Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ այսօր իրականացվում է Երևանում, վանդալիզմ է․ զանգվածային հատումը դատավճիռ է բնակչության համար»․ Քրիստինա Վարդանյան

Ապրիլ 04,2024 15:06

«Այն, ինչ այսօր իրականացվում է Երևանում, բառիս բուն իմաստով վանդալիզմ է։ Զանգվածային հատումը դատավճիռ է բնակչության համար»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց Երևանի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, ԵՊԲՀ-ի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։

Նա նշեց՝ թեղիների խնդիր ունենք, բայց խնդրին պետք է տալ մասնագիտական և գիտական մոտեցում․ «Իրականացվում է զանգվածային ծառահատում Երևանում՝ նման կիսաանապատային քաղաքում, որտեղ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ ունենք՝ տասն օրով կան ջրանջատումներ, պետք է մեքենաներով ոռոգենք նորատունկ ծառերը, ինչը հավելյալ խնդիր է, առանց այն էլ սակավ բանվորական ռեսուրսի պարագայում։ Մենք ունենք գլոբալ լուրջ խնդիրներ և իրականացնում են զանգվածառային ծառահատումներ»։

Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ եթե խոսենք Երևանի ապագայի մասին, ապա սպասվում է շատ տխուր ապագա, որովհետև ի սկզբանե մենք ունենք ելակետային վատ վիճակ․ «Ունենք հսկայական չվերահսկվող, սանիտարական նորմերին չհամապատասխան շինարարություն, 30-ից ավելի բաց հանքեր, որոնք գործում են Երևանում, ունենք գերավտոտրանսպորտի քանակ, չլուծված տրանսպորտային համակարգի ռեֆորմ, որը ինչպես հարկն է չի իրականացվել, ի հետևանք ունենք խցանումներ, որոնց պարագայում արտանետումների մակարդակն ավելի բարձր է։

Ունենալով այսպիսի խնդիրներ՝ մեր պաշտպանական վահանը կանաչ տնկարկներն են։ 4-5 անգամ պակաս լինելով պահանջվող հիգիենիկ նորմից՝ մենք որոշում ենք կայացրել, որ քաղաքի կենտրոնական հատվածում յոթ փողոցում պետք է իրականացնենք զանգվածային ծառերի հատման ծրագիր՝ տասնյակ տարիներ սպասենք, թե երբ են այս ծառերը մեծանալու և իրենց էկոծառայությունն իրականացնելու։ Ծրագիրն իրականացվում է զանգվածային բնույթով, տնկվող ծառերը բացարձակապես չեն համապատասխանում Երևանի կլիմայական շատ ծանր պայմաններին։ Այդ ծառատեսակները շատ պահանջկոտ են միկրոկլիմայի նկատմամբ։ Այս ծառերը Երևանի պայմաններում պետք է այգի-պուրակային տարածքներում ու պաշտպանվող տարածքներում օգտագործել և հատուկենտ, այլ ոչ թե զանգվածներով։

ԽՍՀՄ ժամանակ մեր հմուտ դենդրոլոգները արել էին գրագետ լուծումներ և այս բոլոր ծառատեսակները, որոնք նշեցի, հանդիպում են Երևանի այգի-պուրակների տարածքներում, Մետրո երիտասարդականի հարակից պուրակում, Օղակաձև զբոսայգում, այսինքն՝ այս ծառատեսակները հատուկ են դրված դեկորատիվ էֆեկտի ապահովման համար, իսկ փողոցի ճակատագիրը լուծելու համար տնկում էին սոսի, կաղնի, հացենի, թեղի, որոնք ունենք գործառույթ իրականացնելու, քանի որ բարձր հարթակի ծառեր են, իսկ ստվերը համապատասխանում է ծառի բարձրությանը և սաղարթի լայնությանը, դրանք ամբողջովին ծածկում էին ասֆալտի մակերեսը։ Իսկ սրանք ամենակարևոր խնդիրներն են, որոնք պետք է հարավային քաղաքում լուծի կանաչապատումը՝ պաշտպանել բնակչությանը ջերմային սթրեսից, որովհետև դա հանգեցնում է արյան մակարդակի բարձրացման, ինչը հանգեցնում է ինֆարկտների, ինսուլտների, իսկ հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանում է ծառերի սաղարթը, քանի որ դրանք քաղցկեղածին բնույթ ունեցող ճառագայթներ են։ Այս խնդրին համարժեք լուծում պետք է առաջարկվի, որովհետև կանաչապատումն առողջապահության մասին է, կանաչապատումը գեղեցկության մասին չէ․ գեղեցիկ է, երբ գրագետ է»։

Ըստ Քրիստինա Վարդանյանի՝ գիտատեխնիկական խմբի 13 մասնագետներից յոթը ՀՈԱԿ-ի աշխատակիցներ են և չունեն լիազորություն նման եզրակացություն կազմելու համար, որովհետև ծառաբան չեն․ «Մեկ հոգի բնապահպանության վարչության ներկայացուցիչն է, հինգ հոգին մասնագիտական բլոկն են ներկայացնում, որոնք չեն ներկայացնում պետական ինստիտուտներ։ Նման ռեֆորմն իրականացվում է առանց որևէ ինստիտուցիոնալ մոտեցման։ Չկա փոխհարաբերություն քաղաքապետարան- բուսաբանության, կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի, առողջապահության ազգային ինստիտուտի միջև՝ այն գիտական կենտրոնների, որոնք ուղղակի փոխկապակցված են այս խնդրի հետ։ Պետական ինստիտուտները որևէ ձևով ներգրավված չեն այս ծրագրի մեջ։ Շրջանցել են ՇՄԱԳ հետազոտությունը՝ հատելով ծառերը, չունենք գնահատական, թե ինչ է լինելու շրջակա միջավայրի հետ»։

Քրիստինա Վարդանյանը հայտնեց՝ երկու հայցադիմումով դիմել են դատարան․ «Դատական կարգով փորձելու ենք ստանալ մեր հարցերի պատասխանը, որ պաշտպանենք երևանցիներին՝ մեզ տված մանդատի շրջանակներում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930