իրողություն է: Սակայն ինչո՞ւ են ՌԴ-ում այդ փաստն, իբր, լղոզելու նպատակ հետապնդում, որի արդյունքում ստացվում է, որ ռուսական իշխանության «ուժը պատում» է բացառապես Հայաստանի վրա:

Ինչպե՞ս էր ստացվում, որ Մոսկվայից ու Բաքվից համահունչ Նժդեհի արձանի թեմա էին շահարկում: Նժդեհի հուշարձանի վերաբերյալ Ադրբեջանի նախարար Բայրամովն անգամ մի առիթով արտահայտվեց Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ադրբեջանի իշխանությունները մեթոդաբար ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները Արցախի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Սա 2021թ. մայիսին Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի` NEWS.am-ին տված հարցազրույցից գնահատական է: Մոսկվայում չգիտե՞ն, թե ինչ է կատարվել Ադրբեջանի կողմից…

Ահա Դավիթ Բաբայանի նույն հարցազրույցից եւս մեկ հատված. «Ոչնչացվում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու վետերանների հուշարձանները, Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զինուժը նպատակաուղղված ոչնչացնում եւ պղծում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանները: Պարզ օրինակ. Արցախը տվել է Խորհրդային Միության հինգ մարշալ: Այժմ ոչնչացված են այդ մարդկանց բոլոր հուշարձանները իրենց պատմական հայրենիքում, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող իրենց հարազատ գյուղերում: Չարդախլու գյուղում, որը տվել է Խորհրդային Միության հարյուրավոր գեներալներ, երկու մարշալ՝ Բաղրամյանն ու Բաբաջանյանը, բոլոր հուշարձանները ոչնչացվել են: Իր հայրենի գյուղում ոչնչացվել է ծովակալ Իվան Իսակովի հուշարձանը: ԽՍՀՄ ընդամենը երեք ծովակալ է եղել, նրանցից մեկը Ղարաբաղից էր, իսկ նրա փոքր հայրենիքում հուշարձանը ոչնչացվել է: Ավերվել է մարշալ Հանբերյանցի հուշարձանը, պղծվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը՝ նրա ծննդավայր Շուշիում: Ավերվել է Իվան Թեւոսյանի հուշարձանը, մարդ, որի ջանքերի շնորհիվ ԽՍՀՄ ողջ արդյունաբերությունը արեւմտյան շրջաններից, որոնք բռնազավթման սպառնալիքի տակ էին, տարհանվել է Ուրալից այն կողմ եւ Սիբիր: Թեւոսյանը Բաղրամյանի հետ միասին թաղված է Կրեմլի պատի տակ: Սա բոլորին է հայտնի, այդ թվում՝ Ռուսաստանում: Ի դեպ, Ռուսաստանի Քրեական օրենսգրքում կա հոդված, որի համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի ոչնչացումը եւ պղծումը պատժվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս: Բաքվում պետք է հիշեն, որ Ադրբեջանի նախագահն ինքն է մասնակցել Ռասուլզադեի հուշարձանի բացմանը՝ այն մարդու, որը ստեղծել է ադրբեջանական CC լեգեոնները, Անդրկովկասը գրավելու, ռուսների եւ հայերի, հրեաների եւ մյուս ժողովուրդների ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Չգիտես ինչու, պարոն Բայրամովը «մոռացել է» Բաքվում հրեական գերեզմանատան ավերումը, բայց նա հիանալի հիշում է Երեւանում Հոլոքոստի հուշարձանի դեմ կատարված վանդալիզմը: Հոլոքոստի հուշարձանի վրա ձեռք բարձրացնողներն անպայման կկանգնեն դատարանի առջեւ եւ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Բայց ադրբեջանցի նախարարի նման տեղեկացվածությունը հուշում է, որ այդ հանցագործությունը հովանավորել են արտաքին ուժերը, որոնք փորձում են հարված հասցնել Հայաստանի ազգային շահերին եւ վարկանիշին: Հայերը չեն կարող չհարգել Հոլոքոստի զոհերի հիշատակը: Այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915-ին, նույնպես Հոլոքոստ էր»:

Իսկ Մարիա Զախարովան, որպես` ՌԴ ԱԳՆ-ում ընդդեմ Արցախի եւ Հայաստանի պայքարի քարոզչության կարկառուն եւ անկոտրում ներկայացուցիչ, որն անկասկած իրականացնում է Կրեմլի քաղաքականությունն ու իր անմիջական ղեկավարի կարգադրությունները, կարող է առաջիկա ճեպազրույցում անդրադառնալ Բաքվի բանտում հայտնված Դավիթ Բաբայանի վերոնշյալ հարցազրույցի փաստերի առնչությամբ ՌԴ իշխանությունների, մասնավորապես իր գերատեսչության ցուցաբերած անտարբերությանը:

Հետաքրքիր կլիներ լսել նաեւ Զախարովայի գնահատականները 1980-ականների վերջից, 90-ականների սկզբին Ադրբեջանի բոլոր հայկական գյուղերում` հայերի ֆինանսական միջոցներով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին կառուցված հուշարձանների վերացման բազմաթիվ փաստերի վերաբերյալ:

Բայց Հայաստանում միամիտներ, կարծես, չեն մնացել: Ի՞նչ սպասես մի պետության իշխանություններից, որոնք ներել են ռուսական ուղղաթիռների հարվածները թուրքական եւ ադրբեջանական պետությունների կողմից, ռուս դեսպանի սպանությունը` Թուրքիայում, ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքներում ռուսական բանակի բարձրաստիճան սպայի եւ եւս չորս ռուս զինվորականների սպանությունը Արցախում` թուրքական հատուկ ստորաբաժանումների կողմից:

Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղադրված ծաղկեպսակների նկատմամբ ոտնձգությունը եւ վերոնշյալ մյուս փաստերի նկատմամբ ռուսական իշխանությունների ցուցաբերած անտարբերությունը, վստահաբար, համեմատելի չեն: Հայաստանի ցանկացած քաղաքացու ուղեղում առավել սուր հարցեր են առաջանում ռուսական քաղաքականության վերաբերյալ, նրանք կարող են բարձրաձայնել դրանց մասին: Հետեւաբար, խորքային հարցը մնում է հետեւյալը` ո՞ւմ են մեղադրում ռուսական իշխանությունները ընդդեմ Ռուսաստանի «Հայաստանում սանձազերծված արշավի» մասին խոսելով: Դա գերազանց իրենք են իրականացրել ու շարունակում են իրագործել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829