Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե խնդիրը փորձեն որակել զինծառայողի քնելու հետ կապված, դա չէ հիմնական խնդիրը, այլ նվաստացնող վերաբերմունքը կանխելը»․ Արթուր Սաքունց

Փետրվար 02,2024 22:40

«Կենտրոնանալ կամ փորձել քնելու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, տեղին չէ, ավելին նույնիսկ դա չէ կարևորը։ Դրա հետ կապված էլ պիտի մտածել՝ ինչո՞ւ է զինծառայության նկատմամբ վերաբերմունքն այդպիսին, որ լրակազմ չկա։ Իհարկե, դեմոգրաֆիկ վիճակն է բավականին մտահոգիչ, բայց շատ ավելի փոքր բնակչություն ունեցող պետություններն իրենց զինծառայությունը կազմակերպում են այնպես, որ ունենան իրավունքահեն, մարդակենտրոն ծառայություն»,-Aravot.am-ի հարցին՝ տրամաբանակա՞ն է արդյոք զինծառայողների՝ մարտական հենակետում քնելու հանգամանքը ընդհանրացել և որպես վատ վերաբերմունքի, այնուհետև ծայրահեղ քայլի գնալու առիթ դիտարկել, այսպես պատասխանեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) նախագահ Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք՝ ՀՀ զինդատախազի տեղակալն ու ՀՀ ԶՈՒ գնդապետը «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում» թեմայով հանրային քննարկման ժամանակ նշեցին, որ ոչ կանոնադրային հարաբերությունների գերիշխող պատճառը զինծառայողի՝ մարտական հենակետում քնելն է։

Արթուր Սաքունցն անդրադարձավ ՊՆ ներկայացուցիչների մեկնաբանությամբ ծառայողների թվաքանակի կրճատման կամ նվազման հետ կապված մարտական հերթապահությունը փաստորեն 4 հերթափոխի փոխարեն 3 հերթափոխով կազմակերպելու դեպքում որոշակի ծանրաբեռնվածություն առաջանալու մասին հայտարարություններին։ Նա ասաց․ «Բայց նաև նշեցին, որ ոչ բոլոր և դրանով պայմանավորված գուցե առանձին դեպքեր տեղի ունենան, երբ քնելու գործոնը առիթ լինի վատ վերաբերմունքի կամ գնահատականների և դրա հիման վրա այնպիսի վատ վերաբերմունք դրսևորվի, որն ունենա շարունակական բնույթ և հասցնի մարդուն ծայրահեղ քայլի։ Կարող է լինել, բայց ամբողջ սպանության և ինքնասպանության դեպքերի՝ որպես միակ, գլխավոր պատճառ ներկայացնելը, կարծում եմ անհիմն է»։

Արթուր Սաքունցն ասաց՝ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ ինքնասպանության հասցնելու կամ սպանության դեպքերի դրդապատճառները բոլորովին այլ պատճառներով են լինում․ «Երբ ճնշում են թույլին, այդ բարքերը առանձին՝ գոնե մեր քրեական գործերով, հիշում եմ, որ ներգրավված ենք, ավելի շատ պայմանավորված են ավելի թույլ մարդու նկատմամբ ուժեղների ճնշմամբ, որի հետևանքով արժանապատվությունը նվաստացնող շարունակական վերաբերմունքի հետևանքով են։ Եվ այս առումով հարց է առաջ գալիս, թե ով է վերահսկում զինծառայությունը։ Ոչ պատշաճ, ոչ արդյունավետ վերահսկողության հնարավոր խնդիրները և ռիսկերը արձանագրելը ու բացահայտելը և դրանց ուղղությամբ աշխատելու մասին է խոսքը։ Երբ չեն արվում, մարդը մնում է միայնակ իր խնդիրների հետ։ Մի մասն էլ անտարբեր են մնում, դրա համար էլ ԵԽ Նախարարների կոմիտեի բանաձևում կա ազդարարման ինստիտուտի մասին»։

Ըստ Արթուր Սաքունցի՝ նույնիսկ, եթե խնդիրը փորձեն որակել քնելու հետ կապված, դա չէ հիմնական խնդիրը, այլ այն, որ անկախ փաստերի անվանումից փաստով պայմանավորված վատ, նվաստացնող վերաբերմունքը կանխելու մասին է խոսքը․ «Թե չէ ամբողջ ուշադրությունը դարձնել առիթներին, տարօրինակ է։ Կարող է ցանկացած առիթ լինել․ օրինակ՝ այնպես չպահեց իրեն, էն արտահայտությունը չարեց և այլ։ Կարող են տարբեր լինել։ Խնդիրն առիթների մեջ չէ, այլ թե անկախ առիթի վերաբերմունքն ինչպիսին է։ Մանավանդ այս վիճակում տարակուսում եմ՝ ունենալով այդպիսի արտաքին մարտահրավերներ, այն էլ մարտական հերթապահության իրականացման տեսակետից փոխօգնությունը, մեկ թիմ լինելը, սա պետք է լինի գերակա»։

Մանրամասները` տեսանյութում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829