Լրահոս
Օրվա լրահոսը

Աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով հստակություն չկա

Փետրվար 02,2024 14:00

ՀՀ սնանկության դատարանի 2020 թվականի օգոստոսի 31-ի վճռով թոշակառու Լյուդմիլա Վաղարշակի Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Անձնական խնդիրների հետ կապված նա 6000 դոլարին համարժեք վարկ էր վերցրել բանկերից մեկից, ապա չէր կարողացել մարել… 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Լ. Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվում Արայիկ Սարգսյանը: Սնանկության դատարանի 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ թույլատրվում է Լյուդմիլա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանին՝ նրան սեփականության իրավունքով պատկանող Երեւանի Աջափնյակ թաղամասի շենքերից մեկում Հովհաննիսյանի անշարժ գույքի վաճառքն իրականացնել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 24 700 000 ՀՀ դրամ: Աճուրդի անցկացման օր է նշանակվում 2022 թվականի հունվարի 25-ը: Այս խախտումներն առաջին դատական ատյանում հանգեցնում են աճուրդի անվավերության:

Ըստ հայցվորի (ներկայացուցիչներ Ն. Սամսոնյան, Մ.Մանուկյան)` «Աճուրդն անցկացվել է աճուրդի մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո 39-րդ օրը, աճուրդի պրոցեսը չի ձայնագրվել եւ չի տեսագրվել»: Աճուրդի մասնակցության համար հայտ է ներկայացնում պատասխանող Ա. Դավթյանը:

Լյուդմիլա Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացնում դատարան ընդդեմ իր՝ սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի, Ա. Դավթյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Սնանկության դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ Լ. Հովհաննիսյանի հայցադիմումը ընդունում է վարույթ: Հովհաննիսյանի ներկայացուցիչը հայցադիմումին կից միջնորդություն է ներկայացնում ՀՀ սնանկության դատարան, որով խնդրում է արգելել Լ. Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանին՝ իր վստահորդին պատկանոդ գույքի՝ 25.01.2022 թվականին անցկացված բաց դասական եղանակով աճուրդի արդյունքում եւ/կամ հիման վրա որեւէ անձի հետ պայմանագիր կնքել, արգելել ՀՀ կադաստրի կոմիտեին՝ գրանցելու Լ. Հովհաննիսյանին պատկանոդ գույքի՝ 25.01.2022 թվականին անցկացված բաց դասական եդանակով աճուրդի արդյունքում կնքված պայմանագրից բխող իրավունքը, արգելել սնանկության գործով կառավարչին մինչեւ սույն գործի ավարտը Լ. Հովհաննիսյանին նրա բնակարանում գտնվոդ այլ անձանց վտարելու պահանջ եւ/կամ միջնորդություն ներկայացնել եւ/կամ այդ ուդդաթյամբ որեւէ գործողություն կատարել:

Առաջ ընկնելով ասեմ, որ տարեց կինը որդու, նրա ընտանիքի երեք անդամների (կին, երկու երեխաներ) բնակվում է դեռ իր երկու սենյակը երեք դարձրած բնակարանում:

Ի դեպ, այն տարիներ առաջ գնահատվել է 50-60 000 դոլարին համարժեք դրամ:

ՀՀ սնանկության դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ կիրառվում է հայցի ապահովման միջոց, արգելվում է Լ.Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանին՝ Լ. Հովհաննիսյանին պատկանող գույքի՝ աճուրդի արդյունքում եւ/կամ դրա հիման վրա որեւէ անձի հետ պայմանագիր կնքել, ՀՀ կադաստրի կոմիտեին՝ գրանցելու կնքված պայմանագրից բխող իրավունք, Հովհաննիսյանին եւ/կամ նշված բնակարանում գտնվող այլ անձանց վտարելու պահանջ եւ/կամ միջնորդություն ներկայացնել եւ/կամ այդ ուղղությամբ որեւէ գործողություն կատարել:

Թիվ ՍՆԴ/0015/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Ա. Դավթյանի կողմից 2022 թվականի մարտի 16-ին ներկայացվում է միջնորդություն՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին: ՀՀ սնանկության դատարանի 2022 թվականի մայիսի 2-ի որոշմամբ պատասխանող Ա. Դավթյանի միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովման միջոց ձեռնարկելու մասին, մերժվում է:

Ա. Դավթյանի կողմից 2022 թվականի հունիսի 7-ին, 2023 թվականի հունվարի 3-ին ներկայացվում է միջնորդություն՝ հակընդդեմ հայցի ապահովում կիրառելու մասին: Լ. Հովհաննիսյանի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը 2023 թվականի փետրվարի 1-ին ներկայացնում է առարկություն՝ հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդության վերաբերյալ: Դատարանը մերժում է պատասխանողին, իսկ պատասխանողը բացարկ է հայտնում դատավոր Տիգրան Փոլադյանին: ՀՀ սնանկության դատարանը հուլիսի 19-ի որոշմամբ Ա. Դավթյանի բացարկի միջնորդությունը մերժում Է:

Սնանկության դատարանի 22.02.2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ պատասխանող Ա. Դավթյանի միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովման միջոց ձեռնարկելու մասին, կրկին մերժվել է: Քաղաքացիական գործով դատաքննությունն սկսվում է 2023 թվականի փետրվարի 27-ին: Ն. Սամսոնյանը հայտնել էր, որ ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍՆԴ/1843/04/20 սնանկության գործով 24.08.2021 թվականին կայացված որոշմամբ թույլատրվելու է հրապարակային սակարկությունների միջոցով իրականացնել Լ.Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքը: Ա. Դավթյանը, ով աճուրդի անցկացման ժամանակ, մեկնարկային գին է առաջարկել 18 006 300 ՀՀ դրամը, հաղթող է ճանաչվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել սակարկությունների միջոցով: Պայմանագիրը կնքվում է սակարկությաններում հաղթած անձի հետ: Սակայն, ըստ հայցվոր կողմի, սնանկության գործով կառավարիչն աճուրդն անցկացրել է աճուրդի մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից 39-րդ օրը. այսինքն՝ մեկ ամսվա ժամկետը լրանալուց հետո:

Դատավոր Տ. Փոլադյանի որոշմամբ՝ Լ.Հովհաննիսյանի հայցն ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանի, Ա. Դավթյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվում է:

Անվավեր է ճանաչվում Լ. Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի կողմից անցկացված Լ. Հովհաննիսյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Հետեւում է պատասխանող Ա. Դավթյանի վերաքննիչ բողոքը (դատավորներ Ս. Թորոսյան, Ն. Մարգարյան, Կ.Համբարձումյան կազմով):

Վերաքննիչ դատարանը բավարարում է Ա. Դավթյանի բողոքը, բեկանում է սնանկության դատարանի 2023թ. մարտի 14-ի որոշումը, փոփոխում այն:

Հովհաննիսյանի ներկայացուցիչները դիմում են ՀՀ վճռաբեկ դատարան: Բողոքաբերը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել էր մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտման առերեւույթ առկայությունը՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ ու 79-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ եւ 465-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբեր կողմի՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանի կողմից 2022 թվականի հունվարյան աճուրդում վաճառքի է դրվել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, որի արդյունքում տարեց կինը, նրա ընտանիքը զրկվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: 2023 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը չորս հոգանոց կազմով (նախագահող, զեկուցող Գ.Հակոբյան) որոշում է կայացնում մերժել վարույթ ընդունել այս գործը:

Երեկվա դրությամբ պատկերը հետեւյալն է. պատասխանող Ա.Դավթյանը, ով աճուրդով գնել է բնակարանը, գումարը տվել է կառավարչին, որը ոչ միայն բանկին չի փոխանցել գումարը, այլ նաեւ Հովհաննիսյանին: Ա.Դավթյանը չի կարողանում տիրապետել այդ գույքը, միեւնույն ժամանակ կառավարչի գործողությունների պատճառով Հովհաննիսյանը նույնպես չի ստացել իրեն հասանելիքը, էլ չենք խոսում տարօրինակ աճուրդում բնակարանի «գինը գցելու», դրանից բխող ծանր հետեւանքների մասին: Բացեք պաշտոնական կայքը՝ այս օրերին աճուրդի դրված բնակարանների գներին ծանոթանալու համար, այդ թվում Հովհաննիսյանի վարչական տարածքի բնակարանների գները…

«Սնանկության մասին» օրենքի հոդված 25-ում սահմանված է. «Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը կամ պարտատերը համարվում է ապահովագրական գումարի շահառու: Կառավարչի մեղքով շահառուներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական գումարից, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից»: Արժե հիշեցնել, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.1-րդ եւ 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգնվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետեւանքով գույքի նկատմամբ դադարած այլ իրավունքները եւ արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը եւ պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Այս գործով հայցվորի հայրանունը, չգիտես ինչու, դարձել է «Վաղինակ», եւ հետագա բոլոր փաստաթղթերում այլեւս հիշատակվում է միայն այդ հայրանունով:

«Առավոտ» օրաթերթ
01.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829