Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ կանոնադրային հարաբերությունների գերիշխող պատճառը զինծառայողի՝ մարտական հենակետում քնելն է»․ ՀՀ զինդատախազի տեղակալ

Փետրվար 02,2024 21:12

«Ոչ կանոնադրային հարաբերությունների հիմնական, գերիշխող պատճառն այն է, որ զինծառայողը մարտական հենակետում քնում է, և այդ հանգամանքը հայտնի դառնալուց հետո միշտ հաջորդում են ողբերգական դեպքեր»,- «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ զինդատախազի տեղակալ Կարեն Հարությունյանը։

Նա ցավով նշեց, որ որևէ կերպ մինչ օրս դա արմատախիլ անել հնարավոր չի եղել։ Ըստ նրա՝ զինծառայողի՝ մարտական հենակետում քնելը պատճառ է դառնում նրա նկատմամբ հետագայում վատ վերաբերմունքի։ Վստահեցրեց՝ իրենց կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, համոզված են, որ ՊՆ-ն իր կողմից ևս իրականացնում է համապատասխան միջոցառումներ․ «Նոր զինծառայության անցած երիտասարդների հետ հնարավորինս միշտ անձնակազմը փորձում ենք այնպիսի համադրությամբ կազմակերպել, որ լինեն փորձառու զինծառայողներ։ Նոր զորակոչված զինծառայողի կողքին մարտական հենակետում ծառայություն իրականացնում է ավելի փորձ ունեցող զինծառայողը»։

Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության, զինվորական կարգապահության և սոցիալ-իրավական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Մանուչարյանն ասաց․ «Քնելու հետ կապված խնդիրն այսօր բանակում մեծ անհանգստություն է պատճառում, մանավանդ 2020-ի 44 օրյա մարտական գործողություններից հետո, երբ մեր պետական սահմանը կարելի է ասել փոխվեց, բնագիծը մեծացավ, անձնակազմի ընդգրկվածությունը մեծ եղավ, եթե այն ժամանակ կարողանում էինք իրականացնել չորս հերթափոխով, շատ տեղերում արդեն կարողանում ենք մի կերպ երեք հերթափոխով իրականացնել մարտական հերթապահություն։ Տեսնելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝  2020-ի զինադադարից հետո մենք ունեցել ենք հակառակորդի կողմից շատ գործողություններ, որոնք հանգեցրել են մահվան ելքով դեպքերի։

Այդ առումով զինծառայողների մոտ գաղափար կա սերմանված, որ պետք է մարտական հերթապահության ժամանակ, երբ զինծառայողը դիտորդի պարտականություններն է կատարում, այդ ժամանակ միշտ զգոն պետք է գտնվի, որ հակառակորդը չօգտվի այդ առիթից ու սև գործը չանի։ Նրանց մեջ այդ հանգամանքով պայմանավորված՝ ստեղծվել է մի՝ այսպես ասած գաղափար, որ պետք է մարտական դիրքերում չքնել, եթե քնում ես, ուրեմն թեթև ասած վատ մարդու զավակ ես։ Այդ պատճառով զինծառայողներն ամեն ինչ անում են, որ չքնեն։ Ովքեր քնում են, իրենք էլ չասեմ բոլոր դեպքերում, բայց շատ դեպքերում՝ նամանավանդ վերջին տարիներին մեր ինքնասպանությունների կամ ինքնասպանության հասցնելու շատ դեպքերով ունենք քնելու հետ կապված հանգամանքը, երբ զինծառայողը քնում է, նրան վերագրում են վատ մարդ լինելու, վատ մարդու զավակ լինելու հանգամանքը, և արդյունքում ստացվում է՝ այդ խոսակցությունները տանում են այն աստիճանի, որ զինծառայողը գնում է ծայրահեղ քայլի»։

Գնդապետն ասաց՝ երբ իմացել են այդ խնդրի մասին, միջոցներ են ձեռնարկել, որի համար ԳՇ պետի հրաման է արձակվել, գրություններ ուղարկվել։ ԶՈՒ վարչակազմերը գնում են շաբաթը մեկ անգամ մարտական դիրքեր, գիշերում այնտեղ և զինծառայողների հետ փորձում են ընկերական մթնոլորտ ստեղծել, օգնել նրանց, հասկանալ նրանց խնդիրները, որպեսզի աջակցեն, որ կարողանան այդ խնդիրը արմատախիլ անել նրանց միջից։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829